Ճարպերի կամ լիպիդների շարքին դասվում են ընդհանուր ֆիզիոլոգիական հատկություններով օժտված, սակայն քիմիական իմաստով ոչ համասեռ միացություններ: Քիմիական բաղադրությամբ նրանց բաժանում են պարզ լիպիդների (չեզոք ճարպեր, մոմեր), բարդ լիպիդների (ֆոսֆոլիպիդներ, գլյուկոլիպիդներ կամ ցերեբրոզիդներ, սուլֆոլիպիդներ) և ստերոիդների:
Մարդու և կենդանիների օրգանիզմում լիպիդների հիմնական զանգվածը կազմում են չեզոք ճարպերը: Դրանք տարբեր ճարպաթթուներ, առավել հաճախ պալմիտինաթթու, ստեարինային, օլեինային, լինոլեինային, լինոլային թթուներ պարունակող լիրիգլիցերիդներ են: Մարդու սննդի չեզոք ճարպերը էներգիայի կարևոր աղբյուր են' 1գ ճարպի օքսիդացումից անջատվում է 38,94 կջ ջերմություն: Չափահաս մարդու օրգանիզմում էներգիայի մոտ 50%-ը և կրծքահասակ երեխայի օրգանիզմում մոտ 40%-ը առաջանում է չեզոք ճարպերի օքսիդացման հաշվին: Դրա հետ միասին չեզոք ճարպերը էնդոգեն ջրի աղբյուր են' 100գ ճարպի օքսիդացումից առաջանում է.107գ ջուր, որը մտնում է օրգանիզմի բնականոն ջրափոխանակության ֆոնդի մեջ:

Չեզոք ճարպը ծառայում է նաև որպես կենսաբանական ջերմամեկուսիչ համակարգ` մարմինը պատելով նա նպաստում է ջերմության պահպանմանը օրգանիզմում: Չեզոք ճարպը կատարում է կառուցվածքային ֆունկցիա` ապահովում է ենթաբջջային կառույցների հիդրոֆոբ հատկությունները:Չեզոք ճարպերը կատարում են նաև մեխանիկական պաշտպանական ֆունկցիա' շրջապատելով օրգանները, անոթները և նյարդերը պաշտպանում են նրանց արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից: Չափահաս մարդու չեզոք ճապի օրական պահանջը կազմում է 70-80գ, 3-10 տարեկան երեխաներինը' 25-30գ: Կրծքահասակ երեխաների համար այն դեռևս ճշգրիտ որոշված չէ: էներգիական իմաստով չեզոք ճարպերը կարող են հեշտությամբ փոխարինվել ածխաջրատներով: Սակայն որոշ չհագեցած ճարպաթթուներ, օրինակ, լինոլային, լինոլեինային և արախիդոնային ճարպաթթուները պետք է անպայման պարունակվեն մարդու սննդում, քանի որ նրանք անհրաժեշտ են բնականոն աճի և մի շարք օրգանների ֆունկցիաների համար: Նրանց անվանում են անփոխարինելի ճարպաթթուներ: Սննդի մեջ նրանց երկարատև, բացակայությունը հանգեցնում է աճի դանդաղեցման' երիտասարդ օրգանիզմներում և բազմանալու ընդունակության կորստին' չափահասների մոտ: Առաջանում են մաշկի ախտահարումներ, հատկապես երեխաների մոտ: Մարդու օրական պահանջը այդ ճարպաթթուների նկատմամբ կազմում է 3- 6գ:Մարդու արյան մեջ քաղցած վիճակում չեզոք ճարպի պարունակությունը մոտ 200մգ% է: Սնունդ ընդունելուց 2-3 ժամ հետո ճարպի քանակը արյան մեջ բարձրանում է, որն անվանում են ալիմենտար (սննդային) հիպերլիպեմիա (գերճարպարյունություն), 4-6 ժամից հետո հասնում է առավելագույնի և նորմայի է վերադառնում 9-րդ ժամվա վերջում:

Բնականոն պայմաններում ճարպի քանակը օրգանիզմում կազմում է մարմնի զանգվածի 10-20%-ը: Սակայն ախտաբանական վիճակներում կարող է հասնել շատ մեծ չափերի:
Սննդի կազմում ճարպի ոչ մեծ քանակների ընդունման դեպքում օրգանիզմում սինթեզվում և կուտակվում է օրգանիզմին հատուկ տեսակային սպեցիֆիկ ճարպ, սակայն նույն տիպի ճարպի երկարատև օգտագործման դեպքում ենթամաշկային շերտի ճարպը իր բաղադրությամբ մոտենում է օգտագործած ճարպին: Ճարպային հյուսվածքում չեզոք ճարպը պահեստավորվում է տրիգլիցերիդների ձևով և օգտագործվում է ըստ էներգիական պահանջների: Վերջին գործընթացն անվանում են ճարպաազատման ակտիվացում (ճարպի մոբիլիզացիա): Ճարպերի սինթեզն օրգանիզմում անվանում են լիպոգենեզ, իսկ քայքայումը' լիպոլիզ: Ճարպերի միջանկյալ փոխանակության մեջ կարևոր դեր է խաղում լյարդը: Այն միակ օրգանն է, որն առաջացնում է կեդանային մարմիններ և ացետոն, որոնք արյան միջոցով անցնելով տարբեր օրգաններ, արագ օքսիդանում են Կրեբսի ցիկլում, ուստի նրանց քանակը արյան մեջ մեծ չէ` 4-5 մգ%: Կրեբսի ցիկլում կետոնային մարմինների լիարժեք օքսիդացման համար անհրաժեշտ է ածխաջրատային փոխանակության պրոցեսների բնականոն ընթացք: Ճարպի միջանկյալ փոխանակության խանգարման, շաքարային դիաբետի, հյուծող մկանային աշխատանքի, քաղցի, տենդի ժամանակ. արյան մեջ մեծանում է կետոնային մարմինների քանակը (հիպերկետոնեմիա) և մեզի միջոցով հեռացումը (կետոնուրիա): Այդ վիճակը կոչվում է կետոզ, որը հանգեցնում է արյան pH-ի փոփոխությունների և կարող է դառնալ նյութափոխանակային կոմայի առաջացման պատճառ:

Խոլեսթերինը և այլ ստերոիդները ներմուծվում են սննդի հետ կամ սինթեզվում են օրգանիզմում: Խոլեսթերինից օրգանիզմում սինթեզվում են կենսաբանական կարևոր ստերիններ, առավելապես մակերիկամների կեղևի և սեռական գեղձերի հորմոններ, ինչպես նաև վիտամին D3: Խոլեսթերինը և ֆոսֆոլիպիդները բջջաթաղանթի կարևոր կառուցվածքային բաղադրիչներ են: Ամենամեծ քանակով խոլեսթերին հայտնաբերված է մակերիկամներում' 4,5- 10%, այնուհետև ուղեղում և ծայրամասային նյարդերում' մոտ 2%, ճարպային հյուսվածքում նույնպես մոտ 2%, արյան մեջ այն կազմում է մոտ 0,2%, մկաններում' 0,1% և կմախքում 0,01%: Ֆոսֆոլիպիդների շարքին են դասվում լեցիտինները և սֆիեգոմիելինները: Նրանք մտնում են րոլոր բջիջների, հատկապես նյարդային բջիջների բաղադրության մեջ: Ֆոսֆոլիպիդները որպես կառուցվածքային տարրեր մտնում են բջջաթաղանթի ն ենթաբջջային կառույցների թաղանթների, ինչպես նաև կորիզանյութի և պրոտոպլազմայի մեջ: Ֆոսֆոլիպիդները սինթեզվում են աղիքի լորձաթաղանթում և լյարդում: Սակայն արյան մեջ անցնում են միայն լյարդի բջիջների ֆունկցիայի շնորհիվ, ուստի արյան մեջ ֆոսֆոլիպիդների մակարդակը կախված է լյարդի ֆունկցիոնալ վիճակից: 

Ֆոսֆոլիպիդները սինթեզվում են չեզոք ճարպերից, ֆոսֆորական թթվից և խոլինից: Խոլինի առաջացման համար որպես մեթիլ խմբերի դոնատոր անհրաժեշտ է սննդի հետ բավարար քանակով մեթիոնին ամինաթթվի ներմուծում: Մեթիլ խմբերի անբավարարության ժամանակ լյարդում խանգարվում է խոլինի սինթեզը և ֆոսֆոլիպիդների հետագա առաջացումը, որի հետևանքով նրա մեջ կուտակվում է չեզոք ճարպ և զարգանում է լյարդի ճարպային կազմափոխություն (լյարդի ճարպային ներսփռում): Ճարպի քանակը այդ դեպքում լյարդում նորմայում 5%-ի փոխարեն կարող է հասնել 40-50%-ի: Գլիկոլիպիդները բարդ լիպիդներ են, որոնք ֆոսֆոր չեն պարունակում, նրանց կազմության մեջ մտնում է գալակտոզա: Դրանք մուկոլիպիդներ են' գանգլիոզիդներ և ցերեբրոզիդներ: Նրանք մեծ քանակով գտնվում են ուղեղային հյուսվածքում և արյան բջիջներում: Նրանք կարևոր դեր են խաղում արյան իմունաքիմիական պրոցեսներում, վիրուսները կապում են բջջաթաղանթներին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին