Արյան ֆունկցիաներըԱրյունը որպես ներքին միջավայրի բաղադրիչներից մեկը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ֆունկցիաների մեջ։ Փոխադրիչ ֆունկցիան իր մեջ ընդգրկում է արյան մեջ գտնվող բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։ Մարսողական օրգաններում արյունը հարստանում է սննդարար նյութերով և դրանք փոխադրում դեպի բոլոր օրգաններն ու հյուսվածքները։ Դրանով արյունը մասնակցում է սնուցողական (տրոֆիկ) պրոցեսներին։ Թոքերում արյունը հարստանում է թթվածնով և այն փոխադրում դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը ածխաթթու գազ։ Դա արյան մասնակցությունն է շնչառական պրոցեսներին, որի շնորհիվ իրականանում է շնչառության էտապներից մեկը։ Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ։ Դրանով արյունը նպաստում է նաև արտազատական պրոցեսներին։

Արյան պաշտպանական ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման։ Լեյկոցիտներն ապահովում են բջջային իմունիտետ, ֆագոցիտոզ և այլն, թրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։ Արյան պլազման պարունակում է իմունոգլոբուլիններ, ոչ սպեցիֆիկ պաշտպանական սպիտակուցներ, մակարդիչ և հակամակարդիչ գործոններ և այլ պաշտպանական գործոններ։ Արյունը մասնակցում է նան հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորման և այլ պրոցեսների։ Մազանոթի զարկերակային հատվածում ջուրը և հանքային աղերը փոխադրվում են հյուսվածքային հեղուկի մեջ, իսկ մազանոթի երակային հատվածում այդ նյութերը հյուսվածքային հեղուկից կրկին վերադառնում են դեպի արյուն, նպաստելով նրանց հաստատուն մակարդակի պահպանմանը։ Արյան բուֆերային համակարգերը անմիջական մասնակցություն ունեն արյան pH-ի կայունացման պրոցեսում։

Արյան ջերմակարգավորման ֆունկցիան հատկապես դրսևորվում է ֆիզիկական ջերմակարգավորման պրոցեսում։ Ներքիե օրգաններում, կմախքային մկաններում կատարվող ուժգին ջերմագոյացման շնորհիվ արյան ջերմությունը ավելի բարձր է (37°С), քան մաշկի ջերմությունը (36,7°С): Տաք արյունը հոսելով մաշկի մազանոթներով, իր ջերմության մի մասը ֆիզիկական ճանապարհներով հաղորդում է արտաքին միջավայրին։ Ջերմատվության այս պրոցեսը ենթարկվում է խստագույն կարգավորման, որի շնորհիվ պահպանվում է մարմնի հաստատուն ջերմությունը։ Արյան հումորալ կարգավորիչի ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոնների, անիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։ Զարկերակային արյան միջոցով դրանք հասնում են համապատասխան օրգաններին և մասնակցում նրանց ֆունկցիաների կարգավորմանը։ Այսպես, ածխաթթու գազը գրգռում է ներշնչման կենտրոնը, հանքակորտիկոիդ հորմոնները կարգավորում են արյան Na+ի, K+ի, Cl-ի հոմեոստազը և այլն։

Հումորալ ճանապարհով են փոխադրվում նաև կրեատոր (create- ստեղծել) մակրոմոլեկուլների մի մասը, որի շնորհիվ իրականանում է այդ նյութերի տարածուն ազդեցությունը։ Դրանք սպիտակուցային մակրոմոլեկուլեեր են, որոնք արտադրվելով մեկ հյուսվածքում կարգավորիչ դեր են կատարում այլ հյուսվածքների նկատմամբ։ Կրեատոր նյութերը թափանցում են անմիջապես հարևան բջիջների մեջ կամ արյան միջոցով փոխադրվում դեպի այլ օրգաններ և հյուսվածքներ։ Դրանք թափանցում են բջջի կորիզի մեջ և ակտիվացնում բջջի ֆունկցիային համապատասխանող գեները։ Այսպես, օրինակ, սրտամկանի՝ հենքը կազմող շարակցական հյուսվածքի բջիջների արտադրած կրեատոր նյութերն անմիջապես մուտք են գործում կարդիոմիոցիտների մեջ, խթանում կծկողական սպիտակուցների սինթեզը և մեծացնում սրտամկանի կծկողական ուժը։ Իսկ նյարդային հյուսվածքի կողմից արտադրվող կրեատոր նյութերը արյան միջոցով հասնում են տարբեր հյուսվածքներ և օրգաններ, ապահովում նրանց տարբերակումը, բնականոն կառուցվածքը, հյուսվածքների միջև եղած փոխադարձ կապը։ Այս նյութերի անբավարարության դեպքում օրգանիզմը վաղաժամ ծերանում է, վարակների նկատմամբ դառնում է ավելի ընկալուն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին