Խոսքի իրականացմանը մասնակցող կմախքային մկանների պարեզի (կենտրոնական, ծայրամասային), սպազմի, հիպերկինեզի կամ ատաքսիայի հետևանքով խանգարվում Է արտաբերումը և հնչյունների արտասանությունը։ Դիզարթրիայի կլինիկական տարատեսակները պայմանավորված են արտաբերական մկանների նյարդավորմանը մասնակցող կենտրոնական նյարդային համակարգի բաժինների ախտահարմամբ։ Գանգային 9-րդ, 10-րդ և 12-րդ նյարդերի և երկարավուն ուղեղում դրանց կորիզների ախտահարման ժամանակ առաջանում Է կոճղեզային կամ բուլբար դիզարթրիա։ Ըմպանի, լեզվի և կոկորդի արտաբերական մկանների ծայրամասային պարեզի հետևանքով խանգարվում Է ձայնահնչումը (ֆոնացիա) և կլման ակտը, թուլանում կամ անհետանում Է ըմպանային ռեֆլեքսը, ձայնը խլանում և շուտ նվաղում է։ Կեղև-կորիզային նյարդաթելերի երկկողմանի վնասման ժամանակ առաջանում Է կեղծկոճղեզային կամ պսևդոբուլբար դիզարթրիա։

Լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի կորիզները զրկվում են կեղևի հսկողությունից և կարգավորիչ գրգիռներից, որի հետևանքով առաջանում Է համապատասխան մկանների կենտրոնական պարեզ։ Մկանային բարձր տոնուսի պատճառով խիստ սահմանափակվում Է լեզվի ակտիվությունը, ձայնը դաոնում Է թույլ և խռպոտ։ Նկատվում Է ռնգախոսություն և թքահոսություն։ Ենթակեղևային հանգույցների վնասման դեպքում առաջ Է գալիս ենթակեղևային կամ արտաբրգային դիզարթրիա, որի հիմքում ընկած Է մկանային դիստոնիան և արտաբերական մկանների տեղային սպազմը։ Առաջին հերթին տուժում Է արտաբերման կայունությունը։ Խանգարվում Է խոսքի ռիթմը, արագությունը և առոգանությունը։ Ձայնը ստանում Է տարբեր երանգներ։ Կեղևի շարժողական և զգացողական պրոյեկցիոն գոտիների ախտահարմանը հետևում Է կեղևային դիզարթրիան։ Ի տարբերություն կեղծկոճղեզային դիզարթրիայի` վերջինիս հիմքում ընկած Է միայն առանձին մկանների կենտրոնական պարեզը։ Հատկապես խանգարվում Է այն հնչյունների (ռ, լ, կ, գ, տ, դ) արտասանությունը, որոնք պայմանավորված են լեզվի առանձին մկանախրձերի նուրբ տարբերակված կծկումներով։ Ուղեղիկի վնասման հետևանքով առաջանում Է ուղեղիկային դիզարթրիա։ Խանգարվում Է շնչառության, արտասանության և արտաբերման միաժամանակյա (սինխրոն) աշխատանքը։ Արտաբերական մկանների ցածր տոնուսի պայմաններում խիստ դժվարանում է այն հնչյունների (մ, պ, բ, դ, լ, ռ, ս, զ, ն) արտասանությունը, որոնք պահանջում են մկանային ուժի մեծ ծախս։ Հիվանդի խոսքը դանդաղում Է, դառնում Է հրոցանման (վանկաշեշտված խոսք)։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին