J ընկալիչներ կամ բշտիկամերձ (մազանոթամերձ) ընկալիչների ազդեցությունը շնչառական կենտրոնի վրա
Այս ընկալիչները տեղադրված են բշտիկների և շնչառական բրոնխների միջանկյալ հյուսվածքում, արյան փոքր շրջանառության մազանոթների մոտիկությամբ։ J-ընկալիչները զգայնություն են ցուցաբերում մի շարք կենսաբանորեն ակտիվ նյութերի (պրոստագլանդինների, հիստամինի, ֆենիլդիգուանիդինի) նկատմամբ, որոնք օդատար ուղիներից, կամ էլ փոքր շրջանառության արյան միջոցով թափանցում են թոքերի միջանկյալ հյուսվածք։
Այդ ընկալիչների համար գրգռիչ են հանդիսանում նաև ճնշման բարձրացումը արյան փոքր շրջանառության համակարգում, թոքերի այտուցը, թոքերի փոքր անոթների էմբոլիան, թոքային հյուսվածքի վնասումները։ J-ընկալիչներից ընթացող ազդակներն ուղեղի շնչառական կենտրոն են հաղորդվում թափառող նյարդի կազմում ընթացող С խմբին պատկանող միելինազուրկ վերընթաց նյարդաթելերով և առաջ բերում մակերեսային հաճախացած շնչառություն (Tiling), ինչպես նաև ռեֆլեքսային դանդաղասրտություն։ Թոքերի հիվանդության ժամանակ հևոցի առաջացման գործում նշանակություն ունի J-ընկալիչների և իրիտանտ ընկալիչների զուգակցված գրգռումը։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին