Արյունն օրգանիզմի հեղուկ հյուսվածք է, որն անընդհատ շրջանառություն է կատարում անոթներում, ներթափանցում բոլոր հյուսվածքներն ու օրգանները և դրանց կապում միմյանց։ Արյունն ունի բազմակի ֆունկցիաներ՝ թթվածինը թոքերից տեղափոխում է դեպի հյուսվածքները, ածխաթթու գազը հյուսվածքներից հասցնում թոքերին, նյութափոխանակության արգասիքները՝ արտաթորության օրգաններին, սննդանյութերը՝ դրանց յուրացման տեղին ևն։ Ա. մասնակցում է օրգանիզմի ներքին միջավայրի (օսմոտիկ ճնշում, ջրի, հանքային նյութերի քանակ) կայունության և մարմնի ջերմաստիճանի պահպանմանը։ Այն պաշտպանում է օրգանիզմը վնասակար գործոնների ներթափանցումից։ 

Բնականոն պայմաններում տղամարդկանց արյան միջին քանակը 5200 մլ է, կանանցը՝3900 մլ։ Այն բաղկացած է հեղուկ մասից՝ պլազմայից (55-65%)  ձևավոր տարրերից (35-45%), որոնք առաջանում են արյունաստեղծ օրգաններում։ Արյան բջիջները և օրգանները, որտեղ դրանք գոյանում և քայքայվում են, կոչվում են արյան համակարգ։ Առողջ մարդու արյան կազմը բավականին կայուն է և պահպանվում է հատուկ կարգավորող մեխանիզմներով։ Արյունը հակազդում Է օրգանիզմի բոլոր փոփոխություններին ինչպես բնականոն վիճակներում, այնպես Էլ հիվանդությունների ժամանակ։ Արյան կազմության փոփոխությունները կարող են ախտորոշիչ նշանակություն ունենալ մարդու որոշ հիվանդությունների ժամանակ։ Դրանք խիստ արտահայտված են լինում արյան համակարգի հիվանդությունների դեպքում։

Արյան պլազման պարունակում է մոտ 90% ջուր, որը հիմնականում անցնում է մարսողության համակարգից, 7% սպիտակուց և տարբեր աղեր։ Արյան պլազման իր մեջ պարունակվող աղերի քանակով համապատասխանում է օվկիանոսի ջրին, որտեղ միլիոնավոր տարիներ առաջ գոյացել  են մարմնի փակ խոռոչ ունեցող 1-ին բազմաբջիջ էակները։
Պլազմայի բաղադրամասերից են տարբեր տեսակի սպիտակուցները, որոնք հիմնականում առաջանում են լյարդում։ Ըստ մոլեկուլի ձևի և չափերի սպիտակուցները բաժանվում են ալբումինների և գլոբուլինների։ Այդ սպիտակուցների մի մասը կատարում է նյութերի տեղափոխման ֆունկցիա, որով օրգաններն ու հյուսվածքներն՛ ապահովվում են սննդանյութերով, հորմոններով, մյուսները (իմունոգլոբուլիններ) ունեն պաշտպան, ֆունկցիա (տես Իմունիտետ)։ Գլոբուլինային սպիտակուցները (պրոթրոմբին, ֆիբրինոգեն) մասնակցում են արյան մակարդելիությանը։ Ֆիբրինոգենն ունի չլուծվող սպիտակուցի՝ ֆիբրինի վերածվելու հատկություն, որի շնորհիվ, արյունատար անոթը վնասվելիս, դրանից հոսող արյունը որոշ ժամանակ անց մակարդվում է։ Առաջանում է արյան մակարդուկ, որը խոչընդոտում է հետագա արյունահոսությանը։ Պլազման պարունակում է նաև սննդարար նյութեր (ածխաջրեր, ճարպային և այլ միացություններ), վիտամիններ, հորմոններ, ֆերմենտներ  արյան մակարդելիությունն ապահովող հատուկ նյութեր։ Բացի դրանցից, պլազմայում միշտ առկա են Նյութեր, որոնք առաջանում են օրգանիզմի կենսագործունեության ընթացքում (նյութափոխանակության արգասիքներ)  հեռացվում են երիկամների միջոցով։ Պլազմայի սպիտակուցներն էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինի, աղերի (հիդրոկարբոնատներ, ֆոսֆատներ) հետ միասին պահպանում են արյան մեջ ջրածնային իոնների կայուն կոնցենտրացիան՝ թույլ հիմնային ռեակցիայով (рН 7,39), որը կենսականորեն խիստ կարևոր է, քանի որ ապահովում է օրգանիզի կենսաքիմ. գործընթացների բնականոն ընթացքը։

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները։ Բացի դրանցից, պլազմայում գտնվում են նաև այլ բջիջներ։
Էրիթրոցիտները արյան կարմիր մարմնիկներ են, որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմի գազափոխանակության ապահովումն է շրջապատի միջավայրի հետ։ Մարդու էրիթրոցիտները կորիզազուրկ են՝ կազմված թաղանթից և սպունգանման նյութից, որոնց փոսիկներում պարունակվում է հեմոգլոբինը՝ երկաթ պարունակող գունակը (արյանը տալիս է կարմիր գույն)։ Հեմոգլոբինի միջոցով կատարվում է արյան շնչառական ֆունկցիան ։ Հեմոգլոբինի մոլեկուլը բաղկացած Է գլոբին սպիտակուցից և երկաթ պարունակող խմբից՝ հեմից։ Երբ էրիթրոցիտն անցնում է թոքերի մազանոթներով, հեմում պարունակվող երկաթը թթվածնի մոլեկուլի հետ առաջացնում է հեշտությամբ քայքայվող միացություն, իսկ այլ օրգանների անոթներով անցնելիս այն տալիս է թթվածինը և կապվում Շ02-ի հետ, որը հետագայում հեմից անջատվում է՝ էրիթրոցիտը կրկին թոքերի մազանոթների մեջ ընկնելիս։ Զարկերակով հոսող արյունը հագեցած է թթվածնով, ունի վառ կարմիր գույն, իսկ հյուսվածքների կողմից թթվածինը կլանվելուց և հեմոգլոբինը ածխաթթու գազի հետ կապվելուց հետո արյունը ձեռք է բերում մուգ կարմիր գույն (հոսում Է երակներով)։ Առողջ օրգանիզմում 1 մկլ արյունը պարունակում է 4-5 մլն էրիթրոցիտ։ Դրանց քանակի նվազումը, ձևափոխությունը, Էրիթրոցիտում հեմոգլոբինի քանակի պակասումը սակավարյունության բնորոշ ախտանշաններ են։ էրիթրոցիտների քանակի ավելացումը ևս ախտաբանության վկայություն է։

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներն են, ունեն տարբեր ձևի կորիզներ, որով էլ տարբերակվում են հատվածակորիզավորներ, լիմֆոցիտներ, մոնոցիտներ։ Որոշ լեյկոցիտների բջջապլազման պարունակում է առանձնահատուկ հատիկավորություն (գրանուլոցիտներ), մյուս լեյկոցիտներում մնան հատիկավորություն չկա (ագրանուլոցիտներ)։
Կախված այն բանից, թե լաբորատոր հետազոտությունների ժամանակ ինչպիսի ներկով են ներկվում լեյկոցիտները, տարբերում են նեյտրոֆիլներ, բազոֆիլներ և էոզինոֆիլներ։ Տարբեր լեյկոցիտներ ունեն որոշակի հատկանշական ֆունկցիա։ Լեյկոցիտներն օժտված են ակտիվ շարժվելու, արյան հունից դուրս գալու, միջբջջային տարածության մեջ տեղաշարժվելու հատկությամբ։ Դրանք կատարում են պաշտպանական ֆունկցիա, օրգանիզմում օտարածին նյութեր հայտնվելու, ցանկացած ախտահարումների դեպքում լեյկոցիտները, որպես վտանգի ահազանգ, թափանցում են մազանոթների պատերով և շարժվում դեպի ախտահարման աղբյուրը։ Այստեղ դրանք շրջապատում են օտարածին նյութին, որը կարծես սոսնձվում է լեյկոցիտների մակերեսին, ապա ընկղմվում դրանց մեջ, որտեղ և մարսվում Է։ Օտարածին նյութերը և կենդանի օրգանիզմները (բակտերիա, վիրուս, մանրադիտակային սնկիկներ ևն), ինչպես նաև օրգանիզմ թափանցած անկենդան նյութերը որսալու և կլանելու ակտիվ գործողությունը կոչվում է ֆագոցիտոզ, իսկ այդ իրականացնող լեյկոցիտները՝ ֆագոցիտներ։ Նման պայմաններում համապատասխան ազդանշան է գնում արյունաստեղծ օրգաններ, և դրանք սկսում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ առաջացնել։ Ֆագոցիտոզի երևույթին մասնակցում են նաև օրգանիզմի այլ՝ մինչ այդ հանգիստ վիճակում գտնվող բջիջներ, որոնք ''վտանգի ազդանշանն'' ստանալիս շարժվում են դեպի վնասվածքի վայր։ Նման բջիջները կոչվում են մակրոֆագեր։

Լեյկոցիտները, մակրոֆագերը և արյան մյուս ակտիվ բջիջները կլանում են ոչ միայն բակտերիաները և հիվանդածին գործոնները, այլև՝ վնասվածքի կամ հիվանդության ժամանակ մահացած բջիջները՝ մաքրելով օրգանիզմը ոչ կենսունակ, քայքայված նյութերից։ Լեյկոցիտների քանակը տարբեր մարդկանց օրգանիզմում տարբեր է։ Այն 1 մկլ արյան մեջ հավասար Է 4000-9000-ի։ Դրանց թիվը վաղ առավոտյան քիչ է, օրվա 2-րդ կեսին՝ շատ։ Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն տատանվել։ Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա։ Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե' լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։

Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված՝ ֆիզիոլոգ, լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։
Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության և ֆիզիոլոգ, այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպան, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիգ հիվանդությունների։ Լիմֆոցիտները լեյկոցիտների խմբի արյան բջիջներ են, որոնք կարևոր նշանակություն ունեն իմունիտետի գործում, դրանք ֆիքսում են թույները և մասնակցում բարդ սպիտակուցների՝ հակամարմինների առաջացմանը։ Վերջիններս խոչընդոտում են մանրէների բազմացմանը մարդու օրգանիզմում և դրանով ապահովում իմունիտետը։ Բացի դրանից, լիմֆոցիտները կարող են փոխարկվել, այսպես կոչված, պլազմատիկ բջիջների, որոնք գամմագլոբուլին են արտադրում։

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ հասնում է 180.000-320.000-ի։ Թրոմբոցիտները կարևոր են արյունահոսությունը դադարելու գործընթացում, արյունատար անոթը վնասվելիս դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում արյունատար անոթները սեղմող ու արյան մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է հետագա արյունահոսությանը։ Վիրահատություններից, արյունահոսությունից հետո նկատվում է արյան մեջ թրոմբոցիտների քանակի ավելացում, որն առանձին դեպքերում կարող է հանգեցնել թրոմբի առաջացման արյան անոթի լուսանցքում կամ սրտի խոռոչներում։ Նման երևույթը հաճախ առկա է երակների հանգուցավոր լայնացման, դրանց բորբոքման  ժամանակ։ Հնարավոր է նաև թրոմբոցիտների քանակի նվազում, օրինակ՝ դրանք արագ քայքայվում են դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացման, որոշ քիմ. նյութերով թունավորումների ժամանակ, որի հետևանքով ուժեղ արյունահոսություն է առաջանում։

Արյունաստեղծ օրգաններում են գոյանում արյան ձևավոր տարրերը։ Այդ օրգաններն են՝ ոսկրածուծը, փայծաղը և ավշահանգույցները։ Ոսկրածուծը գլխավոր արյունաստեղծ օրգանն է, որը լինում է կարմիր և դեղին։ Կարմիր ոսկրածուծի ամբողջ հյուսվածքը լցված է արյան հասուն բջջային տարրերով։ Մինչև 4 տարեկան երեխաների ոսկրային բոլոր խոռոչները լցված են ոսկրածուծով, իսկ մեծերի մոտ այն պահպանվում է տափակ ոսկրերում և խողռվակավոր ոսկրերի գլխիկներում։ Ի տարբերություն կարմիր ոսկրածուծի՝ դեղինում պարունակվում են ճարպային ներառումներ։ Ոսկրածուծում են առաջանում էրիթրոցիտները, լեյկոցիտների տարբեր ձևերը և թրոմբոցիտները։ Ավշահանգույցները  մասնակցում են արյունաստեղծմանը՝ առաջացնելով լիմֆոցիտներ և պլազմային բջիջներ։ Փայծաղը գտնվում է որովայնի խոռոչի՝ ձախ ենթակողային շրջանում և ամփոփված է ամուր պատիճով։ Փայծաղի մեծ մասը կազմված է, այսպես կոչված, կարմիր և սպիտակ կակղանից (պուլպա)։ Կարմիր կակղանը լցված է ձևավոր տարրերով, հատկապես էրիթրոցիտներով, սպիտակը կազմված Է լիմֆոիդային հյուսվածքից, որտեղ առաջանում են լիմֆոցիտները։ Փայծաղը արյան հունից որսում Է վնասված Էրիթրոցիտները, միկրոօրգանիզմները և օրգանիզմին օտար տարրերը, այստեղ առաջանում են նաև հակամարմիններ ։ Քանի որ օրգանիզմում արյան ձևավոր տարրերն անընդհատ քայքայվում են (օրինակ՝ թրոմբոցիտները 1 շաբաթ անց), ուստի արյունաստեղծ օրգանների հիմնական ֆունկցիան արյունը բջջային տարրերով լրացնելն Է։

Արյունաստեղծումն էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն Է։ Աաղմի արյունաստեղծումն սկսվում Է դեղնուցապարկում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում լյարդը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում Է ոսկրածուծում։ Ավշահանգույցներն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, փայծաղում արյունաստեղծումն սկսվում Է միայն ծնվելուց հետո։ Արյան բոլոր տարրերի սկիզբը, այսպես կոչված ցողունային բջիջներն են, որոնց մեծ մասն արյունաստեղծ օրգաններում գտնվում է հանգստի վիճակում։ Ցողունային բջիջներից առաջանում են էրիթրոցիտային, լեյկոցիտային և թրոմբոցիտային արյունաստեղծ ծիլերը, որոնցից, մի շարք փոխակերպումներից հետո, գոյանում են արյան ձևավոր տարրերը (Էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ)։ Ոսկրածուծի նախն, բջիջների վերջն, փոխակերպումը, այսինքն՝ հասունացումը, տեղի Է ունենում արյունաստեղծ օրգաններում։ Արյան հունի մեջ անցնում են բոլոր ֆունկցիաները կատարելու ունակ հասուն բջիջները։ Առողջ օրգանիզմում արյան բջջային կազմը և արյունաստեղծ օրգանները կազմում են մի համակարգ, որը շարժուն հավասարակշռության մեջ Է գտնվում, անընդհատ տեղի Է ունենում արյան «ծերացած» բջիջների քայքայում և նորերի առաջացում։ Նման հավասարակշռությունը կարգավորվում Է արյունաստեղծման հատուկ գործոններով՝ հեմոպոետիններով։ Արյան կորստի, արյան մեջ թթվածնի անբավարարության, բորբոքային երևույթների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակ արյունաստեղծումն ուժեղանում Է։ Դա կոչվում Է արյան ռեակտիվ փոփոխությունների վիճակ։ Որոշ հիվանդությունների  ժամանակ առաջանում Է տարբեր բնույթի սակավարյունություն։ Բացի դրանից, ոսկրածուծում կարող են առաջանալ ախտաբան, գործընթացներ, որոնց հիմն, արտահայտությունը արյան մեջ երիտասարդ (ոչ հասուն) բջջա¬յին տարրերի ավելացումն Է։

Արյունաստեղծ համակարգի հիվանդությունները խիստ բազմազան են։ Դրանք կարելի Է բաժանել 3 հիմնական խմբի, սակավարյունություններ, հեմոբլաստոզներ (լեյկոզներ և որոշ այլ ձևեր) և արյունահոսական նախատրամադրվածություն֊ներ։ Նշված հիվանդությունների պատճառները կարող են լինել ինչպես ժառանգ., այնպես Էլ ձեռքբերովի՝ կապված ներքին կամ արտաքին գործոնների հետ։ Այսպիսի բաժանումը պայմանական է, քանի որ արտաքին ազդակները մարդու օրգանիզմում կարող են ի հայտ բերել որոշ ժառանգական թերություններ։ Օրինակ՝ սալիցիլաթթվի (ասպիրինի) ընդունումից թրոմբոցիտների ժառանգական թերություն (կպչելիության պակասություն) ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ ուժեղ արյունահոսություն։ Իսկ եթե հիվանդը ասպիրին չընդունի, այդ թերությունը կարող Է ի հայտ չգալ։ Որոշ դեղանյութերի (սուլֆանիլամիդներ, հակաբիոտիկներ) առանց հսկողության, անկանոն ընդունումը կարող Է այնպես ճնշել ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան, որ արյունաստեղծ օրգաններն ի վիճակի չլինեն լրացնել քայքայված ձևավոր տարրերի տոկոսը։ ժառանգ, թերությունների մեջ բացահայտվել են հեմոգլոբինի երկաթ պարունակող խմբի (հեմի) առաջացման, արյան մակարդելիության համակարգի (Հեմոֆիլիա) խանգարումներ։ Արյունաստեղծ համակարգի որոշ հիվանդությունների պատճառներն առայսօր ամբողջությամբ պարզաբանված չեն։

Արյան բաղադրության փոփոխությունները, հիվանդության ձևը որոշում Է բժիշկը։ Ժամանակակից բժշկությունը մեծ հաջողությունների Է հասել արյունաստեղծ համակարգի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործում։ Կատարվում են նաև առողջ մարդկանց արյան հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս երբեմն իրեն հիվանդ չհամարող մարդու մոտ հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորում և այն բուժել ժամանակին։ ՀՀ Ռ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանության գիտական կենտրոնում կիրառվում են ոսկրածուծի, ավշային հանգույցների, փայծաղի և լյարդի ուսումնասիրության նորագույն մեթոդներ։. Արյան, արյունաստեղծ օրգանների բջիջներն ուսումնասիրվում են լուսային, ֆազակոնտրաստային և էլեկտրոնային մանրադիտակներով։ Կիրառվում են նաև հետազոտության ռենտգենաբանական և ռադիոիզոտոպային, բջջագենետիկական կենսաքիմիական մեթոդներ։ Ամբուլատոր բուժման դեպքում հիվանդը պետք Է խստորեն պահպանի նշանակված դեղանյութի ընդունման կարգը, լինի բժշկի հսկողության տակ, ժամանակին կատարի արյան անհրաժեշտ հետազոտությունները։ Նման հիվանդները պետք Է խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գրիպի համաճարակի դեպքում մարդաշատ վայրերում գտնվելուց, չմրսեն, երկար ժամանակ արևի տակ չմնան։ Բժշկի նշանակումները ճիշտ կատարելիս հիվանդը պահպանում է աշխատունակությունը, կանխարգելվում են ուղեկցող հիվանդություններն ու բարդությունները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին