Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են: Շատ հեղինակներ դեպերսոնալիզացիան դիտում են ընկալման խանգարումների շրջանակներում, որոնք, սակայն, ընթանում են գիտակցության (ինքնագիտակցության) խանգարումներով (Ա. Մեհրաբյան, 1962; Ա. Սնեժնևսկի, 1983)։ Դեպերսոնալիզացիայի էությունը սեփական «ես»-ից օտարացումն է։
Ներկայումս դեպերսոնալիզացիան բնութագրվում են հետևյալ խանգարումներով.
1. սեփական տեսողական ընկալումներն արտառոց փոփոխված են, միջավայրն ընկալվում է անորոշ, մշուշապատ, անկենդան, «մի տեսակ» օտարացած և երազանման,
2. մարդիկ թվում են անկենդան, թողնում են տիկնիկի կամ ավտոմատի (ռոբոտի) տպավորություն, սեփական դեմքն ընկալվում է օտար,
3. լսողական զգացողությունների շեղումները նույնպես ընկալվում են օտարացած՝ սեփական ձայնը հնչում է դրսից, լսվում է փոփոխված։ Այլոց ձայները լսվում են խլացած, մի տեսակ հեռացած և անիրական,
4. փոփոխվում են համի, հոտի և մաշկային զգացողությունները՝ սեփական մարմինը շոշափելիս այն ընկալվում է անկենդան,
5. ժամանակ առ ժամանակ առաջանում են սեփական անձի և մարմնի կորստի տառապալից զգացումներ։
Հիվանդներն ավելի բարդ դեպքերում զգում են դատարկության տարօրինակ զգացում գլխում, հիշողությունների և պատկերացումների կորուստ, առաջանում են անլիարժեքության զգացումներ, տագնապ, վախ։ Դեպերսոնալիզացիայի զարգացման գործընթացում, ըստ Ա. Մեհրաբյանի, հիմնական դերը խաղում է օտարացման մեխանիզմը։ Տեղի է ունենում անձի ամբողջականության երկատում՝ անձի «ես»-ը և «ես և աշխարհը» հարթությունները գործում են իրարից անկախ։ Դեպերսոնալիզացիոն և դեռեալիզացիոն խանգարումների շարքին են դասվում նաև այնպիսի երևույթներ, ինչպեսիք են.
1. կեղծ ճանաչման կամ Կապգրի ախտանիշը, որն ունի երկու տարբերակ՝ դրական երկվորյակի ախտանիշ, երբ անծանոթ մարդն ընկալվում է որպես ծանոթ, և բացասական եկվորյակի ախտանիշ, երբ ծանոթ մարդիկ հիվանդին թվում են անծանոթ,
2. Deja-vu (նախկինում տեսած)՝ անծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է մի զգացողություն, կարծես այդ ամենն արդեն եղել է,
3. Jamais-vu (երբեք չտեսած)՝ լավ ծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է զգացողություն, որ այդ ամենն երբեք չի եղել և տեսնում ես առաջին անգամ,
4. Deja-entendu (նախկինում լսած)՝ առաջին անգամ լսած բովանդակությունը, միտքը թվում է ծանոթ, երբևէ լսած։ Դիտվում են այս բնույթի մի շարք խանգարումներ՝ երբեք չլսած, նախկինում վերապրած կամ երբեմն չվերապրած։ Չնայած, հարկ է նշել, որ թվարկված խանգարումների դասումն այս շարքին, բավականին վիճելի է։ Այստեղ էական է հատկապես գիտակցության դերը։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին