Ատամի պսակը սորորաբար սպիտակ է` երկնագույն (կաթնատամներ) կամ դեղնավուն (մշտական ատամներ) երանգով: Ատամի պսակի գունափոխման պատճառ կարող են հանդիսանալ տարբեր գործոններ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին:

Ներքին գործոններից են՝
1.Ծանր ընթացող վիրուսային հեպատիտը կամ խոլերան (ատամի կակղանում արյունազեղումների առաջացման հետևանքով ատամները ձեռք են բերում վարդագույն երանգ):
2.Մի շարք ընդհանուր հիվանդություններ. (լյարդի հիվանդությունների ժամանակ կարծր հյուսվածքներում բիլիռուբինի կամ բիլիվերդինի կուտակումները ատամին հաղորդում են դեղնականաչավուն կամ շագանակագույն երանգ:
3.Հղիության վերջին 6 ամիսների ընթացքում մոր (կաթնատամների համար) և մինչև 12 տարեկան հասակը երեխայի կողմից տետրացիկլինային շարքի հակաբիոտիկների ընդունումը (ատամները ձեռք են բերում մոխրադեղնավուն երանգավորում` («տետրացիկլինային ատամներ»):
4.Կակղանի մեռուկացում:

Արտաքին գործոններից են՝
1.Սննդային պիգմենտներ, որոնք առկա են թեյի, սուրճի, որոշ հատապտուղների մեջ:
2.Դեղանյութեր, որոնք օգտագործվում են բերանի խոռոչի ողողումների համար (քլորհեքսիդին, կալիումի պերմանգանատ, էտակրիդինի լակտատ, յոդ պարունակող նյութեր):
3.Արմատալիցք կատարելու համար նախատեսված որոշ մածուկներ` ռեզորցին – ֆորմալինային, «Պարացին»: Վերջիններս ատամի պսակին տալիս են նարնջագույն երանգավորում:
4.Արմատախողովակում էնդոդոնտիկ գործիքների կտորներ, արծաթե գամեր (տեղի է ունենում դրանց օքսիդացում, որի հետևանքով ատամի պսակը մգանում է և կորցնում փայլը):
5.Ծխախոտ (ատամները կարող են ձեռք բերել ամենաբազմազան երանգավորում` կապտավուն, սև, շագանակագույն և այլն):

Բուժում: Այն կախված է ատամի գունավորման պատճառից: Բնականոն գույնի վերականգնման համար կիրառում են կենդանի կամ դեվիտալ ատամների սպիտակեցում, վինիրների պատրաստում: Հաշվի առնելով փառի կարծրությունը նրա հեռացման համար օգտագործում են ռետինե գավաթիկներ, խոզանակներ, հղկիչ մածուկներ և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին