Ատամների մաշվածությունը դա ֆիզիոլոգիական պրոցես է, որը տեղի է ունենում ամբողջ կյանքի ընթացքում: Մաշվածությունը բաժանում են ֆիզիոլոգիական (նորմալ) և ախտաբանական (նորմայից բարձր): Ֆիզիոլոգիական մաշումը առաջանում է դիմածնոտային շրջանի ֆիզիոլոգիական գործունեության հետևանքով: Ընդ որում մաշվածության աստիճանը ուղիղ համեմատական է անձի տարիքին: Նորմայում մոտ 40 տարեկանում դիտվում է թմբիկների էմալի մաշում, իսկ 50 – 60 տարեկանում մաշումը արտահայտվում է թմբիկների էմալի զգալի կորստով և կտրիչների պսակի կարճացումով: Ատամի կարծր հյուսվածքների ախտաբանական մաշում ասելով հասկանում են նրանց անժամանակ (երիտասարդ հասակում) և խիստ արտահայտված պակասումը, որը կարող է առաջանալ տարբեր արտաքին և ներքին գործոնների ազդեցության հետևանքով: Ախտաբանական մաշվածությունը կարող է դիտվել մեկ, մի խումբ կամ բոլոր ատամների շրջանում:

Պատճառագիտություն և ախտածնություն: Ախտաբանական մաշվածությունը կարող են առաջացնել հետևյալ գործոնները` կծվածքի վիճակը (օր.՝ ուղիղ կծվածքի դեպքում մաշվում են կողմնային ատամների ծամիչ մակերեսները և առջևի ատամների կտրիչ եզրերը), որոշ ատամների գերծանրաբեռնվածությունը` ատամների կորստի հետևանքով, սխալ պատրաստված պրոթեզները, կենցաղային մասնագիտական վնասակար գործոնների ազդեցությունը, ներզատիչ գեղձերի (վահանագեղձի, հարվահանագեղձի, հիպոֆիզի) ախտահարումները, հյուսվածքների կառուցվածքի ոչ լիարժեք ձևավորում և այլն:

Դասակարգում:  Առավել հարմար է կլինիկաանատոմիական դասակարգումը (Մ. Գրոշիկով 1985), ըստ որի տարբերում են ախտաբանական մաշվածության 3 աստիճաններ.
I աստիճան - դիտվում է ատամի թմբիկների կամ կտրող եզրի աննշան մաշում:
II աստիճան –թմբիկների և կտրող եզրի մաշում, ընդհուպ մինչև դենտինի մերկացումը:
III աստիճան - ատամի էմալի և դենտինի մաշում մինչև ատամի խոռոչի մակարդակը:

Կլինիկական պատկեր: Կախված ախտաբանական մաշվածության աստիճանից, հիվանդները կարող են գանգատվել ատամի գերզգայնությունից ջերմային, մեխանիկական և քիմիական ազդակների նկատմամբ: Սակայն ատամի կակղանի կերպավորող ֆունկցիայի շնորհիվ (փոխարինող դենտինի առաջացում) նշված գերզգայնությունը կարող է լինել թույլ արտահայտված կամ ընդհանրապես բացակայել: Շատ հաճախ հիվանդները գանգատվում են էմալի սուր եզրերի առաջացման հետևանքով բերանի խոռոչի փափուկ հյուսվածքների վնասումից: Տարիքի հետ ծամիչ ատամների թմբիկների մաշվելուց հետո, կտրիչներն ավելի արագ են մաշվում: 35-40 տարեկանում կտրիչների պսակները կարճանում են  1/3–ի չափով: Ընդ որում, կտրիչների վրա կտրող եզրը վերածվում է հարթակի, իսկ փոքր և մեծ աղորիքների թմբիկները լրիվ մաշվում են: Բուժման բացակայության դեպքում տեղի է ունենում կծվածքի իջեցում` դեմքի ստորին հատվածը կարճանում է, որը պատճառ է դառնում ՔՍԾՀ-ի բաղադրիչների հարաբերության խախտման: Վերջինս կարող է պատճառ հանդիսանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի շրջանում ցավի և այրոցի, լսողության թուլացման, բերանի անկյուններում ծալքերի առաջացման: Հիվանդների մեծ մասի մոտ ԷՕԱ-ն 6-20 մկԱ է:

Ախտաբանական անատոմիա: Ախտաբանական փոփոխությունները կախված են մաշվածության աստիճանից:
I աստիճանի դեպքում կակղանում դիտվում է փոխարինող դենտինի առաջացում մաշված շրջանին համապատասխան տեղում:
II աստիճանի դեպքում դիտվում է փոխարինող դենտինի խիստ արտահայտված առաջացում, դենտինային խողովակների աճախցանում, փոփոխություններ կակղանում (օդոնտոբլաստների քանակի պակասում, նրանց վակուոլացում): Կակղանի կենտրոնական շերտում առաջանում են պետրիֆիկատներ:
III աստիճանի դեպքում դիտվում է դենտինի սկլերոտիկ փոփոխություն, ատամի խոռոչի պսակային հատվածը համարյա ամբողջությամբ լցված է փոխարինող դենտինով, կակղանը ենթարկված է ապաճի, արմատախողովակները նեղացած են:

Բուժում: Բուժումը կազմակերպելու համար պետք է հաշվի առնել տեղային կամ ընդհանուր պատճառագիտական գործոնը, ախտաբանական մաշվածության աստիճանը: I և  II  աստիճանի դեպքում բուժման նպատակն է պրոցեսի կայունացումը: Այդ նպատակով անտագոնիստ ատամներին (հիմնականում մեծ աղորիքներին) պատրաստում են ներդիրներ կամ մետաղական պսակներ (ձուլովի): Ատամների մեծ քանակի կորստի դեպքում` պատրաստում են պրոթեզներ (անշարժ և շարժական): III աստիճանի դեպքում բուժման հիմնական նպատակը դեմքի ստորին հատվածի բարձրության վերականգնումն է: Բուժումը այս դեպքում կատարվում է օրթոպեդիկ միջամտությունների միջոցով: Որպես կանոն բուժումը երկարատև է և ուղեկցվում է բուժիչ սարքերի միջանկյալ պատրաստումով, որը հնարավորություն է տալիս վերականգնել հոդի բաղադրիչների ֆիզիոլոգիական դիրքը: Եթե ախտաբանական մաշվածությունը ուղեկցվում է գերզգայնությամբ, կատարում են համապատասխան բուժում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին