Ատամի կարծր հյուսվածքների մեռուկԱտամի կարծր հյուսվածքների մեռուկը ծանր հիվանդություն է, որը երբեմն հանգեցնում է ատամների լրիվ կորստի: Տարբերում են հարվզիկային և թթվային (քիմիական) մեռուկ:
Պատճառագիտություն և ախտածնություն: Տարբերում են արտաքին և ներքին պատճառագիտական գործոններ: Հարվզիկային մեռուկի պատճառ են հանդիսանում հիմնականում ներքին գործոնները: Վերջիններիս շարքին դասվում են ներզատիչ գեղձերի ախտահարումները /վահանաձև գեղձի հիպերֆունկցիան/, քրոնիկական թունավորումները, ատամների զարգացման ժառանգական խախտումները: Ատամների թթվային մեռուկի պատճառը տեղային գործոնների ազդեցությւոնն է, որը դիտվում է քիմիական արտադրություններում երկարաժամկետ աշխատած մարդկանց մոտ: Այդ արտադրամասերում օդի մեջ կուտակվում են օրգանական և անօրգանական տարբեր թթուների գոլորշիներ (ֆտորջրածնային, քլորջրածնային, ծծմբական, ազոտական թթուներ, աղաթթու), որոնք անցնում են բերանի խոռոչ և լուծվում են թքի մեջ` վերջինիս հաղորդելով թթվային ռեակցիա, որը և հանգեցնում է ատամի կարծր հյուսվածքների ախտահարմանը (դեկալցինացիա):

Կլինիկական պատկեր: Հարվզիկային մեռուկը հիմնականում տեղակայվում է կենտրոնական ատամների անդաստակային մակերեսների հարվզիկային շրջանում, սակայն կարող է հանդիպել նաև ժանիքների, պրեմոլյարների և շատ հազվադեպ՝ մոլյարների վրա: Հիվանդների հիմնական գանգատը գրգռիչների նկատմամբ (ջերմային, մեխանիկական, քիմիական) առաջացող ցավն է, որն արագ անցնում է գրգռիչի վերացումից հետո: Սկզբնական շրջանում նկատվում է ոչ մեծ փայլուն կավճանման բիծ, որը հետագայում կորցնում է փայլը և դառնում է մուգ շագանակագույն: Զննման ժամանակ հայտնաբերվում է փափկացում օջախի կենտրոնում, էմալը շատ փխրուն է, կարող է արտաքերիչով շերտազատվել: Հատկանշական է մեռուկացման հատվածի ընդարձակումը լայնությամբ և ավելի սակավ չափով խորությամբ: Այս հանգամանքն ունի մեծ նշանակություն մեռուկի և կարիեսի տարբերակիչ ախտորոշման համար (ախտաբանական օջախի ընդարձակումը խորությամբ նկատվում է, երբ մեռուկին միանում է կարիեսը): Թթվային մեռուկի առաջին կլինիկական նշաններից են ատամնառության (чувство оскомины) զգացողությունը, ջերմային և մեխանիկական գրգռիչների նկատմամբ գերզգայնությունը: Երբեմն ատամների հպման ժամանակ առաջանում է կպչունության (прилипание) զգացողություն: Զննման ժամանակ` էմալը (մեծ մասամբ կենտրոնական ատամների) կավճանման է, անհարթ, երբեմն նաև գունափոխված, խիստ արտահայտված է ատամների մաշումը: Ատամների նշված փոփոխությունները սկզբնական շրջանում առաջանում են նրանց անդաստակային մակերեսներին, իսկ ավելի ուշ նրանք տարածվում են նաև բերանային մակերեսի վրա: Պսակները կարճանում են ընդունելով սեպի տեսք:

Ախտաբանական անատոմիա: Հարվզիկային մեռուկին բնորոշ է ենթամակերեսային ապահանքայնացման օջախների առաջացումը: Կարծիք կա, որ ատամների մեռուկը արագ զարգացող կարիես է:

Տարբերակիչ ախտորոշում.
Մեռուկը տարբերակում են.
1)    սեպաձև դեֆեկտից
2)    էրոզիայից
3)    կարիեսից

Բուժում: Մեռուկի բուժման ժամանակ իրականացվող միջոցառումների նպատակն է վերացնել ատամի գերզգայնությունը, ամրացնել ատամները և կատարել ատամնալեցում: Ատամների կարծր հյուսվածքների զգալի կորստի դեպքում ցուցված է օրթոպեդիկ բուժում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին