Ձեռքբերովի ատամնանստվածքները բաժանվում են երկու խմբի.
1. Չկրակալված /չմիներալիզացված/
ա/ պելիկուլա
բ/ փափուկ ատամնափառ(սպիտակ նյութ) և սննդի մնացորդներ
գ/ ատամնային վահանիկ
2. Կրակալված /միներալիզացված/
ա/ վերլնդային ատամնաքար
բ/ ստորլնդային ատամնաքար
Ծկտաց ատամի մակերեսին առաջին օրվանից առաջանում են հետևյալ շերտերը` կուտիկուլա (էմալի ռեդուցված էպիթել), պելիկուլա (ձեռքբերված կուտիկուլա), փափուկ ատամնափառ, ատամնային վահանիկ և ատամնաքար: Այս շերտերի առաջացումը հաջորդում է մեկը մյուսին:

Կուտիկուլան - դա էմալային օրգանի շերտերից առաջացած գոյացություն է, որը ատամի ծկտումից հետո մաշվում է, հատկապես ծամողական մակերեսի վրա: Կոնտակտային մակերեսի կուտիկուլան հաճախ պահպանվում է երկար ժամանակ:
Պելիկուլան – թքի գլիկոպրոտեիդներից առաջացած թաղանթ է, որը պատում է ատամը ծկտելուց հետո: Այն շատ ամուր կպած է էմալին, և աբրազիվ գործիքներով հեռացումից հետո շատ արագ վերականգնվում է թքի հետ ատամի շփման հետևանքով: Պելիկուլան ունի մեծ կենսաբանական դեր` ինչպես դրական, այնպես էլ բացասական:

Դրական նշանակությունն են.

  • պաշտպանում են ատամը արտածին վնասող ազդեցությունից /քիմիական, ֆիզիկական/
  • կարգավորում են էմալի թափանցելիությունը


Բացասական նշանակությունն է

  • հանդիսանում են լավ միջավայր միկրոօրգանիզմների ֆիքսացիայի, զարգացման և բազմացման համար
  • նրա վրա արագ առաջանում է ատամնափառը:


Պելիկուլան իր քիմիական կազմով /ամինաթթուների/ միջանկյալ տեղ է զբաղեցնում ատամնափառի և թքի մուցինի միջև: Նա ամուր կպչում է ատամի էմալի մակերեսին, իսկ հեռացնելուց հետո շատ արագ նորից առաջանում: Պելիկուլայի մակերեսին սկսվում է առաջանալ փափուկ ատամնափառը: Նրա առաջացումը կախված է մի շարք պայմաններից` բերանի խոռոչի հիգիենայի վիճակից, ատամների մակերեսի ռելյեֆից, թքի բաղադրությունից, մածուցիկությունից և pH-ից, ածխաջրատներով հարուստ սնունդի ընդունումից, բերանի խոռոչի մանրէների կազմից և նրանց քանակից: Ըստ Լևիցկու և Միզինայի կատարած հետազոտությունների ատամնափառը առաջանում է 1-9 օրերի ընթացքում, ընդ որում առավել արագ շերտադրվում է առաջին օրերին, իսկ հետագայում նրա կուտակման արագությունը նվազում է:

Ատամնափառը կարող է լինել սպիտակա-դեղնավունից մինչև սև, կախված բերանի խոռոչի հիգիենայից, թեյի և սուրճի մեծ քանակների և ծխախոտի  օգտագործումից, նշանակություն ունի նաև մասնագիտությունը և աշխատանքի վայիրը: Ատամնափառը հայտնաբերում են ներկման եղանակով, ներկելով ատամները Լյուգոլի լուծույթով, ֆուքսինով կամ այլ ներկիչով: Ատամնափառը չունի մշտական ներքին կառուցվածք, այն ներկայացված է օրգանական և անօրգայական նյութերով(որոնք կուտակվել են ատամի մակերեսին բերանի խորոչի լորձաթաղանթի ծածկույթային էպիթելի բջիջների քայքայման հետևանքով), լեյկոցիտներով, մանրէներով, սննդի մնացորդներով: Առանձին ուշադրության է արժանի ատամների կանաչ նստվածքաշերտը` Պրիստլեի զանգվածը: Որոշ հեղինակներ /այդ թվում նաև Պրիստլեն/ գտնում են, որ նման գույնը պայմանավորված է բերանի խոռոչում հատուկ սնկերի առկայությամբ, որոնք ընդունակ են ֆոտոսինթեզի օգնությամբ արտադրել քլորոֆիլ: Այդ իսկ պատճառով էլ կանաչ նստվածքաշերտը առաջանում է առավել հաճախ ֆրոնտալ ատամների վեստիբոլյար մակերեսին, քանի որ այս հատվածը առավել շատ է ենթարկվում լույսի ազդեցության:

Այլ հեղինակներ գտնում են, որ փառի կանաչ գունավորումը պայմանավորված է սուլֆմետհեմոգլոբինի առաջացումով, որը անջատվում է լնդային արյունահոսությունների ժամանակ: Այլ ծագման կանաչ փառ կարող է դիտվել միջավայրում պղնձի փոշի  պարունակող արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների մոտ: Ատամնափառի առաջացման պարտադիր պայման է հանդիսանում միկրոօրգանիզմների առկայությունը: Փորձարկումները ցույց են տվել, որ մանրէազուրկ կենդանիների մոտ ատամնափառ չի առաջանում:  Փափուկ ատամնափառը պարունակում է մեծ քանակությամբ կոկեր, ցուպիկներ, սպիրոխետներ, սնկեր, սպիրիլներ, ակտինոմիցետներ և այլն(փառի 1մգ- 500մլ մանրէ): Մանրէների ազդեցության տակ ատամնափառում տեղի են ունենում խմորման և նեխման պրոցեսները: Միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիկները վնասակար ազդեցություն են թողնում ատամի էմալի վրա, կարող են առաջացնել եզրային պարօդոնտի գրգռվածություն և բորբոքում: Ժամանակի ընթացքում փափուկ ատամնափառը հաստանում է, աէրոբ մանրէները փոխարինվում են անաէրոբներով և կազմավորվում է ատամնավահանիկը:

Ատամնավահանիկը սովորաբար ունի անհարթ մակերես և հանդիպում է հաճախ այն մարդկանց մոտ որոնք ատամները մաքրում են սխալ կամ անկանոն կերպով: Պարզված է, որ ատամնափառը կուտակվում է ատամի մակերեսին ատամները լվանալուց արդեն իսկ երկու ժամ հետո, իսկ 3-4 օրվա ընթացքում այն պատում է պսակի կեսը և նույնիսկ նրա մեծ մասը: Ատամնափառի տեղակայման հատվածներն են` հարվզիկային շրջանը (վեր և ստորլնդային հատվածները), ֆիսուրները և միջատամնային տարածությունները: Ատամնավահանիկը առաջանում է էմալի մակերեսին միկրոօրգանիզմների ադսորբցիայի հետևանքով: Բացի այդ, նա պարունակում է մահացած լեյկոցիտներ, մակրոֆագեր և էպիթելային բջիջներ: Ատամնավահանիկի առաջացման մեխանիզմում մեծ դեր են խաղում ածխաջրերը, որոնք, քայքայվում են մանրէների կողմից և մասամբ վեր են ածվում դեկստրանների, որոնց հաշվին էլ փառը ամուր կպչում է ատամի մակերեսին: Ատամնավահանիկը բավականին արագ աճում է ի շնորհիվ կոկային, ցուպիկավոր, թելանման աէրոբ և անաէրոբ բակտերիաների նոր շերտազատումների: Ատամնավահանիկի միջբջջային մատրիքսը պարունակում է օրգանական (սպիտակուցներ, ճարպեր, պոլիշաքարներ) և անօրգանական (կալցիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, մագնիում) նյութեր: Ատամնավահանիկի արագ աճին նպաստում է հեշտ ֆերմենտացվող ածխաջրերով հարուստ փափուկ սնունդը: Հաստատված է ատամնավահանիկի պաթոգենետիկ դերը կարիոզ պրոցեսի զարգացման մեջ:


Ատամնափառի առաջացման մեջ առանձնացվում է մի քանի փուլ
I.    Պելիկուլայի առաջացում, որը տեղի է ունենում րոպեների կամ մի քանի ժամվա ընթացքում
II.    Ատամնափառի գոյացում, որը սկսվում է պելիկուլայի գոյացումից մի քանի րոպե անց և ընթանում է նրա մակերեսին սպիտակուցների, միկրոօրգանիզմների և էպիթելիբջիջների միաժամանակ նստեցումով (ադսորբցիա): Ատամնափառի զարգացման սկզբնական փուլում նրա հիմնական մանրէային տարրերն են հանդիսանում կոկկային աէրոբ միկրոֆլորան, որը հետագայում շերտերը ավելանալու կապակցությամբ փոխարինվում են անաէրոբ ֆլորայով (թելանման և ցուպիկային) ձևերով: Այստեղ հայտնաբերվում են նաև էպիթելային բջիջներ և սննդի մնացորդներ
III.    Մի քանի օր անց զարգացումը անցնում է ատամնավահանիկի առաջացման փուլ: Այս փուլում ատամնափառը առավել մեծ վտանգ է նարկայացնում ատամի կարծր հյուսվածքների համար, քանի որ նրա կողմից առաջացրած արտածին գործոնները` ջրալույծ ֆերմենտները(պրոտեինազներ, հիալուրոնիդազներ) և օրգանական թթուները (կաթնաթթու, քացախաթթու և այլն) կարող են հանգեցնել պելիկուլայի լուծմանը և էմալի քայքայմանը և լուծմանը` կավիտոգենեզ:
IV.    Այս փուլում տեղի է ունենում ատամնափառի միներալիզացիան (կրակալում) և ատամնաքարի առաջացում:
Ատամնավահանիկի մանրէների իրենց գործունեության ընթացքում սինթեզում են արտաբջջային պոլիշաքարներ, որնցից են

  • լևաններ – հանդիսանում են էներգիայի աղբյուր միկրոօրգանիզմների համար
  • գլիկաններ – նպաստում են մանրէների հետագա ադհեզիային ատամնավահանիկին
  • դեկստրաններ – քայքայվելով առաջացնում են օրգանական թթուներ, որոնք նպաստում են էմալի դեմիներալիզացիային:


Ատամնաքարեր
Ատամնավահանիկի մանրէների, նրանց էկզո- և էնդոտոքսինների ազդեցության ներքո, նաև թքի մածուցիկության բարձր ֆոնի վրա, երբ թուքը լիարժեք չի կատարում իր ֆունկցիաները(սննդի մնացորդների և մանրէների հեռացում) սկսվում է ատամնափառի աստիճանաբար կրակալում և կարծր ատամնանստվածքների (ատամնաքարերի) առաջացում: Ըստ քիմիական կառուցվածքի ատամնաքարերը կազմված են 10% ջրից, 13% օրգանական նյութերից և 77% անօրգանական նյութերից:

Ըստ տեղակայման տարբերում են.

  • վերլնդային ատամնաքարեր – salivary calculi
  • ստորլնդային /ենթալնդային/ ատամնաքարեր – seramel calculi


Վերլնդային ատամնաքարը առաջանում է փափուկ նստվածքաշերտերի կրակալման հետևանքով, թքի մեջ գտնվող անօրգանական նյութերի շնորհիվ: Ատամնավահիկի գոյացումից մի շաբաթ անց նրանում ի հայտ են գալիս կրակալման օջախներ: Թքի դերը կրակալման մեջ ապացուցվում է նրանով, որ ատամնաքարերի հիմնական կուտակումները հայտնաբերվում են թքածորանների ելանցքների շրջանում գտնվող ատամների համապատասխան մեկերեսներին` ստորին ծնոտի ֆրոնտալ ատամների լեզվային մակերեսին և վերին ծնոտի ծամիչ ատամների վեստիբուլյար մակերեսին: Վերլնդային ատամնաքարերը համեմատաբար ավելի փխրուն են քան ստորլնդայինները: Անօրգանական նյութերից այստեղ գերակշռում է կալցիումի ֆոսֆատը, բացի այդ քիչ քանակով կան նաև կալցիումի կարբոնատ և մագնեզիումի ֆոսֆատ: Ատամնաքարերի ատաջացման ինտենսիվությունը կախված է թքի քանակից և որակից, ծամողական ակտի թերություններից /անտոգոնիստ ատամների բացակայությունից կամ միակողմանի ծամումից/, սխալ բժշկական միջամտությունից /վատ լեցավորում և պրոթեզավորում/: Այսպիսով, կարելի է ասել, որ բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են ատամի մակերեսի ոչ լիարժեք մաքրմանը /բերանի խոռոչի վատ հիգիենա, անորակ լեցավորում և պրոթեզավորում, ծամողական ակտի խանգարումներ և այլն/ բերում են ատամնափառի կուտակմանը և հետագա կրակալմանը: Բացի տեղային գործոններից ատամնաքարերի մեծ կուտակման պատճառ կարող են դառնալ և ընդհանուր գործոնները`օրգանիզմի նյութափոխանակության խանգարումներ, որոնք քարերի կուտակման պատճառ են դառնում ոչ միայն ատամների վրա,այլ թքագեղձերում, նրանց ծորաններում, երիկամներում, լեղապարկում:

Վերլնդային ատամնաքարերի առաջացման մեխանիզմների հետ կապված կան մի քանի տեսություն.
1.Ըստ առաջին տեսության մարդու թուքը պարունակում է կալցիումի ֆոսֆատներ և կարբոնատներ, որոնք ածխաթթվի առկայության պայմաններում գտնվում են լուծված վիճակում: Թքի և օդի հպման ժամանակ ածխաթթվի մի մասը գոլորշիանում է, ինչի հետևանքով նշված աղերը լուծույթից նստում է ու կրակալում ատամնափառը:
2.Երկրորդ տեսության էությունը կայանում է նրանում, որ կալցիումի իոնները և սպիտակուցները գտնվում են թույլ կապի մեջ, որը հեշտությամբ խախտվում է տարբեր արտածին ներազդող պայմաններում և կալցիումի իոնները ընկնում են նստվածքի մեջ:
3.Ըստ երրորդ տեսության ատամնափառի կրակալման հիմնական դերը հատկացվում է ատամնափառի մանրէներին /լեպտոտրիկս, ակտինոմիցետ/, որոնք ընդունակ են կլանել թքից կալցիումի իոնները:

Ատամնափառի կրակալման ինտենսիվությունը կապում են նաև թքի քանակի հետ. ինչքան թքի քանակը շատ է, այնքան ատամնափառը արագ է կրակալվում:
Հարկ է նշել նաև, որ ատամնաքարի առաջացմանը մեծ դեր է խաղում նաև օրգանիզմի ընդանուր նյութափոխանակության վիճակը: Այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են լեղապարկի կամ երիկամների քարային հիվանդություններով, ատամնաքարերը ավելի արագ և ինտեսիվ են առաջանում: Ըստ Կոլեսովի ատամնաքարերը ըստ կառուցվածքային առանձնահատկությունների բաժանում են 3 խմբի.
1.Բյուրեղային-հատիկավոր
2.Համակենտրոն-կեղևանման
3.Կոլոմորֆ

Բյուրեղային-հատիկավոր ատամնաքարերը բնորոշվում են անօրգանական բյուրեղների անկանոն դասավորվածությոմբ ամորֆ օրգանական նյութի մեջ:
Համակենտրոն-կեղևանման ատամնաքարերումանօրգանական նյութը կեղևանման շերտեր է կազմում օրգանական նյութի մեջ, այպիսով օրգանական նյութի շերտը հաջորդում է անօրգանականի:
Կոլոմորֆ ատամնաքարում գերակշռում են անօրգանական նյութերը, որոնք համարյա ամբողջովին դուրս են մղում օրգանական նյութերը:
Վերլնդային ատամնաքարերը ժամանակի ընթացքում մեծանում են և կարող են տարածվել ատամի մակերեսով հետևյալ ուղղություններով
ա/ քիչ արտահայտված վերլնդային ատամնաքարը կարճ ժամանակահատվածում քայքայում է ատամ-լնդային ակոսը և անցնելով պերիօդոնտ առաջացնում է ատորլնդային ատամնաքար, որը արագ աճում է դեպի արմատ` քայքայելով պերիօդոնտալ կապանը և առաջացնելով պարօդոնտալ և ոսկրային գրպաններ:
բ/ առաջացնում է արտահայտված վերլնդային ատամնաքար, որը աճում է դեպի ատամի կտրող և ծամող մակերես, առանց ատամ-լնդային կապանը վնասելու:  
գ/ առաջանում է արտահայտված վերլնդային ատամնաքար, որը աճում է ինչպես դեպի կտրող եզրը, այնպես էլ դեպի ատամ-լնդային ակոսը, վնասելով այն և առաջացնելով ստորլնդային ատամնաքար:

Վերլնդային ատամնաքարի էլեկտրոնային-մանրադիտակային հետազոտումը ցույց է տվել, որ նա կազմված է շեղանկյունաձը բյուրեղներից – վիտլոկիտի բյուրեղներից, որոնց միջև հայտնաբերվում են տարբեր տեսկի կրակալված բակտերիաներ, որոնք ունեն ավազի ժամացուցի տեսք: Ատամնաքարի մեջ գտնվող միկրոօրգանիզմներից շատերը կենսունակ չեն:
Հասնելով որոշակի մաքսիմումի, որը բնորոշ է տվյալ մարդու, ատամնաքարի աճը կանգ է առնում: Այն ժամանակը, որը անհրաժեշտ է ատամնաքարի մաքսիմալ աճի համար 10 շաբաթիրց մինչև 6 ամիս: Ստորլնդային ատամնաքարը կարող է առաջանալ ինքնուրույն: Գոյություն ունի կարծիք, թե այս քարերն առաջանում են բորբոքային արգասիքներից` ֆիբրինից և օջախում առկա հանքային աղերից: Այս քարերի առաջացմանը մասնակցում են նաև հյուսվածքային հեղուկը, անջատված էպիթելային բջիջները և ախտաբանական լնդագրպանիկի միկրոօրգանիզմները: Ստորլնդային ատամնաքարը տարբերվում է վերլնդայինից ծագումով, տեղակայումով, գույնով և տեսքով: Նրանք ավելի ամուր են, մուգ են և դժվարությամբ են անջատվում ատամի մակերեսից: Ստորլնդային ատամնաքարի քանակը կախված է բորբոքային պրոցեսների արտահայտվածությունից և առաջին հերթին ատամնալնդային գրպանիկում փոխանակային խրոցեսների խանգարման աստիճանից: Ստորլնդային ատամնաքարը հայտնաբերվում է պարօդոնտալ գրպանիկի զոնդավորումով, ինչպես նաև կարելի է հայտնաբերել ռենտգենաբանորեն: Ատամնաքարի վերին շերտերը հարուստ են Գրամ-բացասական թելանման միկրոօրգանիզմներով, իսկ միջին և խորանիստ շերտերը Գրամ-դրական:  Քարի մեջ տարանջատում են 3 գոտի – կորիզ, ներքին և ծայրամասային մակերես: Ներքին մակերեսին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվում:

Ատամնանստվածքների հեռացման մեթոդներ
Ատամնանստվածքներին առաջնահերթ տեղ է հատկացվում ինչպես կարիեսի, այնպես էլ պարօդոնտի հիվանդությունների առաջացման պաթոգենեզում: Չի կարելի բուժել պարօդոնտի հիվանդությունը առանց ատամնանստվածքների հեռացման: Լնդերի վրա ատամնանստվածքները ազդում են երկու ուղղությունով`
1.Մեխանիկորեն- ատամնանստվածքի անհարթ մակերեսին անընդհատ շոշափումը բերում է լնդի բորբոքմանը: Առաջացած բորբոքումը նպաստում է քարի մեծացմանը, իսկ այն իր հերթին, ուժեղացնում բորբոքային պրոցեսը:
2.Ինֆեկցիոն- կապված մակերեսային չկրակալված շերտի մանրէների վիրուլենտականության հետ: Նրանց էկզո- և էնդոտոքսինները առաջացնում են լնդի բորբոքում, իսկ ատամնալնդային կապանի վնասումից հետո` նաև պերիօդոնտի բորբոքում:

Այսպիսով, ատամնանստվածքների հեռացումը հանդիսանում է կարևոր բուժիչ և կանխարգելիչ միջոց: Գոյություն ունի ատամնանստվածքների հեռացման 2 տեսակ` անհատական և մասնագիտական: Անհատական հեռացումը կատարվում է տանը ատամնային մածուկների, փոշիների, խոզանակների, թելերի և այլ անհատական հիգիենայի միջոցներով: Այս մեթոդով հնարավոր է հեռացնել միայն փափուկ ատամնափառը և կանխել նրա հետագա առաջացումը: Ատամնային վահանիկը և ատամնաքարը հեռացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:

Մասնագիտական մաքրումը բաղկացած է հետևյալ փուլերից.
1.Վեր- և ստորլնդային ատամնաքարերի հետացում
2.Պսակային և արմատային մակերեսի հղկում
3.Մաքրված մակերեսի մշակում ֆտոր և կալցիում պարունակող նյութերով /2% NaF, 10% Ca-գլուկոնատ/

Ատամնաքարերը հեռացնելու համար գոյություն ունի մի քանի եղանակ.
ա/ մեխանիկական – ձեռքի գործիքների օգնությամբ
բ/ քիմիական -18-20% օրգանական թթուների օգնությամբ
գ/ ֆիզիկական – ուլտրաձայնային սարքի օգնությամբ
Ատամնաքարերի մեխանիկական հեռացման համար օգտագործում են կեռիկների (սկելեռներ) հավաքածու /Զագսի, Գոֆունգի/, որոնք կազմված են 6-12 գործիքից, համապատասխան ֆրոնտալ և ծամիչ ատամների աջ և ձախ կողմերի համար, ինչպես նաև օգտագործում են սուր արտաքերիչ: Ատամնաքարերը հեռացնելու ժամանակ գործիքի և մակերեսի միջև անկյունը պետք է կազմի 70-80օ: Ատամնաքարերի մեխանիկական հեռացման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ կանոնները
1.բոլոր գործիքները պետք է լինեն մանրէազերծված
2.միջամտությունից առաջ վիրահատաան դաշտը պետք է ախտահանվի հականեխիչ լուծույթներով
3.միջամտությունը կատարել առանց կտրուկ շարժումների
4.բժիշկի ձեռքը պետք է ֆիքսված լինի հիվանդի ծնոտին
5.շարժվող ատամներըպետք է ֆիքսել ազատ ձեռքով
6.բժիշկը պետք է աշխատի ակնոցներով և ձեռնոցներով

Ատամնաքարերը լիարժեք հեռացնելու համար պետք է պահպանվի հետևյալ կարգը. սկզբում հեռացվում են ատամի վեստիբուլյար մակերեսի ատամնաքարերը, այնուհետև հպվող մակերեսինը և վերջապես քմային և լեզվային մակերեսները: Մեկ այցելության ընթացքում ցանկալի հեռացնել ատամնաքարեր ոչ ավել քան 4-6 ատամների շրջանում, հատկապես երբ հեռացվում են նաև ստոլնդային ատամնաքարերը և գրանուլյացիաները: Կարծր ատամնաքարեր հեռացնելուց առաջ կարելի է օգտագործել պրոտեոլիտիկ ֆերմենտներով ապլիկացիաներ 7-10 րոպեով: Ատամնաքարերի քիմիական հեռացման մեթոդները այժմ մեծ կիրառություն չունեն, քանի որ այդ օրգանական թթուները բացասական ազդեցություն են թողնում ինչպես ատամի կարծր հյուսվածքների, այնպես էլ պարօդոնտի փափուկ հյուսվածքների վրա: Ուլտրաձայնային մեթոդի համոր օգտագործում են հատուկ ուլտրաձայինային սարքեր, որոնք առաջացնում են բարձր հաճախականության ուլտրաձայնային տատնումներ, որոնք էլ ջրի շիթի միջոցով փոխանցվում են հատուկ ծայրակալին:

Ուլտրաձայինային սրքերը օգտագործելիս պետք է հաշվի առնել հետևյալ կանոնները
-ծայրակալի սուր աշխատող մասը չի կարելի տեղադրել ատամի առանցքին ուղահայաց
-չգործադրել ճնշում ատամի մակերեսին
-չօգտագործել սարքը առանց ջրային սառեցման:
Ուլտրաձայինային մեթոդը հակացուցված է այն հիվանդներին, ովքեր ունեն սրտի ռիթմի գրգռիչ: Ուլտրաձայնային մեթոդով դժվարացած է հեռացնել ստորլնդային ատամնաքարերը և մանր բեկորները: Այսօր ատամնանստվածքների հեռացման օպտիմալ մեթոդ է համարվում հենդի-բլաստերի օգտագործումը, որը հեռացնում է ատամնափառը աբրազիվ փոշու օգնությամբ /նատրիումի հիդրոկարբոնատի հիմքի վրա/, որը ջրային ճնշման ներքո ուղղվում է դեպի ատամի մշակվող մակերեսը: Անկախ նրանից, թե որ մեթոդնենք ընտրել ատամնանստվածքները հեռացնելու համար, անհրաժեշտ է լինդը և ատամի մակերեսը մշակել հակասեպտիկներով, մասնավորապես` 0,01-0,03% քլորհեքսիդինի լուծույթով, կամ, անհրաժեշտության դեպքում, կատարել անզգայացում: Ուլտրաձայնային սկելերի օգտագործումից հետո աշխատանքի որակը ստուգում են ձեռքի գործիքներով: Ատամի մաքրված մակերեսը լավ հղկվում է,ատամնափառի կրկնակի կուտակումը կանխարգելու նպատակով: Դրանից հետո լինդը նորից մշակում են հակասեպտիկ լուծույթով և, անհրաժեշտության դեպքում, դնում են բուժիչ վիրակապ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին