Տարբերում են ատամի սուր և քրոնիկական վնասվածքներ: Ատամի սուր վնասվածքները սովորաբար առաջանում են նրա վրա համեմատաբար մեծ ուժի միանվագ մեխանիկական ազդեցության հետևանքով (հարված), իսկ քրոնիկական վնասվածքները` փոքր մեխանիկական ուժի երկարատև ազդեցության հետևանքով (անորակ ատամնալիցքեր, պրոթեզներ և այլն):

Սուր վնասվածքներ
Դասակարգում
Ատամների սուր վնասվածքների դասակարգումը (Մ. Գրոշիկով 1985):
1.Ատամի սալջարդ - contusion dentis (նյարդանոթային ցողունի վնասումով կամ առանց վնասման)
2.Ատամի հոդախախտ – luxatio, delocatio dentis
ա) ոչ լրիվ հոդախախտ (նյարդանոթային ցողունի վնասումով կամ առանց վնասման).   - պսակի տեղաշարժումով դեպի օկլյուզիոն մակերես
- պսակի անդաստակային տեղաշարժով
 - պսակի տեղաշարժով դեպի հարևան ատամը
 - պսակի քմային տեղաշարժով
- պտույտով ատամի առանցքի շուրջը
-  զուգակցված
բ) ներհրված հոդախախտ
գ) լրիվ հոդախախտ

3.Ատամի կոտրվածք – fractura dentis
ա) ատամի պսակի կոտրվածք - էմալի սահմաններում, էմալի և դենտինի սահմաններում առանց ատամի խոռոչի բացման կամ նրա բացումով
բ) ատամի վզիկի կոտրվածք - ատամնալնդային ակոսի հատակից վերև, ատամնալնդային ակոսի հատակից ներքև
գ) ատամի արմատի կոտրվածք - առանց կակղանի պատռման կամ նրա պատռումով, առանց բեկորների տեղաշարժի կամ նրանց տեղաշարժով, արմատի հարվզիկային, գագաթային կամ միջին հատվածներում
- լայնական
- թեք
- երկայնական
- բազմաբեկոր
4.Զուգակցված վնասվածքներ
5.Ատամի սաղմի վնասվածքներ

Ատամի սալջարդ
Այս վնասվածքի դեպքում առաջին մի քանի ժամերի ընթացքում հիվանդները գանգատվում են տնքացող ցավից հանգստի պայմաններում, որը ուժեղանում է կծելու ժամանակ: Երբեմն հարգագաթային պերիոդոնտի մեխանիկական ճնշման հետևանքով կարող է տեղի ունենալ ատամի նյարդանոթային ցողունի պատռում և կակղանի մեռուկացում: Վերջինիս դեպքում ատամը որոշ ժամանակ անց գունափոխվում է (մոխրագույն) և ի հայտ են գալիս քրոնիկական պերիոդոնտիտներին բնորոշ երևույթներ (ոսկրային հյուսվածքի նոսրացում, խուղակների առաջացում և այլն): Ատամի կակղանի կենսունակության պահպանման որոշման համար կատարվում է ԷՕԱ: Վերջինս կատարում են վնասվածքից 2-3 օր հետո:
Տարբերակիչ ախտորոշումը կատարում են ատամի արմատի կոտրվածքի հետ: Վերջինս ստույգ երևում է ռենտգենաբանական պատկերի վրա:
Բուժում: Ատամի սալջարդի դեպքում բավական է նրա համար ստեղծել հանգստի պայմաններ` բացառել կոշտ սննդի ընդունումը, հանել ատամը օկլյուզիայից: Նյարդանոթային խրձի պատռման ժամանակ կատարում են կակղանի հեռացում և արմատալիցք: Եթե տեղի է ունենում ատամի գունափոխում, ատամնալիցք կատարելուց առաջ ատամը սպիտակեցնում են:

Ատամի հոդախախտ
Ատամի հոդախախտը  - դա ատամի տեղաշարժն է ատամնաբնում, որը տեղի է ունենում վնասվածքային գործոնի (ուժի) կողմնային կամ ուղղահայաց ազդեցության դեպքում: Պարոդոնտի նորմալ վիճակում մեծ ջանք է պահանջվում ատամը տեղաշարժելու համար, սակայն պարոդոնտի հիվանդությունների ժամանակ, երբ առկա է ոսկրային հյուսվածքի ռեզորբցիա, ատամի հոդախախտ կարող է տեղի ունենալ նույնիսկ կոշտ սնունդ ծամելու ընթացքում: Հոդախախտը կարող է լինել առանձին (изолированный), կամ զուգորդվել ալվեոլյար ելունի կամ ծնոտի մարմնի կոտրվածքով:
Լրիվ /ամբողջական/ հոդախախտը բնորոշվում է ատամնաբնից ատամի արտանկումով:
Ոչ լրիվ /մասնակի/ հոդախախտը  բնորոշվում է ատամնաբնում արմատի տեղաշարժով և ուղեկցվում է պերիօդոնտային թելերի որոշ հատվածի պատռումով: Ատամը կարող է տեղաշարժվել տարբեր հարթություններով: Դեպի հարևան ատամ տեղաշարժման դեպքում ռենտգենագրի վրա դիտվում է տեղաշարժման կողմի պերիոդոնտային ճեղքի նեղացում կամ լրիվ բացակայություն, իսկ հակառակ կողմում` լայնացում: Ատամի անդաստակաբերանային տեղաշարժերի դեպքում ատամի պսակը և արմատի գագաթը տեղաշարժվում են փոխադարձ հակառակ ուղղություններով, իսկ ռենտգենագրի վրա նման ատամի արմատը երևում է կարճացած:
Օկլյուզիոն տեղաշարժի դեպքում /արտահրված հոդախախտ/ ատամի պսակը թվում է երկարացած, իսկ ռենտգենագրի վրա երևում է ատամնաբնի գագաթային հատվածի դատարկում:
Ներհրված հոդախախտը բնորոշվում է ատամի մասնակի կամ լրիվ տեղաշարժումով դեպի ծնոտի մարմինը: Մասնակի ներհրման ժամանակ ատամը երևում է կարճացած, իսկ ռենտգենագրի վրա դիտվում է պերիոդոնտային ճեղքի նեղացում կամ նրա բացակայություն:
Հոդախախտի ժամանակ հիվանդները գանգատվում են մեկ կամ ատամների որոշակի խմբի շրջանում ցավի զգացողությունից, շարժունության առկայությունից: Հիվանդը ստույգ նշում է այդ նշանների առաջացման ժամկետը և պատճառը:

Բուժում:  Առաջին հերթին որոշում են ատամի պահպանելու նպատակահարմարության հարցը: Հիմնական չափանիշն է ատամի արմատի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը: Ատամը նպատակահարմար է պահպանել, եթե ոսկրային հյուսվածքը պահպանված է ատամի արմատի երկարության կեսից ոչ պակաս: Սկզբում (անզգայացման տակ) մեծ զգուշությամբ, որպեսզի բացառվի նյարդանոթային ցողունի վնասումը, կատարում են ատամի վերատեղադրում /ռեպոզիցիա/: Վերատեղադրումից հետո ատամը պետք է անշարժացնել տարբեր դողերի (շինաների) օգնությամբ: Դրանից հետո կատարում են ԷՕԱ: Եթե ատամի կակղանը մեռուկացած է, այն անհրաժեշտ է հեռացնել, իսկ արմատախողովակը լիցքավորել: Եթե ԷՕԱ տվյալները 2-6 մկԱ սահմաններում են, դա խոսում է այն մասին, որ նյարդանոթային ցողունը պատռված չէ: Սակայն հարկ է հիշել, որ առաջին 3-5 օրվա ընթացքում ԷՕԱ տվյալների իջեցումը կարող է լինել պատասխան ռեակցիա վնասվածքի նկատմամբ: Հետևաբար պետք է ստուգել կակղանի վիճակը նաև հետագայում: Ներհրված հոդախախտը հիմնականում ուղեկցվում է նյարդանոթային ցողունի վնասումով: Այս դեպքում ատամը վերատեղադրելուց հետո միանգամից հեռացնում են կակղանը, ինչով և կանխում են նրա քայքայումը և ատամի գունափոխումը: Լրիվ հոդախախտի դեպքում կատարվում է ատամի ռեպլանտացիա: Այս միջամտությունը հաջող է լինում պարոդոնտի հյուսվածքների անփոփոխ վիճակում:

Ռեպլանտագիան կատարվում է հետևյալ հաջորդականությամբ.
1)Ատամի էնդոդոնտիկ բուժում
2)Ատամի արմատի և ատամնաբնի մշակում հականեխիչ լուծույթներով
3)Ատամի տեղադրում ատամաբնի մեջ և ֆիքսում շինավորման միջոցով (որոշ դեպքերում շինավորումը պարտադիր չէ)
Հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության: Վնասվածքից հետո որքան արագ կատարվի ռեպլանտացիան, այնքան այն արդյունավետ կլինի: Վնասվածքից հետո 15-30 րոպեների ընթացքում ռեպլանտացիայի ենթարկված ատամի արմատը քայքայվում է աննշան, և ատամը պահպանվում է երկար տարիներ: Ուշացած դեպքերում արմատի քայքայումը ռենտգենաբանորեն նկատվում է միջամտությունից հետո առաջին ամսվա ընթացքում, արագ զարգանում է և մեկ տարվա ընթացքում քայքայվում է արմատի զգալի մասը:

Ատամի կոտրվածք
Ատամի կոտրվածքները կարող են տեղի ունենալ նրա տարբեր հատվածներում (պսակ, վզիկ, արմատ): Պսակի կոտրվածքներն ախտորոշման տեսակետից դժվարություն չեն ներկայացնում:
Բուժումը կախված է կոտրվածքի բնույթից: Եթե կոտրվածքը գտնվում է էմալի ու դենտինի սահմաններում և կակղանը մերկացած չէ, կատարում են պլոմբավորում կոմպոզիտներով: Անհրաժեշտության դեպքում օգտագործում են հարկակղանային գամեր: Կակղանի մերկացման դեպքում ցուցված է կակղանի էքստիրպացիա (կամ ամպուտացիա, եթե արմատը լրիվ ձևավորված չէ)՝ հետագա արմատա- և ատամնալեցումով: Անհրաժեշտության դեպքում օգտագործում են ներարմատային գամեր, պսակը վերականգնում են կոմպոզիտներով: Հնարավոր է նաև ներդիրի կամ արհեստական պսակի պատրաստում: Ամբողջ պսակի կոտրվածքի դեպքում (եթե արմատը հնարավոր է պահպանել) կակղանի հեռացումից և արմատալիցքից հետո պատրաստում են տարբեր կառուցվածքի գամային ատամներ:

Ատամի արմատի կոտրվածք
Ատամի արմատի կոտրվածքը կարող է լինել լայնական, երկայնական, բազմաբեկոր, թեք: Բուժումը կախված է կոտրվածքի բնույթից, որը բացահայտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ: Ատամի արմատի կոտրվածքի կլինիկական պատկերը նման է ատամի սալջարդի կամ հոդախախտի պատկերին: Բուժման տեսակետից առավել անբարենպաստ են երկայնական, բազմաբեկոր և անկյունագծային, թեք կոտրվածքները: Արմատի լայնական կոտրվածքի բուժումը կախված է նրա մակարդակից: Եթե կոտրվածքի գիծը անցնում է արմատի 1/4 - 1/3 կամ կեսի մակարդակի սահմաններում, կատարում են կակղանի հեռացում, արմատախողովակի պլոմբավորում, իսկ 2 բեկորները ամրացնում են միմյանց հատուկ գամերով: Գագաթի հատվածի կոտրվածքի դեպքում մշակում և լեցավորում են մեծ բեկորը, իսկ փոքրը կարելի է թողնել առանց միջամտության: Արմատների լեցավորումից հետո կարևոր է վերականգնել ատամի ճիշտ դիրքը և հանել այն կծվածքից:

Քրոնիկական վնասվածք
Քրոնիկական վնասվածքը կարող է պայմանավորված լինել մասնագիտական գործոնների ազդեցությամբ կամ վնասակար սովորություններով (նկարագրված է կենտրոնական կտրիչների կտրող եզրի վրա գոգավորության առաջացում ատամներով թելը կտրող դերձակների, ատամներով մեխերը պահող կոշկակարների, ապակեգործների, փողային գործիքներ նվագող երաժիշտների մոտ): Հիմնականում հիվանդները ցավային գանգատներ չեն ներկայացնում:

Բուժումը: Կատարում են դեֆեկտի վերացում` կամ հղկումով, կամ ատամնալեցումով: Կարևոր նշանակություն ունի վնասվածքային գործոնի վերացումը:

Ատամի սաղմի վնասվածքներ
Ատամի սաղմի վնասվածքները առավել հաճախակի դիտվում են մշտական ատամներում: Դա պայմանավորված է կաթնատամների մեխանիկական վնասվածքներով (սալջարդ, հոդախախտ) կամ ծնոտների ոսկրերի վնասումով: Մշտական ատամի սաղմի վնասումը արտահայտվում է նրա ծկթումից հետո ատամի գույնի փոփոխությունով, կակղանի մեռուկացումով,  կարծր հյուսվածքների ներծծումով և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին