Երկար ժամանակ է, համարվում է, որ ասթմայի անամնեզը և/կամ ալերգիան փոքր երեխայի մոտ խիստ կապված է  ալերգիկ հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ: Միակողմանի ժառանգական ծանրաբեռնվածությամբ (մեկ ծնողը կամ սիբլինգը) երեխաների մոտավորապես 40%-ի և երկկողմանի ժառանգմամբ (երկու և ավել առաջին աստիճանի հարազատներ) երեխաների 60%-ի մոտ կզարգանա ալերգիկ հիվանդություն: Ատոպիայի ընտանեկան անամնեզը օգտագործվում է` կանխատեսելու  ռիսկը հիվանդանոցային պայմաններում և որպես սկրինինգ թեսթ` հայտնաբերելու ռիսկի խմբի երեխաներին հետազոտությունների ժամանակ: Այնուամենայնիվ, ալերգիկ հիվանդների միայն 70%-ը ունի դրական ընտանեկան անամնեզ: Օգտագործելով ընտանեկան անամնեզը որպես միակ չափորոշիչ միջամտություն կատարելու համար` գրեթե 50%-ը կենթարկվի կանխարգելիչ միջամտությունների` առանց դրա անհրաժեշտության և 30%-ը հիվանդների բաց կթողնվի:

Պորտալարային արյան մեջ IgE-ի որոշումը օգտակար սկրինինգ թեստ էր և խորհուրդ էր տրվում կատարել մինչև որևէ կանխարգելիչ ծրագրի իրականացում: Դժբախտաբար, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրա զգայունությունը շատ ցածր է ` արժեքավոր համարվելու համար: Գերզգայունությունը, որը գնահատվում է դրական մաշկային թեսթի արդյունքով կամ սպեցիֆիկ IgE հակամարմինների առկայությամբ, կարող է կարող է ազդարարել հիվանդության կլինիկական դրսևորումը: Դրական մաշկային-փրիք թեսթը (prick=ծակոց) ձվի, կաթի և տան փոշու տիզի հանդեպ բարձրացնում է հետագայում ասթմա զարգանալու ռիսկը: Այնուամենայնիվ, եթե գերզգայունությունն արդեն առկա է, կանխարգելիչ միջոցառումները կարող է այդքան էլ օգտակար չլինեն: Բորբոքման հիմքում ընկած իմունոլոգիական  մեխանիզմների իմացությամբ հայտնաբերվել են մի շարք կենսաբանական ցուցանիշներ: Որոշ ցուցանիշներ առաջարկվել են համարել ալերգիկ հիվանդության զարգացման կանխատեսողներ, բայց նրանք չեն դրսևորել իրենց որպես օգտակար սկրինինգ թեսթ: Ներկա դրությամբ միայն ընտանեկան անամնեզն ունի որոշակի կանխագուշակիչ արժեք ասթմայի և ալերգիկ հիվանդությունների զարգացման գործում: Հետազոտություններ են կատարվում` փնտրելու բիոմարկերներ, որոնք կարող են վստահելի կերպով հայտնաբերել մանուկներին, որոնք հետագա կյանքում ատոպիայի զարգացման առումով ռիսկի խմբի մեջ են մտնում: Քանի դեռ այդ ցուցանիշները չեն դրսևորել բարձր սպեցիֆիկություն, զգայունություն ու կանխագուշակիչ արժեք և հեշտ իրականալի չեն, ապա անհավանական է, որ նրանք կմտնեն կլինիկական գործունեության բնագավառ որպես կանխորոշիչներ:

Ընդհանուր միջոցառումներ
Միջոցառումները, որոնք ուղղված կլինեն դեպի ամբողջ պոպուլյացիան, կարող են արդյունավետ լինել հասարակության մեջ որևէ հիվանդության տարածվածությունը պակասեցնելու գործում: Անցյալ դարասկզբին հիգիենայի և առողջապահության կատարելագործումը` ի լրումն վակցինացիաներին, իջեցրեց վարակիչ հիվանդությունների տարածվածությունը: Ալերգիկ հիվանդությունների համար դեռ չկան հայտնի միջոցառումներ` ուղղված դեպի ամբողջ պոպուլյացիան, որոնք անվտանգ են և արդյունավետ:

Առաջնային կանխարգելում
Ցանկացած առաջնային կանխարգելման ծրագիր բարձր ռիսկի մանուկների համար պահանջում է մոտիվացված ծնողներ և նրանց սերտ համագործակցում բժշկի և այլ առողջապահության բնագավառի աշխատողների հետ: Փորձարարական բժշկությունը վկայում է, որ երեխան կարող է սենսիբիլիզացվել դեռ արգանդում: Երբեմն խորհուրդ է տրվում, որ ատոպիկ մայրը հղիության ընթացքում խուսափի այնպիսի բարձր ալերգենությամբ օժտված մթերքից, ինչպիսիք են ձուն, ընկույզը, ձուկը և կովի կաթը, բայց դա չի խրախուսվում այն տեսանկյունից, որ նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի աճի վրա: Վաղ մանկական տարիքում ալերգեններից խուսափումը բերում է  ռիսկի խմբի մանուկների մոտ ալերգիայի զարգացման իջեցում: Սննդային ալերգեններից կովի կաթն է կարևոր  ալերգենն այս տարիքում, ուստի բացառապես կրծքով կերակրումն է խրախուսվում: Չնայած որոշ հետազոտություններ արձանագրել են դրա օգուտը, սակայն մյուսները չեն հանգել նման եզրահանգման: Քանի որ սննդով ընդունած սպիտակուցը կարող է հայտնաբերվել կերակրող մոր կաթում (սենսիբիլիզացիայի պոտենցիալ աղբյուր), ուստի ալերգիկ սնունդը բացառող սննդակարգ է խորհուրդ տրվում մորը կաթնարտադրման շրջանում: Պինդ սննդի ուշ (6 ամսից հետո) ներմուծումը երեխայի սննդակարգ, ինչպես նաև առավել ալերգիկ մթերքի, ինչպիսիք են ձուն, ձուկը և ընկույզը, հետագա ուշացած (1-2 տարի անց)ներմուծումը նույնպես խրախուսվում է: Մոր և մանկան սննդակարգը պետք է ուշիուշով հսկվի ցանկացած այսպիսի կանխարգելիչ ծրագրի ընթացքում: Կան վկայություններ, որ վաղ մանկական հասակում ինտենսիվ շփումը աերոալերգենների հետ, ինչպիսիք են տան փոշու տիզը և կատուների թեփը, կարող է պատճառ դառնալ սենսիբիլիզացիայի և անգամ ասթմայի բարձր հաճախականության: Մանկության շրջանում տնային ալերգենների հետ շփման պակասեցումը բերել է այդ ալերգենների նկատմամբ սենսիբիլիզացիայի պակասեցման: Մոր ծխելը հղիության և երեխայի վաղ տարիների ընթացքում կարող է բարձրացնել սենսիբիլիզացիան և սուլող դժվարացած շնչառության առաջացումը երեխայի մոտ, ուստի պիտի խուսափվի: Էկզեմայով կամ սննդային ալերգիայով երեխաները ունեն բրոնխային ասթմա զարգանալու և աերոալերգենների հանդեպ սենսիբիլիզացիայի առաջացման շատ բարձր ռիսկ: Այս երեխաների շփման պակասեցումը աերոալերգենների հետ կարող է օգտակար լինել, և որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ոչ սեդատիվ հակահիստամինային դեղերի օգտագործումը, կանխարգելիչ ռազմավարություն է այս խմբի երեխաների համար:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին