Ավշի գոյացումըԱվշի գոյացման և շարժման պրոցեսները անբաժան են։ Բնականոն պայմաններում նրանք գտնվում են դինամիկ հավասարակշռության մեջ։ Ինչքան շատ հեղուկ է կուտակվում միջբջջային տարածության և ավշային մազանոթների մեջ, այնքան ավշի շարժումն ուժեղանում է։ Աշխատող օրգանում ուժեղացած ավշագոյացումը մի քանի անգամ արագացնում է ավշի շարժումը։
Ավշի միակողմանի հոսքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Մանր ավշային անոթներում ճնշումը 8-10 մմ ջրի սյ. է, իսկ ավշային ծորաններում՝ մթնոլորտայինից ցածր է։ Դա ավշի շարժման կարևոր գործոններից մեկն է։

Ավշի շարժմանը նպաստում է նաև ավշային անոթների սպոնտան ռիթմիկ կծկումները, որոնք րոպեում կրկնվում են 8-10 անգամ։ Կծկումներն ունեն կենտրոնաձիգ ուղղություն։ Կմախքային մկանների ավշի շարժմանն օժանդակում է նրանց ռիթմիկ կծկումները, որոնք հաջորդաբար կծկվելով և թուլանալով ավշային անոթների փականների հետ միասին յուրահատուկ պոմպի դեր են կատարում։ Դրա շնորհիվ աշխատող մկաններում ավշի ծավալային արագությունը կարող է մեծանալ 10-15 անգամ։ Կմախքային մկանների ստատիկ կծկումների դեպքում այդպիսի պոմպ չի առաջանում, ուստի հարկադրված դիրքով կամ կանգնած վիճակում երկար ժամանակ աշխատելիս վերջույթներն այտուցվում են։ Ստամոքսի և աղիների կծկումները նույնպես օժանդակում են սեփական ավշային հանգույցներից ավշի առաջմղմանը։ Նման դեր են կատարում նաև աորտայի և խոշոր անոթների գարկային տատանումները։ Նշանակություն ունի նաև շնչառության հետ կապված կրծքի վանդակի ծծող հատկությունը։ Ներշնչելիս կրծքային ծորանի լուսանցքը լայնանում է, որից ավշի հոսքն ուժեղանում է, իսկ արտաշնչելիս՝ ընդհակառակը։ Ավշային անոթներում և ծորաններում գտնվող փականները նույնպես կարևոր գործոններ են, որոնք նպաստում են ավշի միակողմանի և անընդհատ հոսքին։

Ավշի շարժումը ենթարկվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ կարգավորման։ Նյարդաթելերը կուտակված են ավշային անոթների խոշորացման և փականների տեղակայման շրջաններում։ Սիմպաթիկ նյարդերի գրգռումն ուժեղացնում է ավշային անոթների կծկումները՝ երբեմն փակելով նրանց լուսանցքը։ Իսկ ներքին օրգանների պարասիմպաթիկ նյարդերն ունեն երկակի՝ թուլացնող կամ կծկեցեող ազդեցություն, որը կախված է անոթի լուսանցքի նախնական վիճակից։ Հումորալ գրգռիչներից ադրենալինը արագացեում է ավշի շարժումը և բարձրացնում ավշային ծորանի ճնշումը։ Ադրենալինի համեմատությամբ սերոտոնինի ազդեցությունն ավելի ուժեղ է արտահայտված։ Հեպարինի և հիստամինի փոքր քանակները մեծացնում են ավշային անոթների տոնուսը։ ԱԵՖ-ը արգելակում է ավշային անոթների ռիթմիկ կծկումները։ Կալիումի իոնների փոքր կոնցենտրացիաները ուժեղացնում եե անոթների կարճատև կծկումները, իսկ մեծ կոնցենտրացիաները՝ բարձրացնում տոնուսը։ Միջավայրում կալցիումի իոնների քանակն ավելանալու դեպքում ավշային անոթների կծկման ամպլիտուդը մեծանում է, իսկ պակասելու դեպքում՝ փոքրանում։

Հյուսվածքների և օրգանների հեղուկների բնականոն շրջանառությունն իրականանում է նյարդային և հումորալ մեխանիզմների համագործակցությամբ։ Ավշի գոյացման և շարժման փոխհարաբերությունը խախտվելու դեպքում, հյուսվածքներում կարող են զարգանալ այտուցման կամ, ընդհակառակը, ջրազրկման երևույթներ։
Ողնաշարավորների էվոլյուցիայի ընթացքում ինքնուրույն ավշային համակարգի առաջացումը կենսաբանական խոշոր առաջընթաց է, որն արյան շրջանառությունը դարձնում է ավելի կատարյալ։ Այն ընդգրկվում է ներքին միջավայրի հեղուկների բաշխման և վերաբաշխման պրոցեսների մեջ և փոփոխվող պայմաններում մեծապես նպաստում այդ օրգանիզմների առավել հարմարված ռեակցիաների բնականոն ընթացքին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին