Էպիֆիզը մասնակցում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ օվարիալ դաշտանային ցիկլը) պրոցեսների կարգավորմանը: Այլ պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատ. «circa diem» – շուրջ օր): Ցիրկադային ռիթմերը պայմանավորված են ցերեկային և գիշերային լուսափոխմամբ: Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի: Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով: Կլոր բերանավորների, երկկենցաղների և սողունների (մողեսներ) մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք: Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը:

Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով: Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում: Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ: Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների: Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ: Պինեալոցիտները բախշված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով: Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին: Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց: Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ:

Պինեալոցիտների մեջ տարբերում են լուսավոր պինեալոցիտներ (endocrinocytus densus), հոմոգեն լուսավոր ցիտոպլազմայով, և մութ պինեալոցիտներ՝ (endocrinocytus densus)՝ փոքր չափերի ացիդոֆիլ (երբեմն էլ բազոֆիլ) ներառուկներով: Ըստ երևույթին, նշված երկու ձևն էլ ոչ ինքնուրույն տարատեսակներ են: Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների: Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ: Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում: Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած: Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ:

Ֆունկցիաները: Չնայած էպիֆիզի փոքր չափերին՝ նրա ֆունկցիոնալ գործունեությունը բավականին բարդ է և բազմազան: Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը Էպիֆիզդանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը, որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման: Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին: Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը: Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում: Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը: Կարգավորիչ պեպտիդների թիվը, որոնք արտադրվում են պինեալոցիտների կողմից, հասնում է 40–ի: Նրանցից առավել կարևորներն են արգինին–վազոտոցինը, թիրոլիբերինը, լյուլիբերինը և նույնիսկ թիրոտրոպինը: Օլիգոպեպտիդային և նեյրոամինների (սերոտոնին և մելատոնին) հորմոնների առաջացումը որոշում է պինեալոցիտների նեյրոէնդոկրին բնույթը և նրանց պատկանելիությունը APUD–համակարգին:

Կարգավորումը: Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից: Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի:

Տարիքային փոփոխություններ: Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը: Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին