էպիֆիզը (վերին մակուղեղ կամ կոնաձև գեղձ) տեղադրված է քառաբլուրների տակ, գլխուղեղի կիսագնդերի միջև։ Գեղձը ոտիկով կապված է երրորդ փորոքի պատի էպենդիմայի հետ, որը կոչվում է սուբկոմիսուրալ օրգան։ Գեղձն ունի նյարդագլիային ծագում։ Գեղձի հիմնական հյութազատական տարրերը պինեալոցիտներն են, որոնք բաժանվում են խոշոր բաց և մանր մուգ բջիջների։ էպիֆիզի արյունամատակարարումն իրականանում է ողնաշարային և ներքին քնային զարկերակների համակարգով։ Գեղձը նյարդավորվում է, պարանոցային վերին սիմպաթիկ հանգույցից եկող սիմպաթիկ թելիկներով։ Բացահայտվել են նաև նյարդային կապեր երիզային համակարգի կառույցների հետ։ էպիֆիզից անջատված հիմնական ֆիզիոլոգիական ակտիվ նյութերն են սերոտոսինն ու մելատոնինը։ Նրանք առաջանում են տրիպտոֆան ամինաթթվից կամ էպիֆիզում, կամ սուբկոմիսոտալ օրգանում։

Նրանց սինթեզը խթանվում է նորադրենալինի ազդեցությամբ։ Սերոտոնինի սինթեզը սպեցիֆիկ չէ միայն էպիֆիզի համար, սակայն սերոտոնինի խտությամբ էպիֆիզը գերազանցում է մնացած օրգաններին։ Այդ նյութը գրավում է միջանկյալ տեղ հորմոնների և միջնորդանյութերի միջև։ Կենտրոնական նյարդային համակարգում այն կատարում է միջնորդանյութի ֆունկցիա։ Սերոտոնինը նեղացնում է զարկերակիկները և բարձրացնում է արյան ճնշումը, ուժեղացնում է աղիքների գալարակծկանքը, թողնում է հակամիզամուղ և այլ ազդեցություններ։

Մելատոնինը էպիֆիզում սինթեզվող հիմնական նյութն է։ էպիֆիզում է գտնվում տրիպտոֆանից և սերոտոնինից մելատոնինի սինթեզման համար անհրաժեշտ ֆերմենտների ամբողջ հավաքակազմը։ Մելատոնինը մասամբ արտադրվում է նաև սերոտոնին սինթեզող այլ հյուսվածքներում։ Դրանք են որդանման ելունը, երիկամները, ենթաստամոքսային գեղձը, անոթների էնդոթելը, աչքի ցանցաթաղանթը, սիմպաթիկ հանգույցները և այլն։ էպիֆիզում մելատոնինի արտադրությունը խթանվում է պինեալոցիտները նյարդավորող սիմպաթիկ վերջույթներում սինթեզվող նորադրենալինի ազդեցությամբ, որի արտադրությունը կտրուկ արգելակվում է լույսի պայմաններում և ընդհակառակը, ակտիվանում է մթության ժամանակ։ Մելատոնինի սինթեզի և հյութազատության կարգավորման նեյրոնային ուղին սկսվում է աչքի ցանցաթաղանթից՝ ցանցաենթատեսաթմբային ուղիով։ Ենթատեսաթմբից տեղեկատվությունը հաղորդվում է պարանոցային վերին սիմպաթիկ հանգույցին, որտեղից   հետհանգույցային   նյարդաթելերով հասնում է էպիֆիզին և որոշում մելատոնինի հյութազատության արագությունը։ Այսպիսով լուսավորվածության իջեցումը բարձրացնում է էպիֆիզի սիմպաթիկ նյարդի վերջույթներում նորադրենալինի արտադրությունը, հետնաբար նաև մելատոնինի արտադրությունը և ընդհակառակը։ Դրա հետ կապված, մարդու օրգանիզմում մելատոնինի օրական արտադրության մոտ 70 %-ը կատարվում է գիշերվա ժամերին։ Ցույց է տրված մելատոնինի սինթեզի և հյութազատության ուժեղացումը թերշարժական ստրեսի և հիպոգլիկեմիայի պայմաններում։ Մննդի ընդունման պարբերականությունն ու սննդի մեջ տրիպտոֆանի քանակը ևս կարող են ազդել հորմոնի սինթեզի արագության վրա։

Արյան և ողնուղեղային հեղուկի մեջ հյութազատված մելատոնինը ունի կիսաքայքայման կարճ շրջան՝ բավականաչափ արագ ապաակտիվանում է լյարդում և արտազատվում է մեզի միջոցով։ Մեզի միջոցով մելատոնինի գումարային արտազատումը կլինիկայում դիտվում է որպես նրա հյութազատության մակարդակի գնահատման ցուցանիշ։ Մելատոնինը, ինչպես երևում է անվանումից, մասնակցում է երկկենցաղ կենդանիների մաշկի և ձկների թեփուկների գունավորման փոփոխությանը։ Նրա ազդեցությամբ մաշկի մելանոֆորներում տեղի է ունենում գունակի հատիկների միացքավորում։ Հետևաբար մելատոնինը հիպոֆիզի մելանոցիտխթանիչ հորմոնի անտագոնիստն է։ Մարդու գունակավորման վրա մելատոնինը գործնականորեն չի ազդում։ Մարդկանց և կաթնասուների օրգանիզմում մելատոնինի հիմնական ֆիզիոլոգիական ազդեցությունը գոնադոտրոպինների հյութազատության արգելակումն է, որն իրականանում է ինչպես ենթատեսաթմբի գոնադոլիբերիեների, այնպես և ադենոհիպոֆիզի գոնադոտրոպինների հյութազատության արգելակման ճանապարհով։ Բացի դրանից մելատոնինն իջեցնում է հիպոֆիզի նաև այլ հորմոնների թիրեոտրոպինի, կորտիկոտրոպինի և սոմատոտրոպինի արտադրությունը։ Ուստի դեռահաս կենդանիների էպիֆիզի հեռացումն ուղեկցվում է հիպոֆիզի բջիջների միտոզային ակտիվության և նշված բոլոր տրոպ ֆունկցիաների ուժեղացումով։

Մարդկանց մելատոնինի ներմուծումն առաջացնում է քնկոտություն ե էյֆորիա։ Ենթադրում են, որ այն նպաստում է քնի հակասական փուլի զարգացմանը։ Քթի մեջ 0,85 % մելատոնինի լուծույթի մի քանի կաթիլի կաթեցումն առաջացնում է մինչև երկու ժամ տևողությամբ խոր քուն։ Այդ պատճառով երեկոյան և գիշերային ժամերին, երբ ավելանում է մելատոնինի սինթեզը, ուժեղանում է քնկոտության, դանդաղկոտության, ընկճվածության վիճակը։ Բացի դրանից ցերեկային ժամերին մելատոնինի սինթեզի իջեցումն ապահովում է գունազգացությունը աչքի ցանցենում։ Կան տվյալներ հորմոնի հակաուռուցքային և ճառագայթապաշտպանիչ դերի մասին։ Ցույց է տրված, որ էպիֆիզի մզվածքի հիպոգլիկեմիկ, հիպոկալցեմիկ և միզամուղ ազդեցությունները կապված են ոչ միայն մելատոնինի, այլև էպիֆիզում արտադրվող կենսաբանական այլ ակտիվ նյութերի` սերոտոնինի, հիպերկալցեմիկ գործոնի, ադրենոգլոմերուլոտրոպինի և այլ նյութերի ազդեցության հետ։ Մելատոնինն ապահովում է ներզատիչ ֆունկցիաների ու նյութափոխանակության կենսառիթմերի կարգավորումը օրգանիզմը լուսավորվածության տարբեր պայմաններին հարմարեցնելու համար։ Դրա հետ կապված էպիֆիզը անվանում են օրգանիզմի «կենսաբանական ժամացույց»։ Այդ ֆունկցիան էպիֆիզն իրագործում է ենթատեսաթմբի վերխաչվածքային կորիզի հետ միասին։

Մելատոնինի հյութազատությունը ենթարկված է հստակ ռիթմի, որը որոշում է գոնադոտրոպ էֆեկտների և սեռական ֆունկցիաների ռիթմիկությունը, այդ թվում նաև կանանց դաշտանային ցիկլի տևողությունը։ Այդ պատճառով տղաների սեռահասունացման նախօրեին արյան մեջ մելատոնինի մակարդակը իջնում է, որը սեռահասունացման շրջանը «գործարկող» բարդ ազդանշանի մի մասն է։ Կանանց օրգանիզմում մելատոնինի ամենաբարձր մակարդակ դիտվում է դաշտանի ամենացածր` ձվազատման ժամանակ։ Այդ շրջաններում, բնական է, փոխհակադարձ փոխվում են էստրոգենների մակարդակները: Կլինիկական տեսակետից կարևոր են պինեալոցիտների ֆունկցիայի բարձրացումով կամ իջեցումով ուղեկցվող վիճակները։ Այսպես, էպիֆիզի ուռուցքները կարող են իջեցնել սեռական ֆունկցիան կամ մելատոնինի ուժեղացած հյութազատության հաշվին, կամ ենթատեսաթմբի գոնադոլիբերիններ հյութազատող նյարդային բջիջների և հաղորդող ուղիների ճնշման կամ քայքայման հաշվին։ Մյուս կողմից` այղ կամ մոտ տեղադրված ուռուցքները կարող են բարձրացնել սեռական ֆունկցիան` էպիֆիզի բջիջները քայքայելու ճանապարհով։ Ստրեսային վիճակներում մելատոնինի սինթեզի ու հյութազատության ուժեղացումը սպառնում է գոնադոտրոպ հորմոնների արտադրության և ընդհանրապես սեռական ֆունկցիաների արգելակումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին