Բարակ աղիքի շարժական գործունեությունԲարակ աղիքի շարժումները ապահովում են խյուսի խառնումը մարսողական հյութերի հետ, նրա տարբեր շերտերի շփումը աղիքի լորձաթաղանթի հետ, ներաղիքային ճնշման բարձրացումը, որն օժանդակում է խյուսից որոշակի նյութերի քամմանը աղիքի խոռոչից դեպի արյուն ու ավիշ և նրա տեղաշարժը ըստ հիդրոստատիկ ճնշման գրադիենտի: Բարակ աղիքի շարժումները տեղի են ունենում նրա պատերը կազմող երկայնական (արտաքին) և ընդլայնական (շրջանաձև, ներքին) մկանային շերտերի համագործակցված կծկումների շնորհիվ: Աղիքների շարժական գործունեության հիմքում ընկած է հարթ մկանային բջիջների կծկվելու ունակությունը`ի պատասխան ինչպես ինքնածին գրգիռների, այնպես էլ տարբեր բնույթի գրգռիչների ներգործության: Ինքնավարությունն ապահովող ինքնածին ազդակները ծագում են այդ բջիջների թաղանթների պարբերական ապաբևեռացման հետևանքով և կախված են նյութափոխանակության մակարդակից, կենսաբանական ակտիվ նյութերի պարունակությունից, ջերմաստիճանից և այլն:

Տարբերում են բարակ աղիքի կծկումների մի քանի տեսակներ:
1) Ճոճանակւսձև շարժումներ: Ապահովվում են առավելապես մկանների երկայնական շերտի կծկումներով, շրջանաձև մկանների մասնակցությամբ: Երկայնական մկանների կծկումները հանգեցնում են աղիքի պատի կարճացման և լուսանցքի լայնացման: Այդ դեպքում տեղի է ունենում աղիքի պատի տեղաշարժ խյուսի նկատմամբ, խյուսի «առաջ-հետ» տեղափոխություն և նրա թույլ առաջընթաց շարժում: Այդ շարժումների հաճախականությունը 6-8 է մեկ րոպեում:   
2) Ռիթմիկ հատվածավորում: Իրականանում է առավելապես շրջանաձև մկանային շերտի կծկումներով, որոնք տեղի են ունենում 8-10 կծկում/րոաե հաճախականությամբ և ձևավորում են 1-2 սմ լայնությամբ խորը պրկումներ, որոնց միջև ընկած տարածությունը կազմում է 15-20 սմ:
Պրկումները հատվածավորում են աղիքը` նրա պարունակությունը բաժանելով մասերի: Դրանով իրագործվում է խյուսի խառնումը, ինչպես նաև ճնշման մեծացումը աղիքի յուրաքանչյուր ձևավորվող հատվածում: Հետագայում պրկումները առաջանում են թուլացման տեղերում և այսպես շարունակ:   
3) Գալարակծկանք: Առաջանում է խյուսից վեր շրջանաձև մկանաշերտի կծկումների հաշվին սեղմվածք, իսկ դրանից ներքև երկայնական մկանների կծկումների հաշվին աղիքի խոռոչի լայնանք ձևավորելով, որի հետևանքով աղիքի այդ հատվածը նմանվում է ձագարի: Այդ սեղմվածքի ու լայնացման ալիքը անցնում է աղիքի ամբողջ երկարությամբ` խյուսը վերին բաժիններից առաջ հրելով դեպի ծայրամասային բաժիններ: Տարբերում են երկու տիպի գալարակծկանք՝ առաջացնկող (պրոպուլսիվ) և ոչ առաջանկող (ոչ պրոպուլսիվ):
Պրոպուլսիվ գալարակծկանքը, ի տարբերություն ոչ պրոպուլսիվի, ընդգրկում է աղիքի մեծ հատված, դիտվում է սովորաբար մարսողական ուղու վերջնամասում և ապահովում է աղիքների նշանակալի հատվածների դատարկումը: Այն իրագործվում է 3-21 սմ/վրկ արագությամբ: Այդպիսի ալիքներ օրվա ընթացքում ծագում են 3-4 անգամ, հաճախ ուտեւուց հետո:
4) Լարումային (տոնիկ) կծկումներ: Պայմանավորված են բարակ աղիքի մկանների հիմային լարումով, որի շնորհիվ տեղի է ունենում աղիքի նեղացում մեծ տարածության վրա: Նրանց հիման վրա առաջանում են շարժումների մնացած տեսակները: Տոնիկ կծեումներր բնորոշ են նաև սեղմանների մկանաթելերին:
5)Բարակ աղիքի թավիկների շարժումներ (կծկում և թուլացում): Այս շարժումները նպաստում են ներծծմանն ու ավշի արտահոսքին դեպի կենտրոնական ավշային անոթներ:

Շարժումների նյարդային կարգավորումը կատարվում է գլխավորապես ներպատային աուերբախյան և մեյսներյան հյուսակների օգնությամբ: նշանակություն ունեն նաև, սակայն ավելի թույլ արտահայտված, կենտրոնական ազդեցությունները, որոնք իրագործվում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժինների (ողնուղեղ, ուղեղաբնի վեգետատիվ բաժին, ենթատեսաթումբ, լիմբիկ նյարդային համակարգ և թույլ չափով նաև գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև) կողմից: Պարասիմպաթիկ նյարդաթելերը առավելապես դրդում, իսկ սիմպաթիկները արգելակում են բարակ աղիքի կծկումները: Աղիքների ռեակցիան թափառող և սիմպաթիկ նյարդերի գրգռման հանդեպ մեծ չափով կախված է գրգռման պահին նրանց ֆունկցիոնալ վիճակից: Այսպես, բարակ աղիքի ուժեղ կծկումների ժամանակ թափառող նյարդերի գրգռումը առաջացնում է արգելակում, իսկ ընդերային նյարդերի գրգռումը ուժեղացնում է մինչ այդ հանգստի վիճակում գտնվող աղիքի կծկումները: Դրանով է բացատրվում որոշ մարդկանց հուզական պահերին առաջացած լուծը:

Թափառող և ընդերային նյարդերը պարունակում են զգացող թելեր, որոնց միջոցով ազդակները աղիքից հասնում են ԿՆՀ: Այդ նյարդերի ազդակային ակտիվությունը կախված է աղիքային խյուսի ֆիզիկական և քիմիական հատկություններից: Այն ուժեղանում է կոշտ սննդից (սև հաց, բանջարեղեն, մեծ քանակով բջջանյութ պարունակող այլ բուսական սնունդ, ճարպեր): Քիմիական նյութերից աղիքի կծկումները ուժեղացնում են լեղին, թթուները, հիմքերը, աղերը: Բարակ աղիքների շարժումների կարգավորման գործում մեծ նշանակություն ունեն նաև հումորալ նյութերը, որոնք մկանաթելերի վրա ազդում են ինչպես անմիջականորեն, այնպես և ինտրամուրալ նյարդային համակարգի ընկալիչների միջոցով: Բարակ աղիքի շարժումներն ուժեղացնում են սերոտոնինը, հիստամինը, գաստրինը, մոթիլինը, խոլեցիստոկինին-պանկրեոզիմինը, P նյութը, վազոպրեսինը և այլն: Այն արգելակում են օքսիտոցինը, ադրենալինը, նորսւդրենալինը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին