Էրոզիան դա ատամի կարծր հյուսվածքների դեֆեկտ է, որը ախտահարում է ատամների անդաստակային մակերեսը և ունի պնակի տեսք: Պատճառագիտությունը և ախտածնությունը վերջնականապես պարզված չեն, սակայն  կան կարծիքներ այն մասին, որ էրոզիան առաջանում է մեխանիկական գործոնների (խոզանակ) ազդեցության հետևանքով կամ մեծ քանակությամբ ցիտրուսային պտուղների և դրանց հյութերի օգտագործումից: Էրոզիայի ախտածնության մեջ մեծ դեր է պատկանում ներզատիչ համակարգի խանգարումներին, մասնավորապես` թիրեոտոքսիկոզին, քանի որ այդ հիվանդության ժամանակ շատանում է թքի արտադրությունը և նվազում նրա մածուցիկությունը, ինչը չի կարող չազդել ատամների կարծր հյուսվածքների վիճակի վրա:

Տեղակայում: Էրոզիաները ավելի հաճախ հանդիպում են վերին ծնոտի կենտրոնական և կողմնային կտրիչների, վերին և ստորին ծնոտների ժանիքների և փոքր աղորիքների անդաստակային մակերեսների ամենաարտափքված շրջանում: Ախտահարումը ունի սիմետրիկ բնույթ: Մեծ աղորիքների և ստորին ծնոտի կտրիչների մակերեսներին էրոզիա չի առաջանում:

Դասակարգում: Տարբերում են ատամի էրոզիայի ակտիվ և կայունացած փուլեր, չնայած էրոզիան իր ընթացքով քրոնիկական հիվանդություն է:
Էրոզիայի ակտիվ փուլին բնորոշ է ատամի կարծր հյուսվածքների նկատելի կորուստ և գերզգայնության բարձրացում:
Կայունացած փուլի ժամանակ հիվանդությունն ունի համեմատաբար դանդաղ ընթացք և գերզգայնությունը բացակայում է:

Ըստ խորության տարբերում են ախտահարման 3 աստիճան`
I աստիճան (սկզբնական) - ախտահարվում են էմալի մակերեսային շերտերը:
II աստիճան (միջին) - ախտահարվում է ամբողջ էմալը մինչև դենտին - էմալային սահմանը:
III աստիճան (խորանիստ) - ախտահարվում են դենտինի մակերեսային շերտերը:

Կլինիկական պատկեր: Սկզբում էմալի մակերեսին առաջանում է աննշան դեֆեկտ, որը աստիճանաբար մեծանում է և հասնում դենտինին: Էրոզիան հարթ, ամուր և փայլուն հատակով, ձվաձև կամ կլոր դեֆեկտ է: Երբեմն հնարավոր է դրա դեղնաշագանակագույն երանգավորում: Էմալի էրոզիան, ի տարբերություն մաշվածության մյուս տեսակների, բնորոշվում է տարբեր տեսակի գրգռիչներից (ջերմային, քիմիական) առաջացող ցավերով: Ընդ որում ակտիվ փուլի ժամանակ ցավերն ավելի արտահայտված են:

Ախտաբանական անատոմիա: Հայտնաբերվում է էմալի միջպրիզմային տարածությունների լայնացում, էմալի մակերեսային ապահանքայնացում, դենտինային խողովակների ապախցանում (օբլիտերացիա):

Տարբերակիչ ախտորոշում: Տարբերակում են մակերեսային կարիեսից և սեպաձև դեֆեկտից: Կարիեսից տարբերվում է տեղակայումով, ախտահարման օջախի տեսքով և մակերեսով (էրոզիայի դեպքում այն հարթ է): Սեպաձև դեֆեկտից տարբերվում է օջախի տեսքով և տեղակայումով (սեպաձև դեֆեկտը տեղակայվում է էմալի և ցեմենտի սահմանում, իսկ էրոզիան՝ ատամի էկվատորի շրջանում) (տես աղյուսակը):

Բուժում: Ատամի կարծր հյուսվածքների էրոզիայի բուժման ժամանակ պետք է հաշվի առնել պրոցեսի ակտիվությունը, ընդհանուր հիվանդության բնույթը և այլն:
Ընդհանուր բուժման նպատակն է օրգանիզմ ներմուծել կալցիումի և ֆոսֆորի հիմքի վրա պատրաստված դեղամիջոցներ, վիտամիններ՝ առանձին կամ միկրոտարրերի հետ զուգակցված: Սննդի մեջ պակասեցնել ցիտրուսային մրգերի օգտագործումը: Ատամի լեցավորումը էրոզիայի ժամանակ հաճախ քիչ արդյունավետ է լեցանյութի եզրային հպման խախտման և դրա շուրջ II-ային դեֆեկտի առաջացման պատճառով: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում մինչև լեցավորումը ատամի հյուսվածքները հարստացնել կալցիումով և ֆոսֆորով (ռեմիներալիզացիա): Լեցավորման համար կիրառում են կոմպոզիտներ, կոմպոմերներ կամ ապակեիոնոմերային ցեմենտներ: Գերադասելի է ֆտոր պարունակող լեցանյութերի օգտագործումը: Զգալի դեֆեկտների դեպքում խորհուրդ է տրվում կատարել օրթոպեդիկ բուժում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին