Արյունաուղողային պատնեշՈւղեղը սնող արյան մազանոթների պատերը մի յուրահատուկ պատնեշ են ուղեղի միջբջջային նյութի և արյան միջև։ Այդ պատնեշը կոչվում է արյունաուղեղային (հեմատոէնցեֆալիկ)  կազմված էնդոթելիոցիտներից, նրանց միջբջջային ճեղքից, հիմային թաղանթից և, հավանաբար, նաև գլիայի աստրոցիտներից։ Որպես մեկուսացնող հյոավածքաարյունային պատնեշ, այն կանխում է արյան որոշ նյութերի, մասնավորապես սպիտակուցների, այդ  թվում նաև հակամարմինների, մուտքը դեպի միջնեյրոնային տարածություն։ Ուստի նրա կարևոր և բնորոշ պաշտպանական ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ ուղեղային հյուսվածքը պաշտպանում է աուտոիմունաբանական ռեակցիաների վտանգից։ Պատնեշի շնորհիվ ուղեղային հյուսվածքը զուրկ է իմունաբանական տոլերանաությունից» քանի որ նյարդային բջիջներին բնորոշ սպիտակուցները որպես հյուսվածքահամատեղելիության անտիգեններ մեկուսացված են օրգանիզմի սեփական իմուն համակարգից։

Ուստի օնտոգենեզի ընթացքում իմուն համակարգը այդ անտիգենները որպես հարազատ սպիտակուց չի ճանաչում։ Այդ պատճառով, ի տարբերություն նույն օրգանիզմի մի շարք այլ օրգանների և հյուսվածքների, արյունաուղեղային պատնեշի վնասման դեպքում ուղեղային հյուսվածքի սպիտակուցները T- լիմֆոցիտների կողմից կարող են ընդունվել որպես ոչ «սեփական» անտիգեններ և սկիզբ տալ աուտոիմունոլոգիական ռեակցիաների։ Արյան մեջ գտնվող որոշակի նյութեր գլյուկոզ, հանքային աղեր և այլն, հեշտությամբ մուտք են գործում պատնեշով և ապահովում նյարդային հյուսվածքի բնականոն կենսագործունեությունը։ Դրանց խտությունը արյան և միջնեյրոնային տարածության մեջ գրեթե նույնն է։ Արհեստական ճանապարհով արյան մեջ թափանցած շատ նյութեր նույնպես հեշտությամբ հայտնվում են նեյրոնների միկրոմիջավայրում։ Դրանցից են՝ ալկոհոլը, քլորոֆորմը, ստրիխնինը, մորֆինը։

Մինչդեռ յոդի, միացությունները, ազոտական աղերը, սալիցիլատները, մեթիլեն կապույտը, հակաբիոտիկները .(պենիցիլին, ստրեպտոմիցին) արյունաուղեղային պատնեշով չեն թափանցում։ Ուստի նյարդային հյուսվածքի մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար պետք է ընտրել դեղամիջոցների ներմուծման այլ ուղիներ։ Լ. Շտերնն առաջարկում է դեղանյութերը ներմուծել անմիջապես ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ։ Նման միջամտությունների ժամանակ չպետք է մոռանալ, որ որոշ նյութեր օրգանների գործունեության վրա ունենում են երկակի, հաճախ միանգամայն հակադիր ազդեցություն։ Հեյմանսի դասական փորձը ցույց է տալիս, որ արյան ադրենալինը սրտի վրա անմիջապես թողնում է դրական ազդեցություն, իսկ հասնելով թափառող նյարդի կենտրոնը և գրգռելով այն, սրտի վրա թողնում է բացասական ներգործություն։ Ծայրամասային և կենտրոնական նման հակադիր ազդեցություն է ունենում նաև ԱԵՖ-ը։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ ներմուծելիս այն գրգռում է անոթասեղմիչ կենտրոնը և նեղացնում անոթների լուսանցքը, իսկ ծայրամասային արյան մեջ լայնացնում է արյան անոթներր և իջեցնում արյան ճնշումը։ Արյունաուղեղային պատնեշի ֆունկցիան կարգավորվում է ինչպես արյան, այնպես էլ ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ գտնվող կենսաբանական ակտիվ նյութերով։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ կարող են լցվել նաև նեյրոնների և գլիայի բջիջների կողմից արտադրվող զանազան նյարդազատուկներ, որոնք նույնպես ներգործում են պատնեշի թափանցելիության վրա։ Դրանով դրանք մասնակցում են ուղեղի ֆունկցիաների ինքնակարգավորմանը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին