Ենթատեսաթմբում (հիպոթալամուս) տեղադրված են վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, որոնք պահպանում են ներքին միջավայրի կայունությունը, ապահովում վեգետատիվ, ներզատական և մարմնական համակարգերի ֆունկցիաների ամբողջականացումը։ Այն տեղակայված է տեսաթմբից փորայնորեն և ընդգրկում է գորշ թումբը, ձագարը, որը ավարտվում է հիպոֆիզով, և առավել պոչայնորեն տեղակայված պտկանման (կամ մամիլյար) մարմինները։ Այս գոյացություններում տեղագրված են մի քանի տասնյակ կորիզներ, որոնց ըստ տեղակայման կարելի է բաժանել հինգ խմբի։ Նախատեսոողական (պրեօպտիկ) խումբը կազմված է շուրջփորոքային, միջային և կողմնային նախատեսողական կորիզներից։ Շատերի կողմից կորիզների այդ խումբը դիտարկվում է որպես վերջնային ուղեղի կառույց, չնայած, որ անատոմիորեն այն կապված է ենթատեսաթմբի հետ։

Աոջևի խումբ, որն իր մեջ ընդգրկում է վերխաչվածքային, վերտեսողական և հարփորոքային կորիզները։ Վերջին երկու կորիզների ելուններն ընթանում են դեպի հիպոֆիզի հետին բիլթ` նյարդահիպոֆիզ։ Միջին խումբ, որն ընդգրկում է փորամիջային և թիքնամեջքային կորիզները։ Արտաքին խումբ, որը բաղկացած է կողմնային ենթատեսաթմբային կորիզից ու գորշ թմբի կորիզից։ Հետին խումբ, որտեղ համախմբված են հետին հիպոթալամիկ, շուրջկամարային (պերիֆորնիկուլյար) կորիզները և մի քանի պտկիկային կորիզներ։ Ֆունկցիոնալ առումով ենթատեսաթումբը բաժանվում է մի քանի շրջանների, որոնք ունեն յուրահատուկ ազդեցություններ։ Նախատեսողական և առջևի խմբերի մի քանի կորիզներ միավորվում են հիպոֆիզահակ շրջանի մեջ։ Այդ շրջանի նյարդահորմոնները հիպոֆիզի վրա ունենում են դրդող կամ արգելակող ազդեցություն։ Նրանք համապատասխանաբար կոչվում են ռիլիզինգ-գործոններ (լիբերիններ) և ընկճող կամ ինհիբիցիայի ենթարկող-գործոններ (ստատիններ)։ Այղ գործոններն արտաազատվում են նյարդային ելուստներից և հիպոթալամո-հիպոֆիզային դրունքային համակարգի միջոցով արյան հետ մուտք են գործում հիպոֆիզի առջևի բիլթ` ադենոհիպոֆիգ։

Միջին խմբի կորիզները ձևավորում են միջային հիպոթալամուսը։ Այստեղ կենտրոնացված են հատուկ նեյրոններ, որոնք ընկալում են արյան և ողնուղեղ-ուղեղային հեղուկի կարևորագույն պարամետրերը (արյան ջերմաստիճանը, պլազմայի ջրաէլեկտրոլիտային բաղադրությունը, արյան հորմոնները), դրանով իսկ իրագործելով օրգանիզմի ներքին միջավայրի հսկողությունը։ Նյարդային մեխանիզմների միջոցով ենթատեսաթմբային շրջանը կառավարում է նյարդահիպոֆիզի, իսկ հորմոնային մեխանիզմներով` ադենոհիպոֆիզի գործունեությունը: Փաստորեն, այս շրջանը ծառայում է որպես միջանկյալ օղակ նյարդային և ներզատիչ համակարգերի միջև։ Կողմնային ենթատեսաթմբում առանձնացված կորիզային գոյացություններ չկան։ Այդ շրջանի նեյրոնները սփռուն կերպով բաշխվում են առաջային ուղեղի մեդիալ խրձի շուրջը, որը ռոստրալ-կաուդալ ուղղությամբ, լիմբիական համակարգի հիմքի կողմնային գոյացություններից ընթանում է դեպի միջանկյալ ուղեղի առջևի կենտրոնները։

Ենթատեսաթմբի կապերի կազմավորումը վկայում է մարմնական, վեգետատիվ և ներզատական ֆունկցիաների կարգավորման գործում ուղեղի այդ բաժնի կարևոր ամբողջականացման դերի մասին։ Ենթատեսաթմբի առբերիչ մուտքերը ներկայացված են միջին ուղեղի ցանցանման գոյացությունից ընթացող ուղիներով, պտկածածկային (մամիլո-տեգմենտային) ուղիով, տեսաթմբից և լիմբիական համակարգից ընթացող ուղիներով (առաջային ուղեղի մեդիալ խրձի միջոցով), դժգույն կորիզ-ենթատեսաթմբային (պալիդոհիպոթալամուսային) ուղիով (առաջային ուղեղի հիմնահանգույցներից), ուղեղիկից ընթացող ոչ ուղղակի ուղիներով, թափառող և ընդերային  նյարդերով։  Ենթատեսաթմբի արտատար կապերը գլխուղեղի ե ողնուղեղի վեգետատիվ և մարմնական կորիզների հետ կազմավորված են բազմասինապսային ուղիներով, որոնք ընթանում են ցանցանման գոյացության:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին