Մարմնի որևէ մասի ակամա, ռիթմիկ, տատանողական շարժումներ են, որոնք պայմանավորված են ռեցիպրոկ նյարդավորում ունեցող ներհակ մկանների կծկումներով: Հիմնականում ընղգրկվում են վերջույթների հեռակա հատվածները (ձեռք, ոտնաթաթ), գլուխը, ստորին ծնոտը, լեզուն, իսկ երբեմն էլ` ամբողջ մարմինը: Պետք է միմյանցից տարբերակել հանգստի և շարժման դողը: Հանգստի դողը բնորոշ է պարկինսոնիզմին և մեղմանում է շարժումների ժամանակ: Շարժման դողն իր հերթին լինում է դիրքային (պոստուրալ), կծկման և գործողության (ինտենցիոն): Շարժման դողը նվազում կամ անհետանում է մկանների թուլացած վիճակում: Դիրքային դողն ի հայտ է գալիս որոշակի հակագրավիտացիոն դիրք ընդունելիս: Կծկման դողն առաջ է գալիս մկանների իզոմետրիկ լարվածության ժամանակ (օրինակ` բռունցք սեղմելիս): Ուղեղիկի ախտահարմանը բնորոշ գործողության կամ ինտենցիոն դողն առաջանում է նպատակաուղղված շարժման վերջում: Հայտնաբերվում է մատ-քթային կամ մատ-մատնային փորձերի օգնությամբ:

Առողջ մարդկանց մոտ հաճախ նկատվում է դող, որն ունի փոքր ամպլիտուդ և 6-12 հերց հաճախականություն: Հայտնի է որպես ֆիզիոլոգիական դող, որն ուժեղանում է սթրեսից, ներզատական խանգարումներից (թիրեոտոքսիկոզ, հիպոգլիկեմիա, ֆեոքրոմոցիտոմա), որոշ դեղամիջոցներից (կոֆեին, ադրենալին): Պայմանավորված է հիպերադրեներգիկ վիճակով, որի ժամանակ գրգռվում են կմախքային մկանների բետա-2 ադրենոռեցեպտորները` խթանելով մկանների մեխանիկական ակտիվությունը: Ախտորոշիչ և տարբերակիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ արտահայտված ֆիզիոլոգիական դողը վերանում է ծայրամասային ադրենոբլոկատոր անապրիլինի ներարկումից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին