Դիրքի պահպանման ռեֆլեքսՀետին կամրջի ռեֆլեքսների մի մեծ խումբ մասնակցում է օրգանիզմի դիրքի պահպանմանը։ Իրենց բնույթով նրանք լարումային ռեֆլեքսներ են և կախված այն բանից, թե ռեֆլեքսային ազդեցության ինչպիսի աղբյուրներից են արձակվում, բաժանվում են պարանոցային և անդաստակային կամ բավիղային (լաբիրինթային) ռեֆլեքսների։ Պարանոցային ռեֆլեքսներն առաջանում են պարանոցի մկանների սեփական ընկալիչների գրգռման ժամանակ։ Շնորհիվ այդ ռեֆլեքսների ապահովվում է մարմնի ճշգրիտ դիրքը գլխի նկատմամբ։ Պարանոցային ռեֆլեքսների էֆեկտոր օղակը ներկայացվում է ոչ միայն վերջույթների, այլև աչքի մկաններով։ Գլխի յուրաքանչյուր թեքում առաջացնում է ակնագնդերի հակառակ ուղղությամբ տեղաշարժ, որի շնորհիվ ռեֆլեքսային ձևով պահպանվում է կենդանու ճշգրիտ տեսողական կողմնորոշումը։ Դա իրականացվում է շնորհիվ այն բանի, որ պարանոցի մկանունքի սեփական ընկալիչների  ազդանշանները  մուտք  են գործում երկարավուն ուղեղի համապատասխան կենտրոններ, որոնք վարընթաց հրամաններով ակտիվացնում են ողնուղեղի շարժանեյրոնները կամ փարող նյարդի շարժիչ կորիզի նեյրոնները:

Անդաստակային ռեֆլեքսներն անքակտելիորեն կապված են պարանոցային լարումային ռեֆլեքսների հետ և բնականոն պայմաններում լրացնում նրանց։ Միաժամանակ այդ ռեֆլեքսները կախված չեն մարմնի նկատմամբ գլխի ունեցած դիրքից և կարող են առաջացվել պարանոցային մկանների սեփական ընկալիչների անջատումից հետո։ Անդաստակային ռեֆլեքսները բաժանվում են ստատիկների և ստատոկինետիկների: Ստատիկական ռեֆլեքսները կապված են թաղանթային բավիղի նախամուտքի ընկալիչների գրգռման հետ։ Նրանք մարմնի ամենատարբեր ստատիկական դիրքերում ապահովում են նրա կեցվածքի և հավասարակշռության պահպանումը տարածության մեջ։ Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ դիրքի ռեֆլեքսների և ուղղման ռեֆլեքսների։ Առաջին խմբի ռեֆլեքսների բնորոշ գիծն այն է, որ տարածության մեջ գլխի դիրքի փոփոխությունն ուղեկցվում է մկանների ռեֆլեքսային լարվածության փոփոխմամբ։ Դիրքի անդաստակային ռեֆլեքսներն իրենց նեյրոնային մեխանիզմներով դասվում են հասարակ ոեֆլեքսային ռեակցիաների շարքին։ Նրանք անդաստակային ապարատի ընկալիչների գրգռման դեպքում ապահովում եե տոնիկական լարվածության որոշակի պահպանումը։ Օրինակ, եթե կատվին մարմնի նկատմամբ ֆիքսված գլխով շրջեն տարածության մեջ, ապա, կախված գլխի դիրքից, կնկատվի դիրքի լարվածության տարատեսակ բաշխում։ Այդ դեպքում գլխի թեքման կամ շրջման անկյան ու մկանների ռեֆլեքսային լարվածության մեծության միջև գոյություն կունենա գծային կախվածություն։

Ուղղման ռեֆլեքսների հիմնական հատկանիշը մկանների լարվածության վերաբաժանումն է, որն ուղղված է կենդանու բնականոն դիրքի վերականգնմանն այն դեպքում, երբ կենդանին դուրս է բերված այդ վիճակից։ Այդ ռեֆլեքսներն ավելի բարդ են։ Ուղղման անդաստակային ռեֆլեքսների հիմնական մեխանիզմը կայանում է պարանոցի մկանունքի վրա ունեցած լարումային ռեֆլեքսային ազդեցություններում, որոնք ուղղվում են գլխի կողմնորոշման ապահովմանը տվյալ կենդանու բնականոն դիրքում։ Գլուխը շարժելուց հետո սկսվում է մարմնի կմախքայիճ մկանների լարվածության վերաբաշխումը։ Օրինակ, եթե հետևել բարձրությունից մեջքով դեպի ներքն ընկնող կատվի շարժումներին, ապա որպես առաջին բաղադրամաս հանդես է գալիս գլխի շարժումը, որից հետո օդում տեղի է ունենում ամբողջ մարմնի շրջում ե կատուն, որպես կանոն, հասցնում է ընդունել բնականոն դիրք և ընկնել չորս թաթերի վրա։
Ստատոկինետիկ ռեֆլեքսներն արձակվում են կիսաբոլորուն խողովակների ընկալիչներով։ Այղ ռեֆլեքսները բնութագրվում են նրանով, որ ուղղված են տարածության մեջ կենդանու դիրքի պահպանմանը նրա շարժման (պտտման) արագության փոփոխման պայմաններում։

Սովորաբար ստատոկինետիկ ռեֆլեքսի ուղղվածությունը կախված է նրանից, թե արագացման ժամանակ որ կիսաբոլորուն խողովակն է գրգռվում։ Ստատոկինետիկ ռեֆլեքսային ռեակցիաները, ինչպես նաև ստատիկները, շատ տարածված են և գործնականում ընդգրկում են ամբողջ կմախքային մկանունքը։ Նրանք շատ հստակորեն դրսևորվում են աչքի մկաններում։ Այդ դեպքում աչքի շարժումը հանդիսանում է հարմարողական ռեակցիայի բաղադրիչներից մեկը։ Այն ուղղված է կենդանու տեսողական բնականոն կողմեորոշմաեը շարժման արագացման կամ դանդաղեցման դեպքում և կոչվում է նիստագմ։ Այդ ռեակցիայի էությունն այն է, որ պտտման արագացման պահին աչքերը շարժվում են պտտման ուղղությանը հակառակ։ Ապա, հասնելով ծայրահեղ թեքման, աչքերն արագ տեղափոխվում են հետ, դեպի պտտման կողմը և տեսադաշտ է ընկնում տարածության այլ հատված։ Աչքի նիստագմի հարթությունը համընկնում է արագացման հարթության հետ։

Բացի ստատոկինետիկ ռեֆլեքսներից, որոնք առաջանում են շրջանաձև արագացման ժամանակ, գոյություն ունեն նաև ուղղագիծ արագացման ստատոկինետիկ ռեֆլեքսներ։ Որպես օրինակ կարող են ծառայել այսպես կոչված վերելակային ոեֆլեքսները, որոնք դրսևորվում են տարածիչ մկանների լարվածության ավելացմամբ վերընթաց, և ծալիչների լարվածության բարձրացմամբ, վարընթաց գծային արագացումների դեպքում։
Հետին ուղեղում տեղադրված են կառույցներ, որոնք պատասխանատու են լսողական ֆունկցիայի համար։ Ինչպես արդեն նշվել է, այստեղ տեղադրված են կորիզներ, որոնք ընկալում են ձայնային ընկալիչների (խխունջային կորիզներ) ազդակները։ Այդ կորիզների նեյրոններից սկսվում են վերընթաց ուղիներ, որոնք համապատասխան ազդակներ են հաղորդում դեպի ուղեղի բարձրադիր բաժիններ։
Հետին ուղեղի հետ կապված է նաև մեկ կարևոր զգայական ֆունկցիա՝ հասի զգացողությունը, որը այն շղթայական ռեակցիաների խմբի բաղադրամասերից է, որոնք ապահովում են սննդի կլանումը, ծամումը, կուլ տալը և հետագա առաջշարժումը։ Տվյալ խմբի առանձին ռեֆլեքսներն իրար հետ կապված են և այդ պատճառով էլ նրանցից մեկի կատարումը հանդիսանում է հաջորդի սկիզբը։ Այդ ռեֆլեքսների ընկալչական դաշտ է բերանի լորձաթաղանթը՝ առաջին հերթին լեզվի արմատի լորձաթաղանթը։ Համային առբերիչները հետին ուղեղ են մուրք գործում գանգուղեղային երեք նյարդերով՝ դիմային (նրա հատուկ ճյուղի միջոցով, որն անվանվում է թմբկալար), լեզվաըմպանային և թափառող։ Նրանց կենտրոնական ճյուղավորումներն ուղղված են դեպի մենավոր ուղու կորիզը։ Համի ընկալիչներից սկսվող առբերիչ ազդակները մենավոր կորիզի նեյրոնների աքսոններով կարող են հաղորդվել գանգուղեղային նյարդերի կորիզների արտատար նեյրոններին։ Այդ դեպքում առաջացած շարժողական ռեֆլեքսները սերտորեն կապված են մի շարք վեգետատիվ ռեֆլեքսների հետ, որոնք հանգեցնում են թքի, ստամոքսահյութի և ենթաստամոքսային գեղձի հյութի արտազատմանը։ Մենավոր կորիզից սկսվում են նաև վերընթաց ուղիներ, որոնք միանում են միջին (մեդիալ) օղակի համակարգին ե միջանկյալ ուղեղի կորիզների միջոցով ուղղվում դեպի մեծ կիսագնդերի կեղև։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին