ԱյտԱյտերը մկանային գոյացություններ են՝ արտաքինից ծածկված մաշկով, ներսից՝ լորձաթաղանթով: Այտերի լորձաթաղանթում տարբերում են երեք գոտի՝ վերին կամ վերծնոտային (zona maxillaris), ստորին կամ ստործնոտային (zona mandibularis) և միջին կամ միջանկյալ (zona intermedia): Լորձաթաղանթում մկանային թիթեղը բացակայում է: Այտի լորձաթաղանթի վերծնոտային և ստործնոտային գոտիների կառուցվածքը նման է շրթունքների լորձային բաժնին: Այստեղ էպիթելը բազմաշերտ տափակ չեղջրացող է, լորձաթաղանթի սեփական թիթեղի պտկիկներն ունեն ոչ մեծ չափեր: Այս գոտիներում լավ է արտահայտված ենթալորձային հիմը, որի մեջ կան մեծ քանակությամբ այտի թքագեղձեր (gl. buccales): Նրանցից ամենամեծերը գտնվում են աղորիքների շրջանում (gl. molares): Բերանային բացվաքից հեռանալուն զուգընթաց՝ գեղձերը տեղավորվում են ավելի խորը շերտերում՝ այտային մկանների հաստության մեջ և նույնիսկ նրանցից էլ դուրս:

Այտի միջանկյալ կամ միջին գոտին զբաղեցնում է բերանի անկյունից մինչև ստորին ծնոտի ճյուղերը ձգվող մոտ 10 մմ լայնությամբ շրջանը: Սաղմնային շրջանում և երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում այս հատվածը շրթունքի անցումային բաժնի նման ունի էպիթելային թավիկներ, իսկ լորձաթաղանթի սեփական թիթեղի պտկիկները ունեն մեծ չափեր: Թքագեղձերը բացակայում են: Ինչպես շրթունքի միջանկյալ բաժնում, այտի միջանկյալ գոտում ևս կան ապաճած գեղձեր: Այտի միջանկյալ գոտուց մաշկը անցնում է բերանի խոռոչի լորձաթաղանթին: Այտի միջանկյալ գոտին ձևավորվում է բերանային բացվածքի կազմավորման ընթացքում սաղմնային ծիլերի սերտաճման ճանապարհով: Այտի լորձաթաղանթը ենթադիր հյուսվածքներին միացած է ենթալորձային հիմի օգնությամբ, որում տեղադրված են մեծ քանակությամբ արյունատար անոթներ և նյարդեր: Այտի մկանային թաղանթը կազմված է այտամկանից, որի հաստության մեջ գտնվում են այտային թքագեղձերը՝ շճալորձային և մաքուր լորձային արտազատիչ բաժիններով:

Լնդեր: Ծածկված են լորձաթաղանթով, ամուր սերտաճած են վերին և ստորին ծնոտների վերնոսկրերին: Լորձաթաղանթը պատված է բազմաշերտ տափակ էպիթելով, որը երբեմն եղջերանում է: Լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է երկար պտկիկներ, որոնք խորը ներհրվում են էպիթելի մեջ: Պտկիկները գտնվում են լնդի և ատամի հպման կետից ներքև: Լորձաթաղանթի սեփական թիթեղի շարակցական հյուսվածքում տեղ–տեղ հյուսվածքային բազոֆիլների մեծ կուտակումներ կան: Նրա հիմնական նյութը խիստ մետաքրոմատիկ է, այսինքն իր կազմում ունի զգալի քանակությամբ գլիկոզամինոգլիկաններ: Լորձաթաղանթի մկանային թիթեղը բացակայում է: Լնդերը լավ են նյարդավորված: Էպիթելում կան ազատ նյարդային վերջավորություններ, իսկ լորձաթաղանթի սեփական թիթեղում՝ պատիճավորված և չպատիճավորված նյարդային վերջավորություններ:

Կարծր քիմք: Կազմված է ոսկրային հիմքից, որը ծածկված է լորձաթաղանթով: Ենթալորձային հիմը բացակայում է, այդ պատճառով լորձաթաղանթը հոծ սերտաճած է վերնոսկրին: Լորձաթաղանթը պատված է տափակ չեղջերացող էպիթելով: Կարծր քիմքի կարանի շրջանում լորձաթաղանթի էպիթելը երբեմն առաջացնում է ձգանների տեսք ունեցող հաստացումներ: Նորածինների մոտ այն ներկայացված է էպիթելային մարմնիկներով, որոնք կազմված են շրջնաձև շերտադրված էպիթելոցիտներից և հասնում են գնդասեղի գլխիկի մեծության: Լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ: Նրա մեջ տեղադրված են կոլագենային թելերի հզոր խրձեր, որոնք միահյուսված են միմյանց և ներհյուսվում են վերնոսկրին: Կարծր քիմքում կառուցվածքային այս առանձնահատկությունը ավելի լավ է արտահայտված լորձաթաղանթի ոսկրի հոծ սերտաճման տեղերում (կարանի շրջանում, լնդի անցման գոտում): Մյուս տեղերում լորձաթաղանթի սեփական թիթեղի և վերնոսկրի միջև տեղադրված է ճարպային հյուսվածքի բարակ շերտ, որը համապատասխանում է բերանի խոռոչի ենթալորձային հիմի տեղադրությանը: Կարծր քիմքի միջին տեղամասերում լորձաթաղանթի և վերնոսկրի միջև գտնվում են քմային թքագեղձերի խմբեր (gl. palatinae): Քմային թքագեղձերը բշտախողովակակազմ ճյուղավորված գեղձեր են:

Փափուկ քիմք և լեզվակ: Կազմված են ջլամկանային հիմքից՝ ծածկված լորձաթաղանթով: Փափուկ քիմքը և լեզվակը ունեն բերանաըմպանային (առաջային) և քթըմպանային (հետին) մակերեսներ: Սաղմերի և նորածինների մոտ նրանց բաժանող հյուսվածաբանական սահմանն անցնում է փափուկ քիմքի աղեղիկների և լեզվակի վրայով՝ լորձաթաղանթի բերանային մակերեսից քթայինի անցման գծով: Մեծահասակների մոտ այդ սահմանը տեղաշարժվում է հետին (քթային) մակերեսի վրա, այնպես որ ամբողջ լեզվակը պատվում է լինում բերանի խոռոչին բնորոշ լորձաթաղանթով: Փափուկ քիմքի և լեզվակի բերանային մակերեսի լորձաթաղանթը ծածկված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով: Լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է էպիթելի մեջ խորը ներհրվող բարձր ու նեղ պտկիկներ: Դրան հետևում է առաձգական թելերի լավ զարգացած շերտը: Լորձաթաղանթի մկանային թիթեղը բացակայում է: Այնուհետև հետևում է լավ արտահայտված ենթալորձային հիմը՝ առաջացած ճարպային տարրերով հարուստ փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից, որոնցում տեղադրված են լորձային թքագեղձերը: Այդ գեղձերի արտատար ծորանները բացվում են փափուկ քիմքի և լեզվակի բերանային մակերեսի վրա: Լեզվակում գեղձերի կուտակումներ հայտնաբերվում են նաև մկանային շերտի ներսում: Լեզվակի հիմքը կազմող միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքն ունի մի շարք առանձնահատկություններ: Հյուսվածքի մկանային թելերը ճյուղավորվում են և առաջացնում բերանակցումներ: Փափուկ քիմքի քթային մակերեսի լորձաթաղանթը ծածկված է կեղծ բազմաշերտ թարթիչավոր էպիթելով: Նրա սեփական թիթեղում տեղադրված են գավաթաձև բջիջներ: Լորձաթաղանթի սեփական թիթեղն այստեղ զուրկ է պտկիկներից և էպիթելից բաժանված է լավ արտահայտված հիմային թաղանթով: Էպիթելի մակերեսին բացվում են լորձային մանր թքագեղձեր: Սեփական թիթեղին հաջորդում է առաձգական թելերի շերտը: Լորձաթաղանթի մկանային թիթեղը և ենթալորձային հիմը բացակայում են: Քիմքի լորձաթաղանթի էպիթելը բերանային մակերեսից քթայինին անցման տեղում սկզբում բազմաշերտ գլանաձև է, ապա՝ բազմաշար թարթիչավոր:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին