Ստատիկ ատաքսիա: Մարմնի ծանրության կենտրոնի կայունությունը չպահպանելու հետևանքով խանգարվում է հավասարակշռությունը: Արտահայտված դեպքերում հիվանդը, չնայած պարեզների և պարալիզների բացակայությանը, չի կարողանում անգամ կանգնել (աստազիա) և քայլել (աբազիա): Մարմնի անկայունության պատճառով կանգնած դիրքում հիվանդը հենվում է լայն բացած ոտքերի վրա` ձեռքերի օգնությամբ հավասարակշռությունը պահպանելու ջանքեր գործադրելով: Ստատիկ ատաքսիան ավելի ցայտուն է դառնում այն դեպքերում, երբ փոքրացնում են հենման մակերեսը:

Ստատիկ ատաքսիան հայտնաբերում են Ռոմբերգի դիրքի օգնությամբ, որի ժամանակ հետազոտվողը կանգնում է ոտքերը միացրած, ձեռքերն առաջ պարզած և գլուխը քիչ դեպի հետ տարածած դիրքում: Ուղեղիկի ախտահարման ժամանակ այս դիրքում հիվանդը կորցնում է կայունությունը, օրորվում է տեղում և կարող է ընկնել, եթե հետազոտողը նրան չբռնի: Ստատիկ ատաքսիայի թույլ արտահայտված դեպքերում օգտվում են Ռոմբերգի ձևափոխված հնարքից, որն ավելի զգայուն է: Հետազոտվողն այս դեպքում կանգնում է այնպես, որ ոտքերը գտնվեն մի գծի վրա, և մի ոտնաթաթի ծայրը հպվի մյուսի կրնկին: Արդյունքը գնահատում են նույն կարգով:


Կեղևային ատաքսիան, որը պայմանավորված է գլխուղեղի ճակատային բլթի կեղևի ախտահարմամբ,ուղեկցվում է տվյալ կեղևային դաշտի վնասման համախտանիշով: Ռոմբերգի դիրքում նկատվող անկայունությունից բացի հիվանդի մարմինը ուղղաձիգ դիրքից շեղվում է ախտաբանական օջախի հակառակ կողմը: Բնորոշ են դեմենցիան և քննադատական վերաբերմունքի բացակայությունը: Բացակայում են ինտենցիոն դողը և նիստագմը: Տեսողական հսկողությունը չի նվազեցնում ատաքսիան:

Սենսիտիվ ատաքսիայի դեպքում, երբ տարբեր հարկերում (հետին նյարդարմատ, ողնուղեղի հետին պարանիկ, տեսաթումբ) տեղակայված ախտաբանական օջախի հետևանքով ընդհատվում է մկանահոդային զգացողության իմպուլսների հաղորդումը գլխուղեղի կողմնային բլթի կեղևին, հիվանդը տեսողության հսկողության օգնությամբ Ռոմբերգի դիրքում պահպանում է հավասարակշռությունը: Բավական է, որ նա փակի աչքերը կամ գտնվի կիսամութ սենյակում, որպեսզի մարմինը կորցնի իր կայունությունը: Մինչդեռ ուղեղիկի ախտահարման դեպքում տեսողությունն էապես չի ազդում ատաքսիայի արտահայտվածության վրա:
Անդաստակային ատաքսիան պայմանավորված է ծայրամասային անդաստակային գոյացությունների, ուղեղաբնի նույնանուն կորիզների և հաղորդչական ուղիների ախտահարմամբ: Ուղեկցվում է գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով, երբեմն քրտնարտադրությամբ: Պահպանված է մկանահոդային զգացողությունը, չի նկատվում մկանային հիպոտոնիա: Կոորդինացիայի փորձերի կատարումը նույնպես չի տուժում:

Դինամիկ ատաքսիա
Ուղեղիկի կիսագնդերի ախտաբանական գործընթացի ժամանակ ատաքսիան ընդգրկում է վերջույթները, հատկապես դրանց հեռակա հատվածները: Նվազում են շարժումների սահունությունն ու ճշգրտությունը: Հայտնի է որպես դինամիկ (կինետիկ, լոկոմոտոր) ատաքսիա, որն ի հայտ է գալիս վերջույթների ճշգրտություն պահանջող շարժումների Ժամանակ: Հիմնական պատճառն ուղեղիկի կիսագնդերի ախտահարումն է: Գոյություն ունեն դինամիկ ատաքսիայի մի շարք դրսևորումներ: 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին