Ատամները ծամիչ ապարատի մի մասն են: Մարդու մոտ դրանք հանդես են գալիս երկու գեներացիաներով: Սկզբում առաջանում են ժամանակավոր կամ կաթնատամները, իսկ հետո՝ մշտականները: Ծնոտի խորշիկներոմ ատամներն ամրանում են խիտ շարակցական հյուսվածքով՝ պերիօդոնտով, որը ատամի վզիկի շրջանում առաջացնում է ատամի շրջանաձև կապանը: Ատամի կապանի կոլագենային թելերը հիմնականում ունեն ճառագայթային ուղղություն: Մի կողմից նրանք թափանցում են ատամի արմատի ցեմենտի մեջ, իսկ մյոս կողմից՝ ատամնաբնի ոսկրի մեջ: Պերիօդոնտը կատարում է ոչ միայն մեխենիկական, այլև սննդային ֆունկցիա, քանի որ նրա միջով անցնում են ատամի արմատը սնող արյունատար անոթներ:

Զարգացումը: Մարդու կաթնատամները սկսում են զարգանալ ներարգանդային շրջանի 2–րդ ամսվա վերջում, երբ բերանի խոռոչի էպիթելում ծագում է նախադռան ատամնային թիթեղը, որը լնդերը առանձնացնում է այտերից և շրթունքներից՝ առաջացնելով է բերանի խոռոչի նախադուռը: Միարմատ ատամների սաղմնադրման շրջանում նախադռան հարակից գլանիկի տեսքով աճում է երկրորդ էպիթելային արտափքումը, որը ձևափոխվում է ատամնային թիթեղիկի (lamina dentalis): Ատամնային թիթեղը բազմարմատ ատամների սաղմնադրման շրջանում զարգանում է ինքնուրույն, անմիջապես բերանի խոռոչի էպիթելից: Ատամնային թիթեղի ներքին մակերեսի վրա սկզբում հայտնվում են էպիթելային կուտակումներ՝ ատամնային ծլեր (germen dentis), որոնցից զարգանում են էմալային օրգանները (organum enamelium): Հետագայում յուրաքանչյուր բողբոջին ընդառաջ մեզենքիման սկսում է աճել ատամնային պտկիկի (papilla dentis) տեսքով, որը ներհրվում է էպիթելային օրգանի մեջ: Վերջինս նմանվում է երկպատ գավաթի կամ թասակի: Հետագայում այն աստիճանաբար անջատվում է ատամնային թիթեղից: Էմալային օրգանի բջիջները լինում են երեք տեսակի՝ ներքին, արտաքին և միջանկյալ: Ներքին էմալային էպիթելը, որը հարում է ատամնային պտկիկին, դառնում է բարձր և ձեռք է բերում պրիզմայաձև էպիթելի բնույթ: Հետագայում այն առաջացնում է էմալը (enamelum), որից այս էպիթելի բջիջները ստացել են էնամելոբլաստներ (enameloblasti, ameloblasti) անվանումը: Արտաքին էմալային էպիթելը օրգանի հետագա աճի պրոցեսում տափակում է, իսկ միջանկյալ շերտի բջիջները հեղուկի կուտակման հետևանքով ձեռք են բերում աստղաձև տեսք: Այսպես է առաջանում էմալային օրգանի պուլպան (կակղանը), որը հետագայում մասնակցում է էմալի կուտիկուլայի (cuticula enameli) առաջացմանը:

Ատամի սաղմը և ատամնային պտկիկը շրջապատող մեզենքիման, ատամի սաղմի զարգացմանը զուգընթաց, զգալի փոփոխությունների է ենթարկվում: Այն խտանում է և առաջացնում ատամնային պարկիկը (succulus dentis): 3–րդ ամսվա վերջում էմալային օրգանը ամբողջությամբ անջատվում է ատամնային թիթեղից: Սաղմնային զարգացման 4–րդ ամսում սկսվում է դենտինի հիստոգենեզը: Դենտին առաջացնողների՝ դենտինոբլաստների տարբերակումը վաղ է սկսվում և ավելի ակտիվ է ընթանում ատամի գագաթին, իսկ ավելի ուշ՝ կողմնային մակերեսներին: Դենտինոբլաստները մեզենքիմայի բնույթի բարձր գլանաձև բջիջներ են՝ հստակ արտահայտված բևեռային տարբերակմամբ: Նրանց գագաթային մասն ունի ելուստներ, որոնց միջով իրականանում է օրգանական նյութերի արտազատումը՝ առաջացնելով դենտինի մատրիցան՝ պրեդենտինը: Մատրիցային նախակոլագենային և կոլագենային թելերն ունեն ճառագայթային ուղղություն: Այս փափուկ նյութը լցնում է դենտինոբլաստների և էմալային օրգանի բջիջների էնամելոբլաստների միջև ընկած տարածությունը: Պրեդենտինի քանակն աստիճանաբար ավելանում է: Ավելի ուշ, երբ տեղի է ունենում դենտինի կալցիֆիկացիան, այս գոտին մտնում է թիկնոցային դենտինի կազմի մեջ: Դենտինի կրակալման փուլում կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի աղերը կուտակվում են փոքր բեկորների տեսքով, որոնք միավորվում են գլոբուլների: Հետագայում դենտինի զարգացումը դանդաղում է, իսկ պուլպայի մոտ հայտնվում են հարպուլպային դենտինի տանգենցիալ (շոշափողական) կոլագենային թելեր:

Սաղմնային զարգացման 5–րդ ամսվա վերջում ատամի ծլի պրեդենտինում սկսվում է կրային աղերի կուտակումը և վերջնական դենտինի ձևավորումը: Սակայն այս դեպքում պրեդենտինի կրակալման պրոցեսը չի ընդգրկում դենտինոբլաստների գագաթային ելուստները շրջապատող տեղամասերը: Սա առաջացնում է ճառագայթային խողովակների համակարգ: Բացի այդ, էմալին սահմանակից պրեդենտինի տեղամասերը նույնպես մնում են չկրակալված և կրում են ինտերգլոբուլյար տարածություններ անվանումը: Դենտինի զարգացմանը զուգահեռ ատամի սաղմում ընթանում է պուլպայի տարբերակման պրոցեսը, որում ֆիբրոբլաստների օգնությամբ աստիճանաբար առաջանում է նախակոլագենային և կոլագենային թելեր պարունակող հիմնական նյութը: Պուլպայի ծայրային մասերում՝ դենտինոբլաստների և պրեդենտինի տեղադրման շրջաններում, հիստոքիմիորեն ի հայտ են գալիս ֆերմենտներ, որոնք հիդրոլիզում են ֆոսֆատային միացությունները (ֆոսֆոհիդրոլազներ), որոնց շնորհիվ ֆոսֆատային իոնները հասցվում են դենտինին և էմալին: Էմալի առաջացումն ընթանում է քիչ ավելի ուշ: Էնամելոբլաստները էպիթելային բնույթի բարձր պրիզմայաձև, լավ արտահայտված բևեռային տարբերակմամբ բջիջներ են:

Էմալի առաջին սաղմերը երևում են կուտիկուլային թիթեղների տեսքով էնամելոբլաստների մակերեսին, որոնք դարձած են դեպի ատամի պսակի շրջանի դենտինը: Ըստ կողմնորոշման՝ այս մակերեսը հիմային է: Սակայն էմալի առաջացման սկզբից տեղի է ունենում կորիզի և բջջի օրգանոիդների (ցենտրոսոմ, Գոլջիի կոմպլեքս) տեղաշարժը կամ ինվերսիան դեպի բջջի հակառակ ծայրը: Արդյունքում էնամելոբլաստների հիմային մասը կարծես թե դառնում է գագաթային, իսկ գագաթայինը՝ հիմային: Բջջի բևեռների այս փոփոխությունից հետո, ամենայն հավանականությամբ, նրանց սնուցումը նույնպես կատարվում է էմալային օրգանի միջանկյալ շերտի միջոցով և ոչ թե դենտինի: Էնամելոբլաստների ենթակորիզային գոտում առաջանում են մեծ քանակությամբ ռիբոնուկլեինաթթուներ, իսկ գլիկոգեն և հիմային ֆոսֆատազաները ակտիվանում են: Էնամելոբլաստների վրայի կուտիկուլային թիթեղները ֆիքսացիայի դեպքում սովորաբար կնճռոտվում են և ստանում են բույթերի և ելուստների տեսք: Էմալի հետագա զարգացման ժամանակ ելուստներին հարակից տեղամասերի էնամելոբլաստների ցիտոպլազմաներում երևան են գալիս հատիկներ, որոնք աստիճանաբար տեղաշարժվում են ելուստների մեջ, որից հետո սկսվում է նրանց կրացումն ու նախաէմալային պրիզմաների առաջացումը: Էմալի հետագա զարգացման ժամանակ էնամելոբլաստները չափերով փոքրանում են և հեռանում դենտինից: Այս պրոցեսի վերջում՝ մոտավորապես ատամների ծկթման պահին, էնամելոբլաստները կտրուկ փոքրանում են և ապաճում, իսկ էմալը մնում է պատված միայն բարակ թաղանթով՝ կուտիկուլայով, որն առաջանում է պուլպայի միջանկյալ բջիջներից: Էմալային օրգանի արտաքին բջիջները ատամի ծկթման ժամանակ ձուլվում են լնդերի էպիթելի հետ և հետագայում քայքայվում: Էմալային պրիզմաների երևան գալու մասնակի ռեզորբցիան սովորաբար նպաստում է էմալի հետ նրա կապերի ամրացմանը և էմալի կրակալման ուժեղացմանը կալցիումի ազատված աղերով:

Ցեմենտի զարգացումն ընթանում է էմալից ուշ՝ ատամի ծկթումից քիչ առաջ, ատամի սաղմը շրջապատող մեզենքիմայից: Այն առաջացնում է ատամնային պարկիկը, որտեղ տարբերում են երկու շերտ՝ ավելի խիտ՝ արտաքին, և փուխր՝ ներքին: Ցեմենտի զարգացման պրոցեսում ատամնապտկիկի ներքին շերտում արմատի շրջանում մեզենքիմայից տարբերակվում են ցեմենտոբլաստները: Օստեոբլաստների ու դենտինոբաստների նման, ցեմենտոբլաստները սինթեզում են կոլագենային սպիտակուցներ, որոնք արտազատում են միջբջջային նյութ: Միջբջջային նյութի զարգացմանը զուգընթաց՝ ցեմենտոբլաստները վերածվում են ելուստավոր ցեմենտոցիտների: Ցեմենտոցիտները տեղակայված են խոռոչներում և դրանցից հեռացող խողովակիկներում: Ատամնապարկիկի արտաքին շերտը վերածվում է պերիօդոնտի: Այսպիսով, էմալային օրգանը կատարում է ամենից առաջ մորֆոգենետիկ դեր՝ որոշելով զարգացող ատամի ձևը: Մշտական ատամների սաղմնադրումը տեղի է ունենում ներարգանդային զարգացման 4–րդ ամսվա վերջում, 5–րդ ամսվա սկզբում: Մշտական ատամների սաղմերը նույնպես առաջանում են ատամնաթիթեղիկից և ստորադիր մեզենքիմայից: Մշտական ատամի սաղմը գտնվում է յուրաքանչյուր կաթնատամի տակ: Երեխայի կաթնատամների ծկթումը սկսվում է կյանքի 6–7–րդ ամսում: Այդ ժամանակ ձևավորված է միայն ատամի պսակը, իսկ ատամի ձևավորումը նոր է սկսվում: Կաթնային մեծ աղորիքները (մոլյարները) փոխարինվում են մշտական փոքր աղորիքներով (պրեմոլյարներով):

Մշտական մեծ աղորիքների աճը տեղի է ունենում կյանքի 1–4–րդ տարիներում: Սկզբում երկու ատամները (կաթնատամը և մշտականը) գտնվում են ընդհանուր ալվեոլում: Այնուհետև դրանց միջև ի հայտ է գալիս ոսկրային միջնապատը: Մշտական ատամները զարգանում են շատ դանդաղ: Երբ 6–7 տարեկանում կաթնատամները ընկնում են, օստեոկլաստները քայքայում են միջնապատը և ընկնող ատամի արմատը, իսկ մշտական ատամն սկսում է զարգանալ: Ինչպես և կաթնայինները, մշտական ատամները ևս դուրս են հրվում (ծկթում են) ճնշման տակ, որը առաջանում է ատամի պուլպայում՝ պայմանավորված շարակցական հյուսվածքի հիմնական նյութի առաջացմամբ: Մինչև ատամների ծկթումը սննդային և հանքային նյութերը (կալցիում, ֆոսֆոր, ֆտոր և այլն) նրա մեջ են անցնում միայն արյան միջոցով: Ծկթումից հետո մեծանում է թքի և հետևաբար նրա քիմիական բաղադրության դերը:

Կառուցվածքը: Ատամը ունի կարծր և փափուկ մասեր: Ատամի կարծր մասը էմալը, դենտինը և ցեմենտն են, իսկ փափուկ մասը՝ պուլպան:

Էմալ (enamelum): Ծածկում է ատամի պսակը, որը հաստանում է պսակի գագաթում (մինչև 3,5 մմ): Էմալը պարունակում է աննշան քանակությամբ օրգանական նյութեր (մոտ 3–4 %) և անօրգանական աղեր (96–97%): Անօրգանական նյութի մեջ ճնշող մեծամասնություն են կազմում կալցիումի կարբոնատները, ֆոսֆատները և մոտ 4 % կալցիումի ֆտորիդը: Էմալը կազմված է 3–5 մկմ հաստությամբ էմալային պրիզմաներից (prisma enameli):

Յուրաքանչյուր պրիզմա բաղկացած է բարակ ֆիբրիլյար ցանցից, որտեղ գտնվում են հիդրօքսիդապատիտների բյուրեղները և ունեն երկարացած պրիզմաների տեսք: Պրիզմաները տեղադրված են խրձերով, ծռմռված են և ընկած դենտինի մակերեսին գրեթե ուղղահայաց: Լայնական կտրվածքի վրա էմալային պրիզմաները սովորաբար բազմանկյուն են կամ գոգավորաուռուցիկ: Պրիզմաների միջև գտնվում է ավելի քիչ կրակալված սոսնձող նյութ: Շնորհիվ պրիզմաների S–աձև ծռվածության, երկայնակի կտրվածքի վրա ատամի մի մասը հատված է երկայնակի, իսկ մյուս մասը՝ լայնակի, որը պայմանավորում է մուգ և բաց էմալային զոլերի հերթագայությունը: Երկայնական կտրվածքներում կարելի է տեսնել էլ ավելի բարակ զուգահեռ գծեր: Դրանց ի հայտ գալը պայմանավորված է պրիզմաների աճի պարբերականությամբ, տարբեր գոտիների կրակալվածության տարբեր աստիճանով, ծամելու ժամանակ ուժային գործոնի ազդեցության արդյունքում առաջացող ուժագծերի՝ էմալի կառուցվածքի փոփոխմամբ: Էմալն արտաքինից պատված է բարակ կուտիկուլայով (cuticula enameli), որն ատամի ծամիչ մակերեսին արագ մաշվում է և տեսանելի է միայն նրա կողմնային մակերեսներին: Էմալի քիմիական կազմը փոխվում է՝ կապված օրգանիզմի նյութափոխանակության, հիդրօքսիապատիտի բյուրեղների լուծման և օրգանական մատրիցայի վերահանքայնացման արագացման հետ: Էմալի որոշակի սահմաններում անմիջականորեն բերանի խոռոչից ջուրը, իոնները, վիտամինները, գլյուկոզան և այլ նյութեր թափանցում են պսակի մեջ: Տվյալ դեպքում թուքը մեծ դեր ունի այդ նյութերի թափանցման համար: Թափանցումը մեծանում է թթուների, կալցիտոնինի, սպիրտի ազդեցության, ինչպես նաև՝ սննդի մեջ կալցիումի, ֆոսֆորի, ֆտորի և այլ նյութերի քիչ քանակի դեպքում: Էմալը և դենտինը միանում են ինտերդիգիտացիաների (մեջ ներհրված մատնանման արտափքումներ) օգնությամբ:
 
Դենտինը (dentinum) ատամների արմատի, վզիկի և պսակի մեծ մասն է: Այն բաղկացած է 28% օրգանական (գլխավորապես կոլագեն) և 72% անօրգանական (գլխավորապես կալցիումի և մագնեզիումի ֆոսֆատ՝ կալցիումի ֆտորիդի խառնուրդով) նյութերից: Դենտինը կազմված է հիմնական նյութից, որը հարուստ է խողովակիկներով (tubuli dentinalis): Հիմնական նյութը ունի մուկոպրոտեիդներով հարուստ կոլագենային թելեր, որոնք խրձերով են և ունեն առավելապես երկու ուղղություն՝ ճառագայթային և համարյա երկայնական կամ տանգենցիալ: Ճառագայթային թելերը գերակշռում են դենտինի արտաքին շերտում՝ թիկնոցային դենտինում, տանգենցիալները՝ ներքինում՝ հարպուլպային դենտինում: Դենտինի ծայրամասերում առաջանում են ինտերգլոբուլյար տարածությունները, որոնք դենտինի չկրակալված հատվածներն են և ունեն անհարթ գնդաձև մակերեսներով խոռոչների տեսք: Ամենամեծ ինտերգլոբուլյար տարածությունները ատամի պսակում են, իսկ փոքրերը՝ բազմաթիվ քանակով արմատում, որտեղ կազմում են հատիկավոր շերտ: Ինտերգլոբուլյար տարածությունները մասնակցում են դենտինի նյութափոխանակությանը: Դենտինի հիմնական նյութը թափանցված է դենտինային խողովակիկներով, որոնց միջով անցնում են ատամի պուլպայում տեղադրված դենտինոբլաստների ելուստները (տե°ս ստորև) և հյուսվածքային հեղուկը:

Խողովակիկները սկիզբ են առնում դենտինի ներքին մակերեսից և հովհարաձև գնալով՝ ավարտվում են նրա արտաքին մակերեսին: Դենտինոբլաստների ելուստներում կա ացետիլխոլինէսթերազա, որը մեծ դեր է խաղում նյարդային ազդակների փոխանցման գործընթացում: Դենտինի տարբեր հատվածներում խողովակիկների քանակը, ձևը և չափերը տարբեր են: Դրանք ավելի խիտ են պուլպայում: Արմատի դենտինում խողովակիկներն ամբողջ երկարությամբ ճյուղավորվում են, իսկ պսակում գրեթե ճյուղավորված չեն և բաժանվում են փոքր ճյուղերի միայն էմալի մոտ: Ցեմենտին սահմանակից դենտինային խողովակիկները նույնպես ճյուղավորվում են՝ առաջացնելով բերանակցվող կամարներ (արկադ): Որոշ խողովակիկներ թափանցում են ցեմենտի և էմալի մեջ՝ հատկապես ծամիչ թմբիկների շրջանում և ավարտվում սրվակաձև փքվածքներով: Խողովակիկների համակարգն ապահովում է դենտինի սնուցումը: Դենտինը էմալին միացման շրջանում սովորաբար ունի ժաներիզավոր եզր, որը նպաստում է դրանց ավելի ամուր միացմանը: Դենտինային խողովակիկների պատի ներքին շերտը ունի նախակոլագենային արգիրոֆիլ թելեր, որոնք ուժեղ հանքայնացված են՝ համեմատած դենտինի հիմնական նյութի հետ:

Դենտինի լայնական կտրվածքում կան շրջանաձև զուգահեռ գծեր, որոնց առկայությունը, պայմանավորված է դենտինի աճման պարբերականությամբ: Դենտինի և դենտինոբլաստների միջև գտնվում է պրեդենտինի շերտը կամ չկրակալված դենտինը, որը կազմված է կոլագենային թելերից և անձև նյութից: Ռադիոակտիվ ֆոսֆորով կատարված փորձերը ցույց են տվել, որ դենտինն աստիճանաբար աճում է պրեդենտինում՝ անլուծելի ֆոսֆատների շերտավորման ճանապարհով: Մեծահասակների մոտ դենտինի առաջացումը շարունակվում է: Այսպես՝ երկրորդային կամ փոխարինող դենտինը տարբերվում է դենտինային խողովակիկներից ոչ հստակ ուղղվածությամբ և բազմաթիվ ինտերգլոբուլյար տարածությունների առկայությամբ կարող է լինել ինչպես պրեդենտինում, այնպես էլ պուլպայում (դենտիկլիներ): Դենտիկլիներն առաջանում են նյութափոխանակության խանգարման, տեղային բորբոքային պրոցեսների ժամանակ, տեղակայվում են դենտինոբլաստների մոտ, որոնց ֆունկցիայով էլ պայմանավորված է դենտիկլիների առաջացումը: Դենտինի մեջ աղերի ոչ մեծ քանակություն կարող է թափանցել պերիօդոնտի ցեմենտի միջով:

Ցեմենտը (cementum) ծածկում է ատամի արմատը և վզիկը, որտեղից փոքր շերտի տեսքով կարող է անցնել էմալի վրա: Արմատի գագաթում ցեմենտը հաստանում է:
Ցեմենտը քիմիական բաղադրությամբ մոտ է ոսկորին: Ունի 30% օրգանական և 70% անօրգանական նյութեր, որոնց մեջ գերակշռում են կալցիումի ֆոսֆատը և կարբոնատը: Ըստ հյուսվածաբանական կառուցվածքի՝ տարբերում են բջջային կամ առաջնային և ոչ բջջային կամ երկրորդային ցեմենտ: Ոչ բջջային ցեմենտն առավելապես արմատի վերին, իսկ բջջայինը՝ ստորին մասում է: Բազմարմատ ատամներում բջջային ցեմենտը գլխավորապես արմատի ճյուղավորման տեղում է: Բջջային ցեմենտը ունի բջիջներ՝ ցեմենտոցիտներ, բազմաթիվ կոլագենային թելեր, որոնք չունեն որոշակի կողմնորոշում: Այս պատճառով բջջային ցեմենտն ըստ կառուցվածքի և կազմության համեմատվում է կոպիտ թելակազմ ոսկրային հյուսվածքի հետ: Ի տարբերություն նրա, այն չի պարունակում արյունատար անոթներ: Բջջային ցեմենտը կարող է ունենալ շերտավոր կառուցվածք: Ոչ բջջային ցեմենտը չունի ոչ բջիջներ, ոչ էլ ելուստներ: Այն կազմված է կոլագենային թելերից և դրանց միջև գտնվող անձև սոսնձող նյութից: Կոլագենային թելերն ունեն երկայնական և ճառագայթային ուղղություն: Ճառագայթային թելերն անմիջապես շարունակվում են պերիօդոնտի մեջ և հետո թափանցող թելերի տեսքով մտնում են ատամնաբնային ոսկրի կազմի մեջ: Ներսից դրանք միաձուլվում են դենտինի ճառագայթային կոլագենային թելերին: Ցեմենտը սնուցվում է պերիօդոնտի արյունատար անոթներից՝ դիֆուզ ձևով: Ատամի կարծր մասերում հեղուկի շրջանառությունը կատարվում է մի շարք գործոնների հաշվին՝ պուլպայի և պերիօդոնտի անոթների արյան ճնշմամբ, որը փոխվում է բերանի խոռոչում շնչառության, սննդի ընդունման, ծամելու ժամանակ: Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում դենտինային խողովակիկների՝ ցեմենտի բջիջների ելուստների հետ բերանակցումների առկայության տվյալները: Խողովակիկների այդպիսի կապը դենտինի համար լրացուցիչ սնուցող համակարգ է՝ կակղանում արյունամատակարարման խանգարման դեպքում (բորբոքում, կակղանի հեռացում, արմատի խողովակների ատամնալիցք, խոռոչի փակում և այլն):
 
Կակղանը (pulpa dentis) կամ ատամնամիջուկը գտնվում է ատամի պսակային խոռոչում և արմատային խողովակներում: Այն կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որը ունի երեք շերտ՝ ծայրամասային, միջանկյալ և կենտրոնական: Կակղանի ծայրամասային շերտը կազմված է բազմաելուստ տանձաձև բջիջների՝ դենտինոբլաստների մի քանի շարքերից, որոնք տարբերվում են բազոֆիլ ցիտոպլազմայով: Սրանց երկարությունը չի գերազանցում 30 մկմ, լայնությունը՝ 6 մկմ: Դենտինոբլաստի կորիզը գտնվում է բջջի հիմային մասում: Դենտինոբլաստի գագաթային մակերեսից դուրս է գալիս երկար ելուստ, որը մտնում է դենտինային խողովակի մեջ: Ենթադրվում է, որ դենտինոբլաստների այս ելուստներով դենտինը և էմալը ստանում են հանքային աղեր: Դենտինոբլաստների կողմնային ելուստները կարճ են: Դենտինոբլաստները իրենց ֆունկցիայով նման են օստեոբլաստներին: Դենտինոբլաստներում կա հիմային ֆոսֆատազա, որով ատամի հյուսվածքները ստանում են կալցիում: Ելուստներում կան նաև մուկոպրոտեիդներ: Պուլպայի ծայրամասային շերտը ունի չհասունացած կոլագենային թելեր, որոնք անցնում են բջիջների միջով: Միջանկյալ շերտում տեղադրված են չհասունացած կոլագենային թելեր և մանր բջիջներ, որոնք տարբերակվելով՝ փոխարինում են մահացած դենտինոբլաստներին: Կենտրոնական շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, թելերից և արյունատար անոթներից: Այս շերտի մեջ կան ադվենտիցիալ բջիջներ, մակրոֆագեր և ֆիբրոբլաստներ: Բջիջների միջև կան ինչպես արգիրոֆիլ, այնպես էլ կոլագենային թելեր: Ատամի կակղանում էլաստիկ թելեր չկան: Կակղանը որոշիչ դեր ունի ատամի սնուցան և նյութափոխանակության գործում: Կակղանի հեռացումը կտրուկ արգելակում է ատամի նյութափոխանակության պրոցեսները, խանգարում ատամի զարգացմանը, աճին և վերականգնմանը:
Ատամնալնդային միացումը: Ատամը ծնոտի խորշիկում ամրանում է պերիօդոնտի օգնությամբ և լնդի բազմաշերտ տափակ էպիթելի ու ատամի վզիկի կուտիկուլայի սերտաճման շնորհիվ: Ամրացման գոտու էպիթելն ավելի բարակ է, քան լնդի կողմնային նախադռան մակերեսինը: Ատամնալնդային միացման ամբողջականության խախտմամբ և գրպանի առաջացմամբ վերջիններս կարող են ախտահարվել և բորբոքվել:
Անոթավորումը և նյարդավորումը: Անոթները (վերծնոտային զարկերակի ճյուղեր) նյարդերի հետ (եռվորակ նյարդի ճյուղեր) ատամի խոռոչ են թափանցում ատամի արմատում տեղադրված հիմնական և հավելյալ խողովակների միջով: Զարկերակներն ատամի արմատ են մտնում մեկ կամ մի քանի ցողունիկներով: Կակղանում ճյուղավորվելով բազմաթիվ բերանակցվող մազանոթների՝ դրանք հետագայում հավաքվում են երակի մեջ: Կակղանում կան ոչ մեծ քանակությամբ ավշային մազանոթներ: Ատամի կակղանում նյարդերն առաջացնում են երկու հյուսակ՝ խորանիստ՝ կազմված գերազանցապես միելինապատ թելերից, և մակերեսային՝ ոչ միելինապատ թելերից: Կակղանի ընկալիչների սահմանային ճյուղավորումները կապված են կակղանի շարակցական հյուսվածքի անոթներին (բազմավալենտ ընկալիչներ): Դենտինոբլաստները խիտ ցանցապատված են եռվորյակ նյարդի բարակ վերջավորություններով: Դենտինի զգայունության պատճառը վերջնականապես լուծված չէ: Շատ հետազոտողներ ժխտում են դենտինային խողովակների մեջ նյարդերի գոյությունը՝ չնայած այդ խողովակիկների սկզբնական բաժիններում երբեմն կան վերջավորություններ: Հնարավոր է, որ դենտինային խողովակիկների ներքին բաժիններում տեղադրված նյարդային վերջավորությունների հիդրոդինամիկ գրգռմամբ ցավ առաջանա (դենտինային խողովակիկներով շրջանառող հեղուկի սյան ճնշման փոխանցում սահմանային զգացող նյարդերի վրա):

Տարիքային փոփոխություններ: 12–15 տարեկանում կաթնատամները փոխարինվում են մշտական ատամներով: Առաջինը ծկթում է մեծ սեղանատամը (առաջին աղորիք), հետո՝ կենտրոնական և կողմնային կտրիչները, 9–14 տարեկանում ծկթում են փոքր աղորիքները ու ժանիքները և միայն 20–25 տարեկանում՝ «իմաստության ատամները»: Տարիքի հետ կապված՝ աստիճանաբար փոփոխվում են ատամի քիմիական կազմը և կառուցվածքը: Ծամող մակերեսի էմալը և դենտինը մաղվում են: Էմալը կորցնում է իր փայլը և կարող է ճեղք առաջանալ, նրա վրա կուտակվում է հանքայնացված փառ: Էմալում, դենտինում և ցեմենտում օրգանական նյութերի քանակը նվազում է, իսկ անօրգանական նյութերինը՝ մեծանում: Դրանով պայմանավորված՝ էմալի, դենտինի և ցեմենտի թափանցելիությունը ջրի, իոնների, ֆերմենտների, ամինաթթուների և այլ նյութերի նկատմամբ ընկնում է: Տարիքի հետ դենտինի նորագոյացումը համարյա դադարում է, իսկ ատամի արմատում ցեմենտի քանակությունը մեծանում է: Կակղանը վատ սնուցման և անոթների սկլերոտիկ փոփոխությունների հետևանքով ապաճում է: Այդ ժամանակ բջջային տարրերի քանակը նվազում է: Դենտինոբլաստներում նկատվում է բջջային օրգանոիդների զգալի մասի հետաճ, բջիջների պինոցիտոզային ակտիվության անկում: Դենտինոբլաստները վերածվում են դենտինոցիտների, կոլագենային թելերը կոպտանում են: 40–50 տարեկանից հետո պերիօդոնտում նկատվում են անոթների սկլերոտիկ փոփոխություններ:

Վերականգնումը: Ատամը վերականգնվում է շատ դանդաղ և ոչ ամբողջական: Դենտինի վնասման, գրգռման կամ ոսկրափտման դեպքում կակղանի կողմից վնասված օջախի դիմաց քիչ քանակությամբ փոխարինող կամ երկրորդային դենտին է առաջանում: Այս պրոցեսն ուղեկցվում է կակղանի ծայրամասային շերտի վերականգնումով, միջանկյալ գոտու բջջային տարրերի տարբերակմամբ և դրանց՝ դենտինոբլաստների վերածման ճանապարհով: Կակղանի դենտինոբլաստային շերտում ատամի զարգացման բոլոր փուլերը ունեն բջիջներ, որոնք ընդունակ են պրոլիֆերացիայի: Դենտին առաջանում է վնասվածքից մոտավորապես երկու շաբաթ անց: Այս պրոցեսն սկսվում է պրեդենտինի ի հայտ գալով: Ի տարբերություն առաջնային հարպուլպայի դենտինի՝ երկրորդային դենտինի հիմնական նյութում թելերը դասավորված են խառը: 4–րդ շաբաթվա վերջում պրեդենտինը կրակալվում է: Փոխարինող դենտինի խողովակիկները դասավորված են անկանոն և քիչ են ճյուղավորված: Ատամի ցեմենտը վատ է վերականգնվում: Ատամի վնասվելուց հետո էմալը ընդհանրապես չի վերականգնվում: Էմալի վրա ախտածին ազդակներով ներգործելու դեպքում առաջանում են գերհանքայնացված գոտիներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին