Սրտի արտաքին թաղանթը կամ էպիկարդը (epicardium) պերիկարդի ընդերային թերթիկն է (pericardium): Էպիկարդը կազմված է բարակ (0,3–0,4 մմ–ից ոչ ավելի) շարակցահյուսվածքային թիթեղից, որը խիստ սերտաճում է միոկարդի հետ: Նրա ազատ մակերեսը ծածկված է մեզոթելով: Էպիկարդի շարակցահյուսվածքային հիմում տարբերում են կոլագենային թելերի մակերեսային, էլաստինային թելերի, կոլագենային թելերի խորանիստ շերտերը ու խորանիստ կոլագենա–էլաստինային շերտը, որը կազմում է էպիկարդի ամբողջ հաստության 50%–ը: Նախասրտերում ու փորոքների որոշ հատվածներում վերջին շերտը բացակայում է կամ խիստ փուխր է: Այստեղ երբեմն բացակայում է նաև մակերեսային կոլագենային շերտը: Էպիկարդի ու պերիկարդի միջև կա ճեղքաձև տարածություն, որը պարունակում է քսուկի դեր կատարող ոչ մեծ քանակի հեղուկ: 

Պերիկարդում շարակցահյուսվածքային հենքը զարգացած է ավելի ուժեղ, քան էպիկարդում: Հատկապես նրա խորանիստ շերտում շատ կան էլաստինային թելեր: Պերիկարդի մակերեսը, որն ուղղված է դեպի սրտապարկային խոռոչ, նույնպես ծածկված է մեզոթելով: Արյունատար անոթների երկայնքով կան ճարպային բջիջների կուտակումներ: Էպիկարդն ու սրտապարկի առպատային թերթիկն ունեն բազմաթիվ նյարդային վերջավորություններ, գերազանցապես՝ ազատ տիպի: 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին