Ինվոլյուցիոն դեպրեսիայի կլինիկական պատկերը բնորոշվում է անկումային տրամադրությամբ, թախծի ֆոնի վրա առաջացող տագնապալից վիճակով և շարժողական անհանգստությամբ։ Հիվանդության ինիցիալ (սկզբնական) շրջանում հիվանդները դառնում են ընկճված, մռայլ, դյուրագրգիռ։ Աստիճանաբար գումարվում է տագնապը, անհանգստությունը։ Հիվանդները կարծես իրենց տեղ չեն գտնում, տրորում են ձեռքերը, հարվածում են ծնկներին, երեսին, բարձրաձայն հոգոցներ են հանում դրսևորելով իրենց ծանր հոգեկան ապրումները, աղերսում են օգնություն։
Խոսում են իրենց ու հարազատներին սպառնացող անխուսափելի դժբախտության, ընտանիքի կործանման մասին։ Արտահայտում են ինքնամեղադրման, ինքնանվաստեցման զառանցական մտքեր։ Վերհիշելով անցյալում իրենց կողմից թույլ տված չնչին սխալները՝ ասում են, որ կատարել են հանցանքներ և պետք է պատժվեն։ Իրենց մեղադրում են հարազատների անհաջողությունների մեջ, քանի որ նախապես չեն կանխել։ Արտահայտելով հուսահաւոության, անելանելիության զառանցական մտքեր, տագնապալից-շարժողական անհանգստությունը հասնում է գագաթնակետին (աժիտացիա)՝ դրսևորելով ինվոլյուցիոն մելամաղձության պոռթկման կլինիկական պատկերը , որի ժամանակ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու միակ միջոցը հիվանդը հաճախ գտնում է ինքնասպանության մեջ։ Հիվանդները կարող են արտահայտել նաև հիպոխոնդրիկ զառանցական մտքեր, երբ համոզված են, որ իրենք հիվանդ են անբուժելի սոմատիկ հիվանդություններով։ Սկզբնական շրջանում այդ ապրումները կարող են պայմանավորված լինել դեպրեսիայի սոմատիկ դրսևորումներով (ախորժակի բացակայում, քաշի անկում, գիշերային անքնություն և այլն)։ Հիվանդության խորացմանը զուգահեռ առաջանում են նիհիլիստական զառանցական մտքեր, երբ հիվանդը ասում է, որ իր ներքին օրգանները բացակայում են, գոյություն չունեն, կամ նեխել են, չեն գործում։ Որոշ դեպքերում տրամադրության տագնապալից-անկումային ֆոնի վրա հիպոխոնդրիկ-նիհիլիստական զառանցական մտքերը հասնում են չափազանցության, անհեթեթության։ Այս դեպքում հիվանդը ասում է, որ ինքը կենդանի դիակ է, արտահայտում է աշխարհի վերացման, կործանման զառանցական մտքեր (Կոտարի համախտանիշ)։
Ինվոլյուցիոն դեպրեսիաներին բնորոշ են նաև լսողական, վերբալ իլյուզիաները։ Շրջապատի չեզոք խոսակցությունները, շշուկները հիվանդը իրեն է վերագրում լսելով այդ խոսակցությունների մեջ իր անունը, իրեն ուղղված մեղադրանքներ, նախատինքներ։ Որոշ դեպքերում ինվոլյուցիոն մելամաղձությունը ընթանում է հոգեշարժական կաշկանդվածությամբ։ Հիվանդն ամբողջ օրվա ընթացքում լինում է նստած կամ պառկած միևնույն դիրքում, հարցերին պատասխանում է ուշացումով, ցածրաձայն, մեկ-երկու բառով։ Ի տարբերություն կատատոնիկ ստուպորի, այս դեպքում հոգեշարժական արգելակվածությունը ստուպորի չի հասնում, չեն դիտվում մուտիգմ, նեգատիվիզմ։ Ինվոլյուցիոն դեպրեսիային բնորոշ է ադապտացիայի խանգարման Շարպանտյեյի ախտանիշը, երբ փոխում են հիվանդի բնակավայրը, նրա անհանգստությունը, տագնապը ավելի են արտահայտվում, ինչպես նաև Կլեյսի ախտանիշը, երբ օգնություն խնդրող հիվանդին մոտենում է բժիշկը կամ որևիցե հարազատ, նա միանգամից լռում է, հրաժարվում է օգնությունից, բայց երբ նրանք հեռանում են, նորից սկսում է իր աղերսանքը։ Հիվանդության ընթացքը ձգձգվող է, երկարատև։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին