ԲժշկագիտությունԲժշկագիտությունը տեսական և փորձնական գիտելիքների համակարգ է, որի նպատակը մարդու առողջության պահպանումն ու ամրապնդումն է, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Բժշկագիտությունն ամենահին գիտություններից է: Դեռևս նախամարդու կենցաղում գոյություն են ունեցել անձնական հիգիենայի տարրական կանոններ: Վաղ շրջանում բժշկագիտությունը կրել է փորձնական բնույթ: Այն զարգացած է եղել Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում, Հնդկաստանում, Իրանում: Բաբելոնի թագավոր Համուրապիի (մ.թ.ա. XVIII դար) օրենսգրքում շարադրված են եղել բժշկի պարտականությունները:

Հին Չինաստանում պատվաստումներ են կատարել բնական ծաղիկի դեմ, ցավազրկման նպատակով օգտագործել հաշիշ, օպիում, մշակվել են անոթազարկի և մեզի քննությամբ ախտաճանաչման եղանակներ: Հին հույն բժիշկ, «բժշկության հայր» Հիպոկրատը (մ.թ.ա. 460–377 թթ.) հիվանդությունների առաջացումն ու զարգացումը կապել է արտաքին ազդակների (օդ, ջուր, տեղանք) հետ: Հելլենիստական Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում բժիշկներ Հերոփիլոսը, Էրազիստրատոսը (մ.թ.ա. III դար) կատարել են կենդանահատումներ, դիահերձումներ և վիրաբուժական միջամտություններ: Հռոմեացի բժիշկ Կլավդիոս Գալենը (մ.թ.ա. II դար) լուսաբանել է կենդանի օրգանիզմի կառուցվածքը և այնտեղ տեղի ունեցող շարժընթացները: Ավելի ուշ հայտնի էր Արևելքի հռչակավոր բժիշկ Ավիցեննայի բժշկագիտությունը: Մանրադիտակի գյուտով (XVII դար) դրվեց մանրէաբանության զարգացման սկիզբը: 

XIX դարի կեսին որպես ցավազրկող և անզգայացնող նյութեր սկսեցին օգտագործել եթերը և քլորոֆորմը: Այդ ժամանակ ֆիզիոլոգիան առանձնացավ որպես ինքնուրույն գիտություն: Ստեղծվեց էլեկտրաֆիզիոլոգիայի բաժին, կիրառվեցին կենսահոսանքների գրանցման, էլեկտրասրտագրության, էլեկտրաուղեղագրության եղանակներ: XIX դարի 2-րդ կեսին հայտնաբերվեցին վարակիչ հիվանդությունների (հետադարձ տիֆ, ամեոբային դիզենտերիա) հարուցիչները, տուբերկուլոզի ցուպիկը, խոլերայի վիբրիոնները, մշակվեցին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման նոր եղանակներ, հիմնադրվեց իմունաբանությունը: Ռենտգենյան ճառագայթների գյուտով հիմք դրվեց ռենտգենաբանությանը և ճառագայթաբանությանը: XX դարի սկզբին հիմնադրվեցին վիրուսաբանությունը և բժշկական ներզատաբանությունը, վիտամինների մասին ուսմունքը: Օրգանական քիմիայի նվաճումները նպաստեցին նոր դեղամիջոցների հայտնագործմանը. Գերմանիայում ստացան սուլֆանիլամիդային միացություններ, իսկ Անգլիայում՝ պենիցիլին: Կատարելագործվեցին անզգայացման ու վերակենդանացման միջոցները (անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա), արյան ու շիճուկի փոխներարկման (տրանսֆուզիոլոգիա) եղանակները և այլն:

XX դարի սկզբին գենետիկայի զարգացման արդյունքում հնարավոր եղավ փաստացի նյութ հավաքել մարդու ախտաբանական հատկանիշների ժառանգման վերաբերյալ: Իսկ մարդու օրգանիզմում քրոմոսոմների ճշգրիտ թիվը որոշելուց հետո հայտնաբերվեցին քրոմոսոմային հիվանդությունները: Զարգացավ գենետիկական ճարտարագիտությունը, որի խնդիրն էր լաբորատոր պայմաններում ստեղծել նոր ժառանգական հատկանիշներով օժտված օրգանիզմներ, գիտական հիմքերի վրա դրվեց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը: XX դարի 2-րդ կեսին ախտորոշման բնագավառում հատուկ նշանակություն ձեռք բերեց էլեկտրոնային հաշվողական տեխնիկան: Ստեղծվել են վիրահատության ժամանակ անզգայացման, շնչառության և զարկերակային ճնշման մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգեր, կառավարվող պրոթեզներ: XX դարի վերջը նշանավորվեց նաև կլոնավորման առաջին հաջողությամբ. 1997-ին անգլիացի կենսաբան Ուիլմութը հասուն ոչխարի կաթնագեղձի բջիջները փոխպատվաստեց ոչխարի ձվաբջջի մեջ և պտուղ ստացավ՝ հայտնի Դոլի գառնուկը: Այդ նույն եղանակով XXI դարում հնարավոր է թվում մարդու կլոնավորումը, այսինքն կարելի կլինի ստանալ մի քանի երկվորյակներ, որոնք շատ նման կլինեն միմյանց:

Ժամանակակից բժշկագիտությունը միտված է սիրտանոթային հիվանդությունների (որոնք կազմում են մահվան բոլոր պատճառների 50 %-ը), քաղցկեղի (ամեն տարի քաղցկեղից մահանում է 2 մլն մարդ), նյարդահոգեկան հիվանդությունների (որոնց մեջ հատուկ տեղ ունեն ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը), վնասվածքների, ՁԻԱՀ-ի ախտորոշման, բուժման ու կանխարգելման եղանակների կատարելագործմանը, շրջակա միջավայրի առողջացման և բնապահպանության համար պայքարի միջոցառումների մշակմանը, բնակչության «ծերացման» խնդիրների (բժշկական օգնություն, ապրելակերպ, սոցիալ-տնտեսական հետևանքներ) լուծմանը: Կարևորվում են նաև բժշկի և հիվանդի փոխհարաբերությանը վերաբերող բարոյագիտական խնդիրները՝ թույլատրելի միջամտության սահմաններում (օրինակ՝ հոգեկանի վրա ազդեցությունը հոգեհակ դեղանյութերով, դոնորությունը՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ), հակամարդկային փորձերը մարդկանց վրա կամ բժիշկների մասնակցությունը բակտերիաբանական պատերազմների նախապատրաստմանը, բժշկի երդման մեջ օրենսդրորեն սահմանված բարոյագիտական նորմերի պահպանումը մասնագիտական պարտականությունները կատարելիս և այլն:

Բժշկագիտությունը Հայաստանում
Հայաստանում բժշկական գործիքներ հայտնաբերվել են դեռևս ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումներից: III–IV դարերում գոյություն է ունեցել նաև բորոտանոց: IX–XIV դարերում ստեղծվել են բժշկական դպրոցներ ու «բժշկանոցներ»: Այդ ժամանակաշրջանի ականավոր բժիշկներից են Մխիթար Հերացին (XII դար), Գրիգորիսը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար) և ուրիշներ: Սկսած XVII դարի 2-րդ կեսից` հայ բժիշկները (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել Ռեստեն և ուրիշներ) կրթություն էին ստանում Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում: XIX դարի 2-րդ կեսին աչքի ընկած հայ բժիշկներ Դ. Ռոստոմյանի, Լ. Տիգրանյանի, Վ. Արծրունու և այլոց ուշադրության արժանի աշխատությունները գրված են ռուս առաջադեմ բժշկագիտության ոգով: ՀՀ-ում բժշկագիտությունը վերսկսեց զարգանալ խորհրդային իշխանության տարիներին: 1930 թ-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց Երեվանի պետական բժշկական ինստիտուտի (ներկայումս` Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան), որի ամբիոններում և տարեցտարի ավելացող գիտահետազոտական հաստատություններում ուսումնասիրվում են տեսական և կիրառական բժշկագիտության կարևորագույն խնդիրներ: Աստիճանաբար սկսեցին առանձնանալ և որպես ինքնուրույն գիտություններ ձևավորվել բժշկագիտության հետևյալ ճյուղերը. բժշկասոցիալական բժշկագիտությունը. ձևավորվել է ընդհանուր, երեխաների և դեռահասների հիգիենայի, սննդի ու ճառագայթային, ջրամբարների պահպանության և ջրամատակարարման հիգիենայի բնագավառների ուսումնասիրություններով: 

Ստացվել են բակտերիային պատրաստուկներ, ներդրվել է դիֆթերիայի կրկնավակցինացման որակապես նոր համակարգ (Ա. Ալեքսանյան):
Բժշկակենսաբանական բժշկագիտության բնագավառում մշակվել են բժշկագիտական տերմինաբանության հարցերը (Վ. Արծրունի): Ուսումնասիրվել են հանրապետության բուսական պաշարները, հայտնաբերվել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր (Ս. Միրզոյան): Բացահայտվել է գլխուղեղային արյան շրջանառության մեջ պրոստագլանդինների և գամմաամինակարագաթթվի մասնակցությունը: Կլինիկական բժշկագիտության բնագավառում ներդրվել է սրտաբանության նոր ուղղություն՝ մոնիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրությունը, մշակվել են սրտի իշեմիկ հիվանդության և սրտի բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը: Ուսումնասիրվել են ՀՀ տարածքի առողջարանային պաշարները, մշակվել սրտային, ստամոքսաղիքային հիվանդությունների հանքային ջրերով բուժման ցուցումներն ու հակացուցումները: Վիրաբուժության բնագավառում մշակվել են երկարատև ու դժվար ապաքինվող վերքերի հատման, ծնկոսկրի կոտրվածքների բուժման եղանակներ, ազդրի բնածին հոդախախտումների բուժման համար ներդրվել են հատուկ սարքավորումներ: Հիմնվել է վիրաբուժության նոր ուղղություն՝ թոքերի վիրաբուժությունը: Ուսումնասիրվել են որովայնի օրգանների, սրտի և արյունատար անոթների վիրաբուժության տեխնիկայի հարցերը:

Սրտային վիրաբուժության բնագավառում ներդրվել են սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման փորձարարական ու կլինիկական տեսակետներ, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժման նոր եղանակներ:Մշակվել են արյան փոխներարկման, անեսթեզիոլոգիայի հրատապ խնդիրեր:
Մանկաբուժության բնագավառում զբաղվել են վերին շնչուղիների վիրուսային, վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում մշակվել է նոր ուղղության՝ պերինատոլոգիայի դրույթները, ներդրվել պտղի վիճակի ուսումնասիրման նորագույն եղանակներ: Ակնաբանության բնագավառում կիրառվում է աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը: Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառում մշակվել են ստամոքսաղիքային  և շնչառական համակարգի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման եղանակներ, ստեղծվել է բազմավալենտ սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին