Ատամի հոդախախտԱտամի հոդախախտը  - դա ատամի տեղաշարժն է ատամնաբնում, որը տեղի է ունենում վնասվածքային գործոնի (ուժի) կողմնային կամ ուղղահայաց ազդեցության դեպքում: Պարոդոնտի նորմալ վիճակում մեծ ջանք է պահանջվում ատամը տեղաշարժելու համար, սակայն պարոդոնտի հիվանդությունների ժամանակ, երբ առկա է ոսկրային հյուսվածքի ռեզորբցիա, ատամի հոդախախտ կարող է տեղի ունենալ նույնիսկ կոշտ սնունդ ծամելու ընթացքում: Հոդախախտը կարող է լինել առանձին (изолированный), կամ զուգորդվել ալվեոլյար ելունի կամ ծնոտի մարմնի կոտրվածքով:
Լրիվ /ամբողջական/ հոդախախտը բնորոշվում է ատամնաբնից ատամի արտանկումով:
Ոչ լրիվ /մասնակի/ հոդախախտը  բնորոշվում է ատամնաբնում արմատի տեղաշարժով և ուղեկցվում է պերիօդոնտային թելերի որոշ հատվածի պատռումով: Ատամը կարող է տեղաշարժվել տարբեր հարթություններով: Դեպի հարևան ատամ տեղաշարժման դեպքում ռենտգենագրի վրա դիտվում է տեղաշարժման կողմի պերիոդոնտային ճեղքի նեղացում կամ լրիվ բացակայություն, իսկ հակառակ կողմում` լայնացում: Ատամի անդաստակաբերանային տեղաշարժերի դեպքում ատամի պսակը և արմատի գագաթը տեղաշարժվում են փոխադարձ հակառակ ուղղություններով, իսկ ռենտգենագրի վրա նման ատամի արմատը երևում է կարճացած:
Օկլյուզիոն տեղաշարժի դեպքում /արտահրված հոդախախտ/ ատամի պսակը թվում է երկարացած, իսկ ռենտգենագրի վրա երևում է ատամնաբնի գագաթային հատվածի դատարկում:
Ներհրված հոդախախտը բնորոշվում է ատամի մասնակի կամ լրիվ տեղաշարժումով դեպի ծնոտի մարմինը: Մասնակի ներհրման ժամանակ ատամը երևում է կարճացած, իսկ ռենտգենագրի վրա դիտվում է պերիոդոնտային ճեղքի նեղացում կամ նրա բացակայություն:
Հոդախախտի ժամանակ հիվանդները գանգատվում են մեկ կամ ատամների որոշակի խմբի շրջանում ցավի զգացողությունից, շարժունության առկայությունից: Հիվանդը ստույգ նշում է այդ նշանների առաջացման ժամկետը և պատճառը:
Բուժում:  Առաջին հերթին որոշում են ատամի պահպանելու նպատակահարմարության հարցը: Հիմնական չափանիշն է ատամի արմատի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը: Ատամը նպատակահարմար է պահպանել, եթե ոսկրային հյուսվածքը պահպանված է ատամի արմատի երկարության կեսից ոչ պակաս:

Սկզբում (անզգայացման տակ) մեծ զգուշությամբ, որպեսզի բացառվի նյարդանոթային ցողունի վնասումը, կատարում են ատամի վերատեղադրում /ռեպոզիցիա/: Վերատեղադրումից հետո ատամը պետք է անշարժացնել տարբեր դողերի (շինաների) օգնությամբ: Դրանից հետո կատարում են ԷՕԱ: Եթե ատամի կակղանը մեռուկացած է, այն անհրաժեշտ է հեռացնել, իսկ արմատախողովակը լիցքավորել: Եթե ԷՕԱ տվյալները 2-6 մկԱ սահմաններում են, դա խոսում է այն մասին, որ նյարդանոթային ցողունը պատռված չէ: Սակայն հարկ է հիշել, որ առաջին 3-5 օրվա ընթացքում ԷՕԱ տվյալների իջեցումը կարող է լինել պատասխան ռեակցիա վնասվածքի նկատմամբ: Հետևաբար պետք է ստուգել կակղանի վիճակը նաև հետագայում: Ներհրված հոդախախտը հիմնականում ուղեկցվում է նյարդանոթային ցողունի վնասումով: Այս դեպքում ատամը վերատեղադրելուց հետո միանգամից հեռացնում են կակղանը, ինչով և կանխում են նրա քայքայումը և ատամի գունափոխումը: Լրիվ հոդախախտի դեպքում կատարվում է ատամի ռեպլանտացիա: Այս միջամտությունը հաջող է լինում պարոդոնտի հյուսվածքների անփոփոխ վիճակում:

Ռեպլանտագիան կատարվում է հետևյալ հաջորդականությամբ.
1)Ատամի էնդոդոնտիկ բուժում
2)Ատամի արմատի և ատամնաբնի մշակում հականեխիչ լուծույթներով
3)Ատամի տեղադրում ատամաբնի մեջ և ֆիքսում շինավորման միջոցով (որոշ դեպքերում շինավորումը պարտադիր չէ)

Հիվանդները վերցվում են դիսպանսեր հսկողության: Վնասվածքից հետո որքան արագ կատարվի ռեպլանտացիան, այնքան այն արդյունավետ կլինի: Վնասվածքից հետո 15-30 րոպեների ընթացքում ռեպլանտացիայի ենթարկված ատամի արմատը քայքայվում է աննշան, և ատամը պահպանվում է երկար տարիներ: Ուշացած դեպքերում արմատի քայքայումը ռենտգենաբանորեն նկատվում է միջամտությունից հետո առաջին ամսվա ընթացքում, արագ զարգանում է և մեկ տարվա ընթացքում քայքայվում է արմատի զգալի մասը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին