Ացետիլխոլինը նյութ է, որն ամբողջությամբ բավարարում է այն պահանջներին, որոնք թույլ կտան նրան համարել գրգիռի հաղորդման քիմիական միջնորդ։ Այդ մասին են վկայում ացետիլխոլինի և նրա սինթեզին մասնակցող ֆերմենտի տեղակայումը նախասինապսային ծայրաճյուղում, գրգիռի ժամանակ նրա ազատվելը, բարձր զգայնությամբ օժտված քիմիական կառուցվածքների (ընկալիչների), ինչպես նաև նյութի ապաակտիվացման համար ֆերմենտային համակարգերի առկայությունը հետսինապսային թաղանթում, նախասինապսային կառույցների խթանմանը բնորոշ միանման ազդեցությունը որոշ դեղաբանական նյութերի արհեստական վրադրման կամ հանգուցային բջիջների վրա միջնորդանյութի իոնոֆորեզային տեղակայման դեպքում։

Ացետիլխոլինի ներկայությունը, որպես միջնորդանյութի, նախ հայտնաբերվել է գորտի, ապա կաթնասունների սրտում, իսկ հետո նաև բազմաթիվ ծայրամասային ու կենտրոնական կառույցներում։ Այժմ հայտնի է, որ ացետիլխոլինն ազատվում է նախահանգուցային վեգետատիվ նյարդաթելերի (և սիմպաթիկ, և պարասիմպաթիկ) և հետհանգուցային պարասիմպաթիկ նեյրոնների հիմնական մասի բոլոր ծայրաճյուղերում : Որոշ հետհանգուցային սիմպաթիկ նյարդային բջիջներ, ինչպիսին են քրտնագեղձերի նեյրոնները և կմախքային մկանների անոթները լայնացնող նեյրոնները, նույնպես խոլիներգիկական են։ Ացետիլխոլինի ազդեցությունը հետհանգուցային նեյրոնների հետսինապսային թաղանթի վրա հնարավոր է վերարտադրել նիկոտինով, իսկ նրա ազդեցությունը էֆեկտոր օրգանների վրա՝ մուսկարինով (ճանճասպան սնկի թույն)։ Այդ առնչությամբ առաջացել է վարկած ացետիլխոլինի երկու տեսակի մակրոմոլեկուլային խոլինաընկալիչների առկայության մասին՝ նիկոտինային (H-խոլինաընկալիչների) և մուսկարինային (M-խոլինաընկալիչների)։ Անհրաժեշտ է նշել, որ, բացի գրգռի հաղորդմանը մասնակցող հիմնական H-խոլինաընկալիչներից, նախահանգուցային սինապսներում կան նաև M-խոլինաընկալիչներ, որոնց դերը կայանում է միջնորդանյութի ազատման և H-խոլինաընկալիչների զգայնության կարգավորման մեջ։ Н- և M-խոլինաընկալիչների վրա թողած ազդեցությունները համապատասխանորեն անվանվել են նիկոտինանման և մուսկարինանման։ Գոյություն ունեն նյութեր, որոնք ընտրողաբար շրջափակում են այս կամ այն ազդեցությունը։ Հետհանգուցային նեյրոնների վրա ացետիլխոլինի թողած նիկոտինանման ազդեցությունը դադարեցվում է ամոնիումի չորրորդական հիմքերով (հեքսոնիում և այլն), ուստի այդպիսի նյութերը անվանվում են հանգույցամեկուսիչներ (գանգլիոբլոկատորներ)։ Ացետիլխոլինի մուսկարինանման ազդեցությունը շրջափակվում է ատրոպինով կամ սկոպոլամինով։

Ացետիլխոլինը աքսոպլազմայում և խոլիներգիկ սինապսների նախասինապսային վերջույթների բշտիկներում գտնվում Է երեք հիմնական պուլերով կամ ձևերով։ Դա,  առաջին  հերթին,  միջնորդանյութի կայուն, սպիտակուցի հետ ամուր կապված, ազատմանը ոչ պատրաստ պուլն է։ Երկրորդ հերթին, դա ակտիվացված, ոչ ուժեղ կապված և ազատման համար պիտանի պուլն է։ Երրորդ հերթին, ազատմանը պատրաստ, ինքնածին կամ ակտիվ արտադրման պուլն է։ Նախասինապսային վերջույթներում գործող պուլի լրացման համար տեղի է ունենում պուլերի մշտական տեղափոխություն, ընդ որում այդ գործընթացն իրականացվում է սինապսային բշտիկների դեպի նախասինապսային թաղանթ տեղաշարժման ճանապարհով, քանի որ գործուն պուլի միջնորդանյութը գտնվում է այն բշտիկներում, որոնք անմիջականորեն հպվում են թաղանթի հետ։ Միջնորդանյութի ազատումը տեղի է ունենում քվանտներով, ընդ որում նախասինապսային թաղանթն ապաբևեռացնող գրգռիչ ազդակների մուտք գործելու ժամանակ հատ ու կենտ քվանտների ինքնածին արտազատումը փոխարինվում է ակտիվ արտազատումով։ Միջնորդանյութի քվանտի ազատման գործընթացը կախված է կալցիումից։

Ացետիլխոլինի ազատումը դեպի սինապսային ճեղք կարգավորվում է հետեյալ մեխանիզմներով. 1) Ացետիլխոլինի կապումով նախասինապսային թաղանթի М-խոլինաընկալիչների հետ, որն արգելակող ազդեցություն է թողնում ացետիլխոլինի ելքի վրա՝ բացասական հետադարձ կապ, 2) Н- խոլինաընկալիչների հետ ացետիլխոլինի կապումով, որն ուժեղացնում է միջնորդանյութի ազատումը՝ դրական հետադարձ կապ, 3) Պարասիմպաթիկ սինապսի հարևանությամբ գտնվող սիմպաթիկ սինապսից արտազատվող նորադրենալինի սինապսային ճեղք մտնելով, որն արգելակող ազդեցություն է թողնում ացետիլխոլինի ազատման վրա, 4) Ացետիլխոլինի ազդեցությունից սինապսային ճեղքում մեծ թվով ԱեռՖ-ի մոլեկուլների արտազատումով, որոնք կապվելով նախասինապսային թաղանթի  պուրիներգիկ  ընկալիչների  հետ ճնշում են միջնորդանյութի անջատումը՝ մեխանիզմ, որը ստացել է հետարգելակում, անվանումը։
Արտազատված ացետիլխոլինը սինապսային ճեղքից հեռացվում է մի քանի ճանապարհներով։

Առաջին հերթին, միջնորդանյութի մի մասը կապվում է հետ- և նախասինապսային թաղանթի խոլինաընկալիչների հետ։ Երկրորդ հերթին, միջնորդանյութը քայքայվում է ացետիլխոլինէսթերազայի կողմից, առաջացնելով խոլին և քացախաթթու, որոնք նախասինապսային թաղանթի կողմից ենթարկվում են հետադարձ բռնազավթման և կրկին օգտագործվում են ացետիլխոլինի սինթեզի համար։ Երրորդ հերթին, թափանցման ճանապարհով միջնորդանյութն արտահանվում է դեպի միջբջջային տարածություն և արյուն։ Վերջին ճանապարհով միջնորդանյութի հեռացման դեպքում ապաակտիվանում է արտադրված ացետիլխոլինի գրեթե կեսը։ էֆեկտոր բջիջների հետսինապսային թաղանթի վրա ացետիլխոլինը կապվում է, ինչպես արդեն նշվեց, М- (մուսկարինազգայուն) տեսակին պատկանող խոլինաընկալիչների հետ։ Թաղանթի՝վրա միջնորդանյութընկալիչ համալիրի կազմավորումը տարատեսակ բջիջների համար բերում է ընդհանրական ռեակցիաների դրսևորման, առաջին հերթին, ընկալիչ-կառավարվող իոնային անցուղիների ակտիվացման և թաղանթի լիցքի փոփոխության, երկրորդ հերթին` բջիջներում երկրորդային միջնորդների ակտիվացման։ Ստամոքսաղիքային ուղու, միզապարկի և միզածորանների, բրոնխների, պսակաձև ու թոքային անոթների հարթ մկանային և հյութազատիչ բջիջներում ացետիլխոլին-M-խոliնաընկալչական համալիրն առաջացնում է նատրիումական անցուղիների ակտիվացում, հանգեցնում է ապաբևեռացման և ԴՀՍՊ-ի ձևավորման, որի հետևանքով տեղի է ունենում բջիջների գրգռում և հարթ մկանների կծկում կամ մարսողական հյութի հյութազատում։

Այդ էֆեկտի առաջացմանը նպաստում է երկրորդային միջնորդներ ինոզիտոլ-երեք-ֆոսֆատի և իոնիզացված կալցիումի ակտիվացումը։ Միաժամանակ սրտի հաղորդիչ համակարգի բջիջներում, սեռական օրգանների անոթների հարթ մկաններում ացետիլխոլին-M-խոլինաընկալիչն ակտիվացնում է K-անցուղիները և К+ ի ելքային հոսանքը, որն առաջացնում է գերբևեռացում և արգելակում, այսինքն սրտամկանի ինքնավարության, հաղորդականության և դրդունակության իջեցում, սեռական օրգանների զարկերակների լայնացում։ Միաժամանակ այդ բջիջներում տեղի է ունենում երկրորդային միջնորդային համակարգի, այսինքն գուանիլատցիկլազացիկլիկ գուանոզինմոնոֆոսֆատի ակտիվացում։ Տարբեր բջիջների թաղանթի վրա ացետիլխոլին-M-խոլինաընկալիչ համալիրի կազմավորման ժամանակ պարասիմպաթիկ կարգավորման էֆեկտների տարակողմ ուղղվածությունը հիմք է տալիս ենթադրելու հետհանգուցային սինապսների հետսինապսային թաղանթի վրա երկու բնույթի M-խոլինաընկալիչների առկայության մասին, ինչպես երկու տեսակի ադրենաընկալիչների (ալֆա և բետա) դեպքում։ Դրա հետ մեկտեղ, բոլոր M-խոլինաընկալիչները շրջափակվում են ատրոպինով, որը վերացնում է ինչպես հարթ մկանները կծկող պարասիմպսւթիկ խթանումը, այնպես և սրտի գործունեության պարասիմպաթիկ արգելակումը։

Սինապսային հաղորդման արդյունավետությունը կախված է հետսինապսային թաղանթի վրա գոյություն ունեցող ակտիվ ընկալիչների քանակից, որն արտացոլում է թաղանթային ընկալիչներ սինթեզող էֆեկտոր բջջի գործառությունները։ էֆեկտորի բջիջը, կախված սինապսի աշխատանքի ուժգնությունից, այսինքն նրանում միջնորդանյութի արտադրումից, կարգավորում է թաղանթային ընկալիչների քանակը։ Այսպես,  վեգետատիվ  նյարդի  հատման ժամանակ (միջնորդանյութի արտազատման դադարում), կապված թաղանթային միջնորդանյութը կապելու հատկությամբ օժտված ընկալիչների քանակի ավելացման հետ, համապատասխան միջնորդանյութի նկատմամբ աճում է նրա կողմից նյարդավորվող հյուսվածքի զգայնությունը։
Նյարդազերծված կառուցվածքների զգայնության բարձրացումը կամ հյուսվածքի սենսիտիզացիան էֆեկտորի մակարդակով ինքնակարգավորման օրինակ է։

Դեղաբանական այն նյութերը, որոնք ազդում են էֆեկտոր օրգանների բջիջների վրա այնպես, ինչպես խոլիներգիկ հետհանգուցային պարասիմպաթիկ նեյրոնները, կոչվում են պարասիմպաթաընկալիչներ։ Իսկ այն նյութերը, որոնք անջատում կամ թուլացնում են ացետիլխոլինի ազդեցությունը այդ օրգանների վրա, կոչվում են պարասիմպաթահակազդիչներ։ Պարասիմպաթահակազդիչ նյութերը, որոնց դասական օրինակ է ատրոպինը, օժտված են հակամուսկարինային ազդեցությամբ։ Բացի այդ նյութերից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են խոլինաընկալիչ կառույցների վրա, մեծ տարածում են ստացել ացետիլխոլինի սինթեզի կամ ազատման գործընթացների վրա ազդեցություն ունեցող նյութերը։ Դրանց թվին են պատկանում հեմոխոլինը, որը խանգարում է խոլինի տեղափոխությանն ու արգելակում միջնորդանյութի սինթեզը, և ացետիլխոլինի ազատումը շրջափակող բոտուլոտոքսինը։
Ացետիլխոլինը, որպես դեղորայքային միջոց, կարճատև ազդեցության պատճառով հազվադեպ է կիրառվում։ Ավելի հաճախ օգտագործվում են մետախոլինն ու կարբամիլխոլինը, որոնց ազդեցությունն ավելի տևական է և ուժեղ։ Դրանց նկատմամբ առավել զգայուն է սիրտանոթային համակարգը։ Դրանք ուժեղացնում են թոքերի օդափոխությունը, կծկում բրոնխների մկաններն ու նվազեցնում բրոնխային հյութազատությունը, առաջացնում են ստամոքսաղիքային գալարակծկանքներ, ակտիվացնում ստամոքսային, աղիքային և ենթաստամոքսային գեղձերի հյութազատությունը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին