Ֆագոցիտային բջիջներՆեյտրոֆիլները, մակրոֆագերը և դենդրիտային բջիջները ախտածինների դեմ բջջային պաշտպանության առաջին գիծն են կազմում: Նեյտրոֆիլները նորմայում գտնվում են արյան մեջ, բայց դուրս են գալիս դեպի հյուսվածքներ բորբոքման  հետևանքով: Մակրոֆագերը նորմայում գտնվում են հյուսվածքներում` ածանցվելով արյան շրջանառող մոնոցիտներից:  Բոլոր երեք տեսակի բջիջներն էլ ունեն մակերեսային ընկալիչներ, որոնք ճանաչում են բակտերիաների մակերեսին բնորոշ մոլեկուլները: Այս ընկալիչները սովորաբար կապում են ածխաջրեր, օր.` մանոզան, և լիպոպոլիսախարիդներ, որոնք չկան էուկարիոտ բջիջների մակերեսին: Կապվելուց հետո բակտերիաները կլանվում են ֆագոցիտի կողմից: Այդ կլանման հետևանքով բջիջները կարող են արտազատել մի շարք ցիտոկինններ: Բջիջների ներսում այս մանրէները ոչնչացվում են:

Մակրոֆագներն ու դենդրիտային բջիջները, քայքայելով միկրոօրգանիզմներին, բակտերիալ սպիտակուցների հատված հանդիսացող պեպտիդները ներկայացնում են իրենց բջջի մակերեսին` MHC-2 մոլեկուլների հետ համակցված (տես հետագայում): Մակրոֆագները և դենդրիտային բջիջները հակածին-ներկայացնող բջիջների օրինակներ են և կարևոր են ադապտիվ իմունային պատասխանի ակտիվացման հարցում: Նեյտրոֆիլները նորմայում գտնվում են արյան շրջանառության մեջ, ունեն 3-4 օրվա կյանքի տևողություն, բայց բորբոքման ընթացքում արտագաղթում են էնդոթելային շերտով արյան հունից: Նրանք ճանաչում են ԼՊՍ և ԼԿՍ (լիպոպոլիսախարիդ կապող սպիտակուց)` CD14 համալիրը, ինչպես նաև C3b-ն բակտերիալ բջիջների հետ կապված: Նեյտրոֆիլները ֆագոլիզոսոմների ներսում արտադրում են ակտիվացված թթվածին, պրոտեազներ և ֆոսֆոլիպազներ, որոնք կարող են քայքայել և  Գրամ+ և Գրամ- մանրէներին և որոշ վիրուսների: Նեյտրոֆիլների քանակի պակասեցումը կամ ֆունկցիաների խաթարումը կարող է առաջացնել հիվանդություն: Քանակի պակասեցումը կարող է բերել սեպտիցեմիայի և մահվան: Ջոբի համախտանիշի ժամանակ ախտահարված է նեյտրոֆիլների քեմոտաքսիսը, որն էլ բերում է կրկնվող ֆուրունկուլների առաջացման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին