Նկարագրություն

Ճողվածքն իրենից ներկայացնում է ներքին օրգանների արտացցումը խոռոչներից` առանց դրանց պատերը ծածկող թաղանթների վնասման: Ճողվածքները լինում են բնածին և ձեռքբերովի:Երեխաների ճողվածքը հաճախ լինում է բնածին: Տարբերում են ճողվածքների հետևյալ տեսակները`

- ուղեղային ճողվածք,
- կրծքային ճողվածք,
- որովայնային ճողվածք:

Որովայնային ճողվածքն ըստ տեղադրության լինում է`

- աճուկային,
- ազդրային,
- պորտային, որովայնի սպիտակ գծի,
- ստոծանիական,
- ճարպոնային և այլն:

Երեխաների մոտ ավելի մեծ տարածում ունեն պորտային և աճուկային ճողվածքները:

Պատճառներ

Ճողվածքի առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում են տեղայինի և ընդհանուրի: Տեղայինի պատճառը մարմնի այն հատվածների կառուցվածքի թերությունն է, որով կատարվում է ճողվածքապարկի արտացցումը (աճուկային շրջան, պորտային օղ և այլն): Ընդհանուր պատճառներն են ֆիզիկական ծանր աշխատանքը, փորկապության ժամանակ մշտական լարումները, մկանների թույլ զարգացումը և այլն: Հղիության ընթացքում բարձրանում է ներորովայնային ճնշումը, որովայնի պատը թուլանում և բարակում է, որը մեծացնում է ճողվածքի առաջացման հնարավորությունը: Ճողվածքի երևան գալուն նպաստում են նաև խոռոչների պատերի վնասվածքները:

Բնածին ճողվածքներն առաջանում են ներարգանդային զարգացման թերությունների դեպքերում:

Պաթոգենեզ

Արտաքին ճողվածքի ախտանշաններն են արտացցվածքները (ուռածությունը) մարմնի բնորոշ տեղերում: Որպես կանոն, պառկած վիճակում ճողվածքն ուղղվում է դեպի որովայնի խոռոչ: Չբարդացած դեպքերում հիվանդներն ունենում են ծանրության, տհաճության զգացում, երբեմն` նաև ցավեր: Կարող է խանգարվել միզարձակումը: Մեծ ճողվածքի ժամանակ ցավերը դառնում են մշտապես կրկնվող և հիվանդի աշխատունակությունը պակասում է:
Ճողվածքի հաճախակի բարդություններից են ճողվածքի ճմլումը, հազվադեպ` բորբոքումները: Բորբոքման հետևանքով ճողվածքապարկի պարունակությունը կարող է սերտաճել դրա պատերի հետ, ինչը կարող է հանգեցնել << չուղղվող ճողվածքների >>:
Ամենավտանգավոր բարդությունը համարվում է ճողվածքի ճմլումը, որի դեպքում ճողվածքապարկի մեջ գտնվող օրգանների չափերի անհամապատասխանության հետևանքով ընդհատվում է ճմլված օրգանի արյունամատակարարումը և խանգարվում է նրա ֆունկցիան, որից հետո օրգանը մեռուկանում է: Աղիքները ճմլվելիս առաջանում է աղիքների անանցանելիություն: Եթե ճմլումը ժամանակին չվերացվի, կարող է առաջանալ որովայնամզի բորբոքում, որը հանգեցնում է լուրջ բարդության և մահվան:

Բուժում

Ճողվածքի բուժման միակ արմատական եղանակը վիրահատությունն է: Բոլոր հիվանդները պետք է գտնվեն վիրաբույժի հսկողության ներքո: Չբարդացած ճողվածքի վիրահատական բուժումն անվտանգ է և արդյունավետ: Ժամանակին չվիրահատելիս ճողվածքը կարող է ճմլվել, և նման դեպքերում անհետաձգելի վիրահատությունը կենսական անհրաժեշտություն է դառնում: Ճմլված ճողվածքը դժվար է բուժվում, քանի որ կատարվում է օրգանիզմի թունավորման և ճողվածքապարկի շրջանում բորբոքման պայմաններում:
Ճմլված ճողվածքի ուղղման փորձերը, ջեռակի, ցավազրկող նյութերի օգտագործումն անթույլատրելի են: Նման դեպքերում ճմլված օրգանին լրացուցիչ վնաս է հասցվում, ինչն էլ ազդում է վիրահատության արդյունքի վրա: Բացի այդ, ճմլված օրգանի ուղղման ժամանակ ճմլված օրգանը կարող է պատռվել և դրա մեռուկացված մասերը` ընկնելով որովայնի խոռոչ կհանգեցնեն որովայնամզի բորբոքման:
Բանդաժ կրելը չի երաշխավորում, որ ճողվածքը չի ճմլվի: Այն թույլատրվում է կրել միայն այն ժամանակ, երբ որոշ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են օրինակ` վիրահատությունը հակացուցված է:

Կրծքի երեխաների պորտային ճողվածքի ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` երեխայի պորտին կպչուն սպեղանի դնելով, ինչը կանխում է ճողվածքապարկի արտացցումը: Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ սպեղանի, քանի որ հինը կարող է շուտ պոկվել և մաշկը կակղեցնել: Պորտին սպողանի կպցնելուց բացի, բժիշկը կարող է առաջարկել օրգանիզմն ամրապնդող դեղորայքային բուժում, որովայնի պատի մերսում, ինչպես նաև որովայնի մկաններն ամրապնդող միջոցներ:
Աճուկային ճողվածքի առկայության դեպքում երեխաների վիրահատությունը բժշկի նշանակմամբ կատարում են այն տարիքում, երբ դա ամենաանվտանգն է:

Կանխարգելում

Ճողվածքի կանխարգելման լավագույն միջոցներն ենորովայնի պատի մկաններն ամրապնդող ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև օրգանիզմի կոփումը:
Հղիության ժամանակ էական նշանակություն ունի ճիշտ ռեժիմը, բանդաժ կրելը, իսկ ծննդաբերությունից հետո օգտակար է որովայնի մերսումը: Հարկավոր է խուսափել խիստ ճարպակալումից և նիհարելուց:
Խորհուրդ է տրվում փոքր երեխաներին օրը 3-4 անգամ 1-3 րոպե պառկեցնել փորի վրա, ինչը նպաստում է որովայնի ճնշման ամրապնդմանը: