Ենթատեսաթումբ-նյարդահիպոֆիզային համակարգԵնթատեսաթումբ-նյարդահիպոֆիզային համակարգի գործունեության ֆիզիոլոգիական մեխանիզմները
Ենթատեսաթմբից և նյարդահիպոֆիզից անջատվել են երկու պեպտիդային հորմոններ   հակամիզամուղային  հորմոն (ՀՄՀ վազոպրեսին) և օքսիտոցին։ Նրանք արտադրվում են առաջային ենթատեսաթմբի վերտեսողական և հարփորոքային  կորիզների  նյարդահյութազատական բջիջներում և վերջիններիս աքսոններով խոշոր պոլիպեպտիդի ձևով փոխադըրվում են նյարդահիպոֆիզ, որտեղ այդ աքսոններն աքսովազալ սինապսներով ավարտվում են արյան մազանոթների պատերի վրա։ Այդ աքսոնների նշված հորմոնները   պարունակող   նախասինապսային վերջավորությունները կոչվում են կուտակող մարմնիկներ (Հարրինգի մարմնիկներ)։ Հպման տեղերում հորմոններն արտադրվում են նյարդահյութազատական բջիջների դրդման և գործողության պոտենցիալի (ԳՊ) առաջացման ժամանակ, այսինքն` աքսոնային վերջույթներից նյարդամիջնորդանյութերի արտադրման ձևով։ Վերտեսողական կորիզում արտադրվում է առավելապես ՀՄՀ, իսկ հարփորոքայինում օքսիտոցին։

ՀՄՀ-ը առաջատար գործոն է երիկամների օսմոսկարգավորիչ ֆունկցիաների և օրգանիզմի ջրային հաշվեկշռի կարգավորման մեջ։ Հորմոնի այդ ազդեցությունն իրականանում է նեֆրոնի հեռադիր ոլորուն և հավաքող խողովակներում (որտեղ տեղադրված են հորմոնի ընկալիչները)՝ ջրի հետներծծման ուժեղացման մեխանիզմով։ Միաժամանակ ՀՄՀ-ը մեծ (ֆարմակոլոգիական) չափաբաժիններով նեղացնում է նախամազանոթային զարկերակիկները և բարձրացնում արյան ճնշումը, որը հիմք է ծառայել այն անվանելու վազոպրեսին. Ջրի հետներծծման ուժեղացումը հանգեցնում է միզարտադրության բնական փոքրացմանը մեզի օսմոսային խտության (տեսակարար կշռի) բարձրացումով։ Հորմոնի բացակայությունը, ճիշտ այնպես, ինչպես և նյարդահիպոֆիզի թերֆունկցիան, ուղեկցվում է մեծ քանակով մեզի արտահանումով մինչև 25 լիտր մեկ օրում, կամ 18 մլ մեկ րոպեում, որը կազմում է կծիկային ֆիլտրման արագության մոտ 14%-ր։ Հետևաբար, նեֆրոններում ջրի հետներծծման 14%-ը կարգավորվում է ՀՄՀ-ով։ Դա այսպես կոչված ֆակուլտատիվ կամ. կարգավորվող հետներծծում է։ Իսկ ջրի հիմնական մասը առաջնային մեզից հետ է ներծծվում առանց ՀՄՀ-ի մասնակցության` օբլիգատ. (պարտադիր) կամ չկարգավորվող հետներծծման մեխանիզմով։ Մեծ քանակներով մեզի այդպիսի արտադրության սինդրոմը հայտնի է որպես անշաքար միզահյուծություն և շաքարային միզահյուծությունից տարբերվում է մեզում շաքարի բացակայությամբ։ Այդպիսի հիվանդներին բուժում եn ՀՄՀ-ի ներարկումով։

ՀՄՀ-ի հյութազատության կարգավորումն իրականանում է օսմոսընկալիչների օգնությամբ, որոնք տեղադրված են մի շարք անոթային գարիներում և օրգաններում (ծայրամասային օսմոսընկալիչներ), ինչպես նաև ուղեղում, հատկապես ենթատեսաթմբում (կենտրոնական օսմոսընկալիչներ)։ Փորձառորեն դա ցույց է տրված նատրիում քլորիդի գերխիտ լուծույթներով քնային զարկերակի և լյարդի դռներակի հեղուկանցման, ինչպես նաև կերակրի աղի լուծույթով ուղեղի երրորդ փորոքի և ենթատեսաթմբի վերտեսողական ու հարփորոքային կորիզների շրջանի միկրոներարկումների փորձերում։ Այդ պայմաններում դիտվում է միզագոյացման արագության իջեցում (հակամիզարտադրության երևույթ), որպես օսմոսընկալիչների գրգռման և ՀՄՀ-ի մշակման ուժեղացման արդյունք։ Բացի օսմոսային գրգիռներից ՀՄՀ-ի հյութազատության կարգավորմանը մասնակցում են ծավալընկալիչները, նախասրտերի ճնշումընկալիչները և այլն։ Այսպես, հեղուկի (արյան) ծավալի փոքրացումը մեծացնում է ՀՍՀ-ի խտությունը պլազմայում և ջրի հետներծծումը նեֆրոնում։ Դռներակի համակարգում օսմոսն ծավալընկալիչների առկայությամբ է բացատրվում այն փաստը, որ բերանով ջրի ընդունումն ավելի արագ է ուժեղացնում միզարտադրությունը, քան նրա ներերակային ներարկումը։
Այսպիսով, ՀՄՀ-ի հյութազատությունը պայմանավորող պրոցեսների փոխադարձ կապերը հիմք են տալիս ՀՍՀ-ը դիտել որպես հեղուկների օսմոսային ճնշման կայունությունը և համապատասխանաբար ջրի հաշվեկշռի պահպանումը օրգանիզմում կարգավորող համակարգի կարևորագույն տարր։

Օքսիտոցինը հիմնականում ազդեցություն է թողնում արգանդի հարթ մկանունքի և կաթնագեղձի արտատար ծորանների մկանաէպիթելային բջիջների կծկումների վրա։ Կան տվյալներ, որ հորմոնն ունի խթանող ազդեցություն նաև սեռական Ենթատեսաթումբ-նյարդահիպոֆիզային համակարգծորանների հարթ մկանային տարրերի, ինչպես նաև արյունատար անոթների կծկողական ակտիվության վրա։
Հետաքրքիր է, որ կենդանիների արգանդի մկանունքի ռիթմիկ կծկողականության ակտիվությունը դրսևորվում է կտղուցի (էստրոա), հղիության և հատկապես նրա երկրորդ կեսի ժաանակ, երբ արգանդի զգայնությունը զգալի բարձրանում է։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում արգանդի գերզգայնաթյունն օքսիտոցինի նկատմամբ չի իրագործվում արգանդի ակտիվությունը արգելակող հատուկ մեխանիզմի  առկայության պատճառով։ Եվ միայն նախածննդաբերական օրերին ինչ-որ առայժմ անհայտ մեխանիզմներով հանվում է արգելակող ազդեցությունը, և օքսիտոցինն ուժեղացնում է արգանդի կծկողականությունը նպաստելով պտղի արտամղմանը։ Կաթնատվության շրջանում օքսիտոցինն ուժեղացնում է կաթնային ուղիների մկանաէպիթելային բջիջների կծկողականությունը և նպաստում կաթնագեղձերից կաթի արտահանմանը։ Օքսիտոցինի նկարագրված արդյունքները իրագործվում են բջջաթաղանթում տեղադրված օքսիտոցինային ընկալիչների հետ ունեցած փոխներգործության հաշվին։ Այսինքն՝ հին պատկերացումները օքսիտոցինի միջնորդված արդյունքների մասին, որոնք ընթանում են ացետիլխոլինի և M-խոլինընկալիչների միջոցով, հերքվում են։ Դեռ ավելին, հղի կանանց մոտ ացետիլխոլինը ընդունակ չէ ակտիվացնել միոմետրիումը, քանի որ արգանդի հարթ մկանային բջիջները հղիության ու ծննդաբերության ժամանակ ացետիլխոլինի նկատմամբ անդրդելի են։ Տղամարդկանց մոտ օքսիտոցինի ֆունկցիայի մասին տվյալներ քիչ կան։ Ենթադրում են, որ հորմոնը օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի վրա թողնում է ՀՍՀ-ի նկատմամբ մրցակցական ազդեցություն։ Ցույց է տրված նաև սերմնատար խողովակների կծկողական ակտիվությունը խթանող, ինչպես նաև օրգանիզմում ներսածին պիրոգենների արտադրությունը արգելակելու ճանապարհով մարմնի ջերմաստիճանի բարձրացումը շրջափակող ազդեցություն։

Ենթատեսաթմբում օքսիտոցինի հյութազատության ուժեղացում տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով կաթնագեղձի պտուկի և արգանդի վզիկի ռեֆլեքսածին շրջանների մասնակցությամբ։ Պտուկի և արգանդի մեխանաընկալիչների գրգռումը ծծնդաբերությունից անմիջապես առաջ և կրծքով կերակրելու ժամանակ գործարկում է հորմոնի հյութազատության և ազդեցության հետևյալ ռեֆլեքսայիե ուղին` պտուկի մեխանազգայուն ընկալիչներ ենթատեսաթումբ օքսիտոցինի նյարդահյութազատություն արյան մեջ արգանդի և կրծքագեղձի մկանաէպիթելային բջիջների կծկողական ակտիվության ուժեղացում։ Ռեֆլեքսի ժամանակը կազմում է մոտ 30 վրկ։ Հորմոնի հյութազատության այդ ռեֆլեքսային մեխանիզմի հիման վրա առաջարկված է կաթնագեղձի օքսիտոցինի տեստը, որը կիրառվում է մանկաբարձության մեջ ծննդաբերության համար հղի կնոջ պատրաստվածությունը որոշելու նպատակով։ Օքսիտոցինի արտադրության բարձրացման նման մեխանիզմ, որը հայտնի է «Ֆերգյուսսոնի ռեֆլեքս» անունով, գործում է ծննդաբերության սկզբում արգանդի վզիկի ընկալիչների գրգռման (հիմնականում նրա բացման) ժամանակ և ուղեկցվում է արգանդի մկանների ռիթմիկ կծկումների ուժեղացումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին