Ձվարանները (ovarium, oophoron) զույգ օրգաններ են, իգական սեռական գեղձեր: Ձվարաններն օվալ մարմիններ են 2,5սմ երկարությամբ, 1,5սմ լայնությամբ և 1սմ հաստությամբ: Նրանում տարբերում են երկու մակերես և երկու բևեռ: Ձվարանի վերին եզրը փոքր-ինչ կլորիկ է` ուղղված դեպի արգանդափող:Ձվարանը մի բևեռով ձվարանի սեփական կապանի միջոցով (lig ovarii proprium) միացած է արգանդին, մյուս բևեռով ուղղված է դեպի կոնքի կողմնային պատը: Ձվարանի ազատ եզրը (margo liber) նայում է դեպի որովայնի խոռոչ: Մյուս եզրով (margo mesovaricus) ձվարանը ամրանում է արգանդի լայն կապանի հետին թերթիկին: Այդ եզրը ուրվագծվում է սպիտակ գծով` Ֆարեի գծով, որը որովայնամզի ծածկույթից դեպի սաղմնային էպիթելի անցման տեղն է: