Էլեկտրական սինապսները բնորոշ են հիմնականում անողնաշարավոր կենդանիներին։ Բացառիկ դեպքերում նման հաղորդման կարելի է հանդիպել նաև ողնաշարավորների նյարդային համակարգում։ էլեկտրական սինապսներն ավելի պարզ են կառուցված։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նախասինապսային թաղանթի միջով ընթացող հոսանքի զգալի մասը կարողանա մուտք գործել հետսինապսային բջիջ։ Այդպիսի պայման է հանդիսանում երկու բջիջների կապող հատվածի ցածր դիմադրությունը, որր պայմանավորված է ճեղքի նեղ լինելով։ Այդպիսի սինապսային ճեղքի լայնությունը կազմում է մոտ 5 նմ, որը անմիջականորեն իրար մոտ գտնվող նախա և հետսինապսային թաղանթներում ստեղծում է շատ փոքր տեսակարար դիմադրություն։ Բացի դրանից, ցածր դիմադրությունը պայմանավորվում է նաև ընդլայնական անցուղիների առկայությամբ, որոնք անցնում են երկու թաղանթների արանքով, այսինքն ընթանում են մի բջջից մյուսը (ճեղքային հպում)։

Անցուղու տրամագիծը կազմում է մոտ 1 նմ։ Անցուղիները ձևավորվում են հպման մեջ գտնվող յուրաքանչյուր թաղանթի սպիտակուցային մոլեկուլներից (կիսաանցուղիներից), որով և ապահովվում է իոնային հոսանքների հոսքը։ Դա թույլ է տալիս նախասինապսային հոսանքի տարածում դեպի հետսինապսային բջիջ առանց նվազման։ Հպման մեծ մակերեսը ևս ընդունակ է փոքրացնելու դիմադրությունը։ էլեկտրական սինապսի աշխատանքի մեխանիզմը ընդհանուր գծերով նման է նյարդաթելով ապաբևեռացման ալիքի տարածման մեխանիզմին։ էլեկտրական հոսանքն ընթանում է դրդված մասից դեպի չդրդվածը և այնտեղից դուրս գալով առաջացնում է նրա ապաբևեռացում։

Երկու դեպքում էլ հիմք է հանդիսանում դրդման ալիքից առաջ տեղային հոսանքների պասսիվ ընթացքը, ինչպես նաև այդ հոսանքների ազդեցությամբ այն հատվածների ապաբևեռացումն ու դրդումը, որոնք տեղադրված են ալիքի տարածման ճանապարհին։ Այստեղ հուսալիության գործոնը (մի բջջի ազդակի տատանասահմանի հարաբերությունը մյուսին) 5 անգամից ավելի չպետք է փոքրանա։ Այսպիսով, էլեկտրական սինապսներում հետսինապսային հոսանքի աղբյուրը տեղաղրված է նախասինապսային թաղանթում, որտեղ և ի հայտ է գալիս ակտիվ գործընթաց՝ գործողության պոտենցիալ (ԳՊ)։ Այնտեղից պասիվ կերպով (էլեկտրոտոնի միջոցով) այն տարածվում է հետսինապսային բջջի թաղանթի վրա։ Դրանում է կայանում էլեկտրական սինապսների առաջին  և ամենակարևոր տարբերությունը քիմիականներից, որտեղ հետսինապսային թաղանթն է (այլ ոչ նախասինապսայինը) հանդես գալիս հետսինապսային ակտիվության գործընթացի ակտիվ ստեղծողի դերում։ Այդ հաղորդման բնորոշ առանձնահատկությունն այն է, որ բարակ աքսոնով ընթացող միայնակ ազդակն անցնելով էլեկտրական սինապսի միջով չի կարող առաջացնել ԳՊ համեմատաբար մեծ նեյրոնում։ Այդ հնարավորությունն այստեղ սահմանափակ է։

 Քիմիական և էլեկտրական սինապսների միջև գոյություն ունեցող հաջորդ տարբերություննները կայանում են հետևյալում.
1. Քիմիական մեխանիզմով հաղորդող սինապսներում ազդակի նախասինապսային վերջույթ մուտք գործելու և հետսինապսային պոտենցիալի առաջացման սկզբի միջև գոյություն ունի ընդմիջում, որը նշվում է որպես սինապսային ուշացում։ Տաքարյունների մոտ այն միջինում կազմում է 0,3-0,5 մվրկ։ էլեկտրական սինապսներում այդ ուշացումը բացակայում է։
2.  Քիմիական սինապսներին հատուկ է միակողմանի հաղորդականությամբ, քանի որ ազդակների հաղորդումն ապահովող միջնորդանյութը պարունակվում է միայն նախասինապսային օղակում։ էլեկտրական սինապսներում հաղորդումն առավել հաճախ երկկողմանի է։ Սակայն, երբեմն դիմադրությունը մի կողմում լինում է բարձր, քան մյուսում։ Այդ դեպքում առաջանում է ուղղիչ ազդեցություն։
3.  Քիմիական սինապսներում հետսինապսային թաղանթի իոնային թափանցելիության փոփոխությունները պայմանավորող միջնորդանյութը կարող է առաջացեել նեյրոնի ինչպես դրդում, այնպես էլ արգելակում։ էլեկտրական սինապսներում ակտիվ գործընթացն ի հայտ է գալիս նախասինապսային օղակում և, քանի որ ԳՊ-ն իրենից ներկայացնում է ապաբևեռացման ալիք, ապա այստեղ կարող է ապահովվի միայն դրդման գործընթացի հաղորդումը։ Ազդակների հաղորդման նման ձևը լրացուցիչ ծախսեր չի պահանջում։ էլեկտրական հաղորդումը բնութագրվում է ազդեցության թուլությամբ և ոչ յուրահատուկ բնույթով։ Այդ դեպքում հետսինապսային բջջում պոտենցիալի փոփոխությունը խիստ կապված է նախասինապսային գոյացության ակտիվության հետ։ Անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական սինապսները ծառայում են նեյրոնային խմբերի ակտիվության սինխրոնիզացիային (համաժամանակացմանը)։ Դա հնարավորություն է տալիս, որ գրգռման մեջ արագ ընդգրկվեն մի քանի բջիջներ։ Դա, օրինակ, տեղի է ունենամ անձրևաորդի հսկա նյարդաթելերում կամ ողնաշարավորների սրտամկանում։
4. Քիմիական սինապսները ավելի լավ են պահպանում նախորդ ակտիվության հետքերը քան էլեկտրականները։ Ուստի քիմիական հաղորդումը տարբեր գործոնների ազդեցության տակ կարող է ենթարկվել էական փոփոխությունների։
5.  Քիմիական սինապսները ավելի զգայուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քան էլեկտրականները, որն էական նշանակություն ունի տաքարյուն կենդանիների նյարդային համակարգի համար։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին