Արյան ծավալն ու բաղադրությունըԱրյան ծավալն օրգանիզմում հարաբերական հաստատուն մեծություն է և կազմում է մարմնի զանգվածի 6-8 %-ը։ 70կգ կշիռ ունեցող առողջ մարդու արյան ծավալը շուրջ 5լ է։ Արյան ծավալի մեծության բնականոն վիճակը կոչվում է նորմովոլեմիա և կարող է ենթարկվել չափավոր տատանումների։ Մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելուց հետո արյան ծավալը մեծանում է (հիպերվոլեմիա), իսկ ուժեղ քրտնազատության կամ լուծերի դեպքում կորցրած հեղուկների հաշվին այն փոքրանում է (հիպովոլէմիա)։ Սուր արյունահոսությունների ժամանակ արյան ծավալի 1/3 մասի միանվագ կորուստը մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Ֆիզիոլոգիական հանգստի պայմաններում ծայրամասային արյան միայն 55 %-ն է գտնվում շրջանառության մեջ, իսկ մնացած 45%-ը գտնվում է արյան պահեստատեղերում։ Դրանից շուրջ 20%-ը պահեստավորված է լյարդում, 15%-ը փայծաղում, իսկ 10%-ը ենթամաշկում։

Արյան հեղուկ մասը կազմող պլազմայում կախույթի ձևով գտնվում են արյան բջիջները (ձևավոր տարրերը)։ Արյան բջիջները երեքն են՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Արյան պլազման և ձևավոր տարրերը գտնվում են որոշակի ծավալային հարաբերության մեջ, որն արտահայտում են հեմատոկրիտով։ Հեմատոկրիտը ամբողջական արյան մեջ արյան բջիջների գրաված ծավալն է։ Այն որոշելու համար արյունը տեղավորում են 100 բաժանումներ ունեցող պիպետի մեջ և արագ ցենտրիֆուգում։ Արյան պլազման, ունենալով ավելի փոքր տեսակարար կշիռ, անջատվում է ձևավոր տարրերից։ Լեյկոցիտները և թրոմբոցիտները էրիթրոցիտների համեմատությամբ ավելի թեթև են և գրավում են պլազմային էրիթրոցիտների զանգվածի սահմանային շերտը, առաջացնելով այսպես կոչված լեյկոցիտային թաղանթ։

Առողջ տղամարդու հեմատոկրիտը 44-48% է, իսկ կնոջը 41-45%: Հեմատոկրիտը հոմեոստազի խստասահման ցուցանիշներից մեկն է և հաստատուն մակարդակի վրա պահպանվում է ինչպես ձևավոր տարրերի քանակի, այնպես էլ արյան պլազմայի բաղադրիչ մասերի կայուն քանակն ապահովող բարդ մեխանիզմների միջոցով։ Նման պայմաններում հարաբերորեն անփոփոխ է մնում նաև արյան բջիջների, մասնավորապես էրիթրոցիտների քանակը, քանի որ հեմատոկրիտի գերակշռող մասը պայմանավորված է էրիթրոցիտների քանակով։ Արյան բջիջների քանակի բնականոն վիճակը կոչվում է նորմոցիտեմիա։ Միայն բարձրադիր վայրերում մշտական բնակություն հաստատած մարդկանց հեմատոկրիտը կարող է մեծանալ ի հաշիվ էրիթրոցիտների քանակի ավելացման, որը տեղի է ունենում ի պատասխան մթնոլորտային օդի թթվածնի մասնական ճնշման անկման։ Բոլոր դեպքերում ձևավոր տարրերի քանակի ավելացումը (պոլիցիտեմիա) հեմատոկրիտի մեծացման պատճառ է դառնում։ Ընդհակառակը, արյան բջիջների քանակի անկումը (օլիգոցիտեմիա) բացասաբար է անդրադառնում հեմատոկրիտի մեծության վրա։

 


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին