Ենթատեսաթումբ-ադենոհիպոֆիզային համակարգԵնթատեսաթումբ-ադենոհիպոֆիզային համակարգի գործունեության ֆիզիոլոգիական մեխանիզմները։ Լիբերիններ և ստատիններ
Այս համակարգը ենթատեսաթմբի հիպոֆիզոտրոպ գոտիների (կամարակորիզ, փորամիջային կորիզ և այլն) նյարդաներզատական բջիջներում արտադրվող սպեցիֆիկ նյարդահորմոնների օգնությամբ ապահովում է ադենոհիպոֆիզի հորմոնային ֆունկցիայի հսկողությունը։ Ադենոհիպոֆիզի հորմոնների սինթեզը և հյութազատումը խթանող նյարդահորմոնները կոչվում են ռիլիզինգ-հորմոններ (անգլերեն release բառից, որը նշանակում է ազատել) կամ լիբերիններ, իսկ այդ պրոցեսներն արգելակող հորմոնները` արգելակող հորմոններ կամ ստատիններ։ Նյարդաներզատական բջիջների աքսոններով նրանք հոսում են ենթատեսաթմբի միջնաթմբի շրջան, որտեղ առաջացնում են աքսովազալ սինապսներ հիպոֆիզային վերին զարկերակի ճյուղերով կազմված առաջնային մազանոթային ցանցի հետ։ Այստեղ նրանք անցնում են արյան մեջ և ենթատեսաթումբ-հիպոֆիզային դռներակային համակարգի երակներով մտնում հիպոֆիզի երկրորդային մազանոթային ցանց (հրաշալի ցանց), որտեղից անցնում են հորմոն արտադրող բջիջները։ Ենթատեսաթմբից անջատվել և ճանաչում են գտել ադենոհիպոֆիզի հյութազատիչ բջիջների հորմոն արտադրող ֆունկցիան կարգավորող ինը նեյրոպեպտիդներ։ Նրանցից վեցը լիբերիններ են, իսկ երեքը՝ ստատիններ։


Լիբերիններ են՝ թիրեոլիբերինը, կորտիկոլիբերինը, գոնադոլիբերինը, սոմատոլիբերինը, պրոլակտոլիբերինը և մելանոլիբերինը։ Ստատիններ են՝ սոմատոստատինը, մելանոստատինը, պրրոլակտոստատինը։ Իրենց անվանումը նրանք ստացել են հիպոֆիզի այն հորմոնների անուններից, որոնց արտադրությունը նրանք կարգավորում են։
Բոլոր ենթատեսաթմբային նյարդահորմոնները պեպտիդներ են։ Հտաքրքիր է, որ նրանցից մի քանիսը հայտնաբերվում են ուղեղի նաև այլ բաժիններում և նույնիսկ այլ օրգաններում, որտեղ նրանք, ինչպես ենթադրում են, կատարում են նյարդամիջնորդանյութի դեր։ Այսպես, թիրեոլիբերինը հայնաբերված է ուղեղիկում, տեսաթմբում, իսկ սոմատոստատինը ուղեղի այլ կառույցների հետ նաև աղիքներում, ենթաստամոքսային գեղձում, որտեղ նույնպես այն կատարում է հյութարտադրությունը արգելակող իրեն բնորոշ ֆունկցիա։
Ադենոհիպոֆիզը արտադրում է պեպտիդային բնույթի յոթ հորմոններ։ Նրանցից չորսը թողնում են անմիջական կարգավորիչ ազդեցություն, այլ ներզատիչ գեղձերի հյութազատությաե վրա, ուստի, և կոչվում են գլանդոտրոպիններ (glandulus, գեղձ)։ Մնացած երեք հորմոնները ուղղակի ներգործում են այս կամ այն ֆունկցիաների վրա, այսինքն՝ նրանց ազդեցությունը միջնորդված չէ այլ գեղձերով։ Այդ պատճառով նրանք կոչվում են էֆեկտոր հորմոններ:

Գրանդոտրոպների խմբին են պատկանում ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ), թիրեոտրոպ (ԹՏՀ), ֆոլիկուլախթանիչ (ՖԽՀ) և լյուտեինացնող (ԼՀ) հորմոնները։ Վերջին երկու հորմոնները կոչվում են նաև գոնադոտրոպ հորմոններ։ էֆեկտորներ են՝ աճի հորմոնը (ԱՀ) կամ սոմատոտրոպ հորմոնը (ՍՏՀ), լյուտեոտրոպ հորմոնը (ԼՏՀ) կամ պրոլակտինը (ՊՐԼ) և մելանոցիտխթանիչ հորմոնը (ՄԽՀ): Այլ կերպ նրանք կոչվում են թիրեոտրուկին, սոմատոտրոպին, կորտիկոտրոպին և այլն։ Ընդհանուր առմամբ դժվար չէ հասկանալ, որ թվարկված հորմոնների անվանումները կապված են իրենցով կարգավորվող պրոցեսների և ներզատական օրգանների հետ։ Վերը շարադրված տվյալների վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր ներզատիչ գեղձերն են գտնվում ենթատեսաթմբահիպոֆիզային համալիրի կարգավորիչհսկող ազդեցության տակ։ Դրանց են պատկանում ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը, հարվահանագեղձերը, վահանագեղձի C-բջիները, մակերիկամների միջուկային նյութը և էպիֆիզը։ Միաժամանակ պետք է նշել, որ վերջին տարիներին հիպոթալամոհիպոֆիզային համակարգում ինտենսիվ որոնվում են այնպիսի հորմոնային ակտիվ նոր նյութեր, որոնք ընդունակ լինեն ազդելու այլ ներզատական գեղձերի և ոչ ներզատական օրգանների աշխատանքի վրա։ Այսպես, հայ կենսաքիմիկոսները անջատել են ենթատեսաթմբային կարդիոտրոպ նեյրոպեպտիդների խումբ։ Ստացված են տվյալներ էպիֆիզի ֆունկցիայի վրա հիպոթալամոհիպոֆիզային համակարգի կարգավորիչ ազդեցության մասին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին