Ենթաստամոքսային գեղձը (pancreas) ընկած է ստամոքսի հետևը` որովայնի խոռոչի հետին պատին մոտ իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ: Հետևից նա հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից` երիկամային երակին և որովայնային աորտային: Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի` գլխիկ(caput), մարմին (corpus) և պոչ(cauda): Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին: Նա տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ` incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v. mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև` նեղացած մաս` վզիկի ձևով: Պրիզմայաձև մարմինը ունի երեք երես` առաջային, հետին և ստորին: Գեղձը աջից ձախ մի փոքր բարձրանում է, այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր, քան գլխիկը, և մոտենում է փայծաղի ստորին մասին: Ենթաստամոքսային գեղձը պատյան չունի, որի պատճառով աչքի է ընկնում նրա բլթակավոր կազմությունը:

Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է: Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից: Շճամզային ծածկը անցնում է ենթաստամոքսային գեղձի վրա 2 թերթիկների ձևով, ընդ որում շճային թերթիկները կպչում են ենթաստամոքսային գեղձի առաջային եզրին և նորից բաժանվում են 2 թերթիկների` մեկը ծածկում է գեղձի առաջային երեսը և անցնում է ստոծանու վրա, իսկ մյուս ստորին երեսը և դառնում է լայնական աղիքի միջընդերքը: Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը` ductus pancreaticus(Wirsungi)անցնում է գեղձի հաստության միջով ձախից դեպի աջ, իր ճանապարհին նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր, որոնք բացվում են նրա մեջ, գրեթե ուղիղ անկյունով: Բացի գլխավոր ծորանից, գրեթե միշտ լինում է ենթաստամոքսային գեղձի հավելյալ ծորան (ductus pancreaticus accessories (Santorini)), որը գեղձի գլխիկի մոտ առանձնանում է գլխավոր ծորանից և բացվում է տասներկումատնյա աղիի փոքր պտկիկի վրա (apailla duodeni minor), մոտ 2 սմ մեծ պտկիկից բարձր: Երբեմն նկատվում են հավելյալ ենթաստամոքսային գեղձի գոյության դեպքեր(pancreas accessorium):

Կազմություն
Ենթաստամոքսային գեղձը իր կազմությամբ նման է բշտային կամ բշտա-խողովակավոր թքագեղձի կազմությանը: Նա բաղկացած է 2 մասից` գլխավոր զանգվածը ունի արտազատիչ ֆունկցիա` իր արտազատուկը արտատար ծորաններով տանելով սկզբնաղիքի մեջ: Գեղձի փոքր մասը, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակների (insula Langerhansi) ձևով, պատկանում է ներզատիչ գոյացություններին, որոնք արյան մեջ են լցնում ինսուլին կոչվող հորմոնը, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ:

Ենթաստամոքսային գեղձի ներզատական ֆունկցիան
Ենթաստամոքսային գեղձը խառը հյութազատության գեղձ է։ Նրա հիմնական մասը կատարում է արտաքին հյութազատական ֆունկցիա, և արտադրում է ենթաստամոքսագեղձային մարսողական հյութ։ Ներզատական ֆունկցիա կատարում է գեղձի ընդհանուր զանգվածի միայն 2-3 %-ը, որը տեղադրված է հիմնականում նրա պոչային հատվածում էպիթելային ծագում ունեցող բջջային կուտակումների ձևով։ Դրանք, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակներն են, որոնք կազմված են տարբեր հորմոններ արտադրող երեք տիպի բջիջներով ( α,β,δ)։β- կամ B-բջիջները կազմում են մեծ մասը 60%, արտադրում են ինսուլին, α կամ A-բջիջները կազմում են 25%, արտադրում են գլյուկագոն, և δ կամ D-բջիջները կազմում են 5%, արտադրում են սոմատոստատին։ Այդ բջիջների միջև սերտ մորֆոֆունկցիոնալ կապը և նյարդային ու հումորալ ազդակներին համաձայնեցված պատասխան տալու ընդունակությունը թույլ է տալիս Լանգերհանսյան կղզյակը համարել ինքնատիպ փոքրիկ օրգան։ Կղզյակային ապարատի և ամբողջությամբ գեղձի կարգավորումն իրականացվում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդերի հետհանգուցային հյութազատիչ ճյուղերով։  Նշված հորմոնների ֆիզիոլոգիական ազդեցությունների բազմապիսիության և տարբերության հետ կապված նպատակահարմար է դրանք շարադրել առանձին-առանձին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Փնտրիր`
Ինսուլին
Գլյուկագոն
Սոմատոստատին