ԲորբոքումՆկարագրություն
Բորբոքումն իրենից ներկայացնում է օրգանիզմի պաշտպանահարմարվողական տեղային հակազդեցությունը վնասակար տարբեր ազդակների նկատմամբ։ Բորբոքային հակազդեցությունն ամբողջ օրգանիզմից սահմանազատում է վնասակար օջախը, դեպի ուր շարժվում են ֆագոցիտոզի երևույթն իրականացնող արյան սպիտակ մարմնիկները՝ լեյկոցիտները, որոնք լափում, կլանում են օրգանիզմ ներթափանցած օտարածին նյութերը, մանրէները և այլն։ Դրա հետ մեկտեղ հակամարմիններ առաջացնող արյան լեյկոցիտների և հատուկ բջիջների բազմացումը հանգեցնում է տեղային և ընդհանուր իմունիտետի բարձրացման։

Առավել հաճախ հանդիպում է էքսուդատիվ բորբոքում, երբ բորբոքային օջախում արյան անոթները փոփոխվում են, և դրանց պատերի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով շրջակա միջավայր են անցնում արյան պլազման, էրիթրոցիտները, լեյկոցիտները, սպիտակուցները և այլն, որոնք միասին կազմում են արտաքիրտը (էքսուդատ)։ Եթե արտաքիրտը համարյա թափանցիկ է և պարունակում է մինչև 8% սպիտակուց, բորբոքումը կոչվում է շճային, իսկ եթե մեծ քանակությամբ հատուկ սպիտակուց՝ ֆիբրինոգեն է պարունակում՝ ֆիբրինոզ բորբոքում։ Թարախային բորբոքման ժամանակ արտաքիրտում առկա են մեծ քանակությամբ մահացած լեյկոցիտներ։ Լորձաթաղանթներում, օրինակ՝ շնչուղիներում, բորբոքային գործընթացը կոչվում է լորձենաբորբային (կատառային)։

Պատճառներ
Ալտերատիվ բորբոքումն առաջանում է ներքին օրգաններում վարակիչ հիվանդությունների, որոշ ալերգիական հակազդեցությունների դեպքերում, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի (օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ՝ տոքսինի) ազդեցությունից։

Պրոլիֆերատիվ բորբոքումը լինում է սիֆիլիսի, տուբերկուլոզի, բծավոր տիֆի և այլ դեպքերում։

Պաթոգենեզ
Բորբոքումն ընթանում է 3 կարևոր փուլերով`
- ալտերացիա՝ բջիջների և հյուսվածքների վնասում,
- էքսուդացիա՝ անոթներից արյան հեղուկի և բջիջների արտահոսք, քորից հյուսվածքներն այտուցվում են,
- պրոլիֆերացիա՝ բջիջների բազմացում և հյուսվածքների աճ։

Բորբոքային հակազդեցությունների ժամանակ նշված փուլերը պարտադիր ընթանում են, սակայն կարոդ են տարբեր ձևերով դրսևորվել։ Կախված փուլերից որևէ մեկի գերակայումրց՝ տարբերում են.
- Ալտերատիվ բորբոքում,
- Էքսուդատիվ բորբոքում,
- Պրոլիֆերատիվ բորբոքում։

Պրոլիֆերատիվ բորբոքմանը բնորոշ է հիմնականում շարակցական հյուսվածքի բջջային տարրերի բազմացումը, որը դրսևորվում է հյուսվածքներում հանգույցների, հաստացումների առաջացմամբ։

Արտաքին օրգանների սուր բորբոքմանը բնորոշ են այտուցը, կարմրությունը, տենդը, ցավը և ֆունկցիաների խանգարումը։ Ներքին օրգանների բորբոքման դեպքում որոշ ախտանշաններ կարոդ են բացակայել։ Սովորոբար բորբոքման ժամանակ նկատվում է նաև օրգանիզմի ընդհանուր հակազդեցություն՝ տենդ, արյան լեյկոցիտների թվի ավելացում (լեյկոցիտոզ), նյութափոխանակության խանգարում, ծանր դեպքերում (դիֆթերիա, թոքաբորբ և այլն) առաջանում է ընդհանուր ինքնաթունավորում: Երբեմն բորբոքումը կարող է ավարտվել կենսական կարևոր հյուսվածքների վնասմամբ։ Ներքին օրգանների (օրինակ՝ որդանման ելունի) բորբոքման ժամանակ կարող են կպումներ առաջանալ։

Քրոնիկական բորբոքման հետևանքով երբեմն առաջանում են կարծրախտային փոփոխություններ և մասնակիորեն սահմանափակվում է տվյալ օրգանի ֆունկցիան:

Բուժում: Բորբոքման ելքը կարող է տարբեր լինել։ Հնարավոր է լրիվ ապաքինում, իսկ եթե հյուսվածքը շատ է վնասվել, հաճախ բորբոքված հատվածում սպի է առաջանում։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին