Սրտի ներքին թաղանթը՝ էնդոկարդը (endocardium), ներսից ծածկում է սրտի խոռոչները, պտկաձև մկանները, ջլակազմ թելերը, ինչպես նաև սրտի փականները: Էնդոկարդի հաստությունը տարբեր հատվածներում նույնը չէ: Այն ավելի հաստ է սրտի ձախ խոռոչում, հատկապես միջփորոքային միջնորմում ու խոշոր զարկերակային անոթների՝ աորտայի ու թոքային զարկերակի ելուզանցքի մոտ, իսկ ջլակազմ թելերում զգալիորեն բարակ է: Էնդոկարդի մակերեսը պատված է հաստ հիմային թաղանթի վրա գտնվող բազմակող բջիջներից, կազմված էնդոթելով: Ենթաէնդոթելային շերտը, որն առաջանում է շարակցական հյուսվածքից, հարուստ է քիչ տարբերակված բջիջներով: Ավելի խոր ընկած է մկանաէլաստիկ շերտը, որում էլաստինային թելերը միահյուսվում են հարթ մկանային բջիջների հետ: 

Առաձիգ թելերը շատ ավելի լավ են արտահայտված նախասրտերի էնդոկարդում, քան փորոքներում: Հարթ մկանային բջիջները զարգացած են աորտայի սկիզբ առնելու տեղում և ունեն բազմաելուստավոր ձև: Էնդոկարդի ամենախոր շերտը՝ արտաքին շարակցահյուսվածքայինը, ընկած է միոկարդի սահմանի վրա: Այն կազմված է շարակցական հյուսվածքից, որը պարունակում է հաստ առաձիգ, կոլագենային ու ռետիկուլյար թելեր: Էնդոկարդի սնուցումը գլխավորապես կատարվում է դիֆուզ (սփռուն), սրտի խոռոչներում գտնվող արյան հաշվին: Արյան անոթներ կան միայն էնդոկարդի արտաքին շարակցահյուսվածքային շերտում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին