Նուկլեինաթթուներ, որոնք որպես ածխաջրային բաղադրամաս պարունակում են դեզօքսիռիբոզա և ազոտային հիմք` ադենին (Ա), գուանին (Գ), ցիտոզին( Ց), թիմին (Թ): Գտնվում են օրգանիզմների բջիջներում, ինչպես նաև բազմաթիվ վիրուսների մեջ: ԴՆԹ-ի մոլեկուլի առաջնային կառուցվածքը խիստ անհատական է, առանձնահատուկ յուրաքանչյուր ԴՆԹ-ի համար և կենսաբանական ինֆորմացիայի գրառման կոդային ձև (գենետիկական կոդ ) է: ԴՆԹ-ի գենետիկական դերի վերաբերյալ առաջին ապացույցը ստացվել է 1944-ին Օ. Էյվեյի և նրա աշխատակիցների կողմից (ԱՄՆ): ԴՆԹ-ի մեջ հազվագյուտ հաջորդականության տեսքով սպիտակուցի կառուցվածքի մասին ինֆորմացիան պահպանվում է և ճշտորեն վերարտադրվում կրկնապատկման (ռեդուպլիկացիայի) և տրանսկրիպցիայի (արտադրման) մեխանիզմով, այնուհետև  ռիբոսոմների վրա սպիտակուցների սինթեզի պրոցեսում (տրանսլյակցիա) իրականացվում է ամինաթթուների հաջորդականությունը:

ԴՆԹ-ի նուկլեոտիդային կազմը տարբեր օրգանիզմներում խիստ տարբերվում է, սակայն բնորոշ է յուրաքանչյուր տեսակին: ԴՆԹ-ի տեսակային առանձնահատկությունը կազմում է գենետիկական կարգաբանության հիմքը և օգտագործվում է օրգանիզմերի ֆիլոգենետիկական ազգակցությունը հայտնաբերելու համար: ԴՆԹ-ի մեջ նուկլեոտիդների պարունակությունը ենթարկվում է Է. Չարգաֆֆի (1950) հայտնաբերած օրինաչափություններին` պուրինային հիմքերի գումարային քանակը հավասար է պիրիմինիդային հիմքերին, Ա-ի քանակը հավասար է Թ-ին, իսկ Գ-ինը` Ց-ին: այդ օրինաչափությունները որոշվում են ԴՆԹ-ի մակրոմոլեկուլային կառուցվածքով, որը հայտնաբերել են Ջ. Ուոթսոնը և Ֆ. Կրիկը (1953): Բնական ԴՆԹ մեծամասնությունն ունի երկշղթանի կառուցվածք, գծային կամ օղակային ձև:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին