Ճարպի կուտակումը պահեստներում և ճարպաազատման ակտիվացումը իրականանում է ինքնակարգավորման սկզբունքով, արյան գլյուկոզայի մակարդակի հիման վրա: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը իջեցնում է ճարպի քայքայման պայմանները և ակտիվացնում է նրանց սինթեզը և ընդհակառակը, արյան գլյուկոզայի մակարդակի իջեցումը ակտիվացնում է լիպոլիզը և ընկճում է լիպոգենեզը: Այսպիսով իրականանում է ճարպերի և ածխաջրատների փոխանակության փոխադարձ կապը: Սննդի հետ էներգիայի մեծ քանակներ ներմուծելիս, օրինակ, ածխաջրատների գերքանակների դեպքում տեղի է ունենում ճարպի դեպոյացում (պահեստավորում), իսկ ածխաջրատների քանակի անբավարարության, կամ նրանց անբավարար յուրացման դեպքում (շաքարային դիաբետ) ճարպերը քայքայվում են և արյուն են մտցնում նոր էներգիական նյութ՝ ճարպաթթուներ:

Ճարպերի փոխանակության նյարդային կարգավորումը կատարվում է քաղցի և հագեցման կենտրոնի գործունեությամբ, որը որոշում է սննդի ընդունումը: Քաղցի կենտրոնը գտնվում է հիպոթալամուսի փորակողմնային կորիզներում: Նրա քայքայումից առաջանում է ախորժակի լրիվ վերացում, ընդհուպ մինչև սովամահություն: Հագեցման կենտրոնը գտնվում է հիպոթալամուսի փորամիջային կորիզներում: Նրանց քայքայումից հագեցման զգացումը վերանում է, առաջանում է անհագ ախորժակ, կենդանին ընդունում է արտասովոր մեծ քանակով սնունդ, զարգանում է ճարպակալում և ճարպային պահեստների գերբեռնում: Պարասիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացումը նպաստում է ճարպի սինթեզին և ճարպային պահեստներում կուտակմանը, սիմպաթիկ համակարգը, ընդհակառակը, ընկճում է ճարպերի սինթեզը և ուժեղացնում է նրանց ազատումը պահեստներից: Սիմպաթիկ նյարդային համակարգի երկարատև դրդված վիճակը, հուզական լարումները և երկարատև մկանային գործունեությունը հյուծում են ճարպային պահեստները:

Ճարպաազատման վրա ակտիվացնող ազդեցություն են թողնում ադրենալինը, նորադրենալինը, սոմատոտրոպինը, թիրոքսինը, թիրոտրոպինը: Դրա հետ կապված ինտենսիվ աճի շրջանում, վահանագեղձի թերֆունկցիայի ժամանակ դիտվում է նիհարում:Հիպոֆիզի հորմոն և լիպոտրոպինները կարգավորում են ճարպազատումը ճարպային պահեստներից և ճարպի օքսիդացումը: Այդ հորմոնի թերարտադրության ժամանակ առաջանում է բնորոշ ճարպակալում: Կորտիկոտրոպինը (հիպոֆիզի հորմոն) և գլյուկոկորտիկոիդները (մակերիկամի կեղևային հորմոն) ընկճում են ճարպի ազատումը պահեստներից (արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացնելու հետևանքով): Ինսուլինը ակտիվացնում է ածխաջրատներից ճարպի առաջացումը և ընկճում է ճարպի քայքայումը: Ճարպի սինթեզը ակտիվացնում է նաև պրոլակտինը (հիպոֆիզի առաջային բլթի հորմոն): Կաթնարտադրության շրջանում և նրա դադարեցումից հետո այդ հորմոնի գերարտադրությունը ոչ հազվադեպ հասցնում է ճարպակալման: Պանկրեասի հորմոն լիպոկայինը (պանկրեասի ծորանների էպիթելից արտադրվող հորմոն) նպաստում է ճարպերի լրիվ օքսիդացմանը: Նրա թերարտադրության ժամանակ (շաքարային դիաբետ) առաջանում են ճարպերի թերայրման թթու արգասիքներ' կետոններ, որոնց ներկայությունը սպառնում է արյան pH-ի փոփոխություն և հիպերգլիկեմիկ կոմայի զարգացում:

Քսանհինգ տարեկանից հետո յուրաքանչյուր 10 տարիների ընթացքում հիմնական փոխանակությունը իջնում է մոտ 7,5%-ով, և տարեց հասակում սովորական ախորժակի (սննդառական կենտրոնի սովորական գրգռականության) և իջած էներգիական ծախսերի անհամապատասխանության հետևանքով ոչ հազվադեպ զարգանում է ճարպակալում:
Խոլեսթերինի փոխանակության կարգավորումը առայժմ անբավարար է ուսումնասիրված: Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի ազդեցությունը խոլեսթերինի մակարդակի վրա' հուզական լարվածությունը արյան մեջ բարձրացնում է խոլեսթերինի քանակը (հիպերխոլեսթերինեմիա):Վահանագեղձի հորմոնները թիրոքսինը և տրիյոդթիրոնինը, ինչպես նաև սեռական հորմոնները ուժեղացնում են խոլեսթերինի և սինթեզը, և հատկապես քայքայումը: Մակերիկամի գլյուկոկորտիկոիդները խթանում են նրա առաջացումը: Խոլեսթերինի փոխանակության խանգարման հետևանքով լյարդի, փայծաղի, մաշկի անոթներում առաջանում են խոլեսթերինի և նրա եթերների նստվածքներ, զարգանում է անոթների աթերոսկլերոզ, լեղուղիներում ոչ հազվադեպ առաջանում են խոլեսթերինային քարեր, որը պատճառ է դառնում լեղաքարային հիվանդության զարգացման: Խոլեսթերինի անբավարար սինթեզի ժամանակ խանգարվում է բջջաթաղանթների և նյարդային տարրերի կառուցվածքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին