Արյան թթվահիմնային հաշվեկշիռԱրյան pH-ը թույլ հիմնային է։ Զարկերակային արյան pH-ը կազմում է 7,4, իսկ երակային արյանը` 7,35: Այս տարբերությունը բացատրվում է երակային արյան ածխաթթվի բարձր քանակով։ Արյան pH-ը հոմեոստազի խստասահման ցուցանիշներից մեկն է։ Նրա տևական շեղումը նույնիսկ 0,1-0,2-ի սահմաններում կարող է մահացու լինել, քանի որ բոլոր ֆերմենտային պրոցեսները ընթանում են միայն բնականոն pH-ի պայմաններում։ pH-ի հաստատուն մակարդակը պահպանվում են արյան բուֆերային համակարգերի միջոցով, որոնք չեզոքացնում են արյան մեջ թափանցող թթու կամ հիմնային նյութերը։ Տարբերում են հեմոգլոբինային, ֆոսֆատային, կարբոնատային և սպիտակուցային բուֆերներ։

Հեմոգլոբինային բուֆերը բուֆերային համակարգերից ամենահզորն է , որին բաժին է ընկնում բոլոր բուֆերների գործունեության 75%-ը։ Այն կազմված է վերականգնված հեմոգլոբինից (H+Hb)  և նրա կալիումական աղից (KHb): H+Hb-ը ածխաթթվի համեմատությամբ ավելի թույլ թթու է։ Հյուսվածքներում, որտեղ ածխաթթվի մասնական (պարցիալ) ճնշումն ամենաբարձրն է, KHb-ը որպես թույլ թթվի աղ միանում է էրիթրոցիտների մեջ գոյացած ածխաթթվի հետ և կանխում արյան pH-ի թթվայինի կողմը շեղվելու վտանգը։ Իսկ փոխանակման ռեակցիայից ստացված H+Hb-ի դիսոցման աստիճանը շատ փոքր է։ Թոքերում CO2-ի հեռանալուց հետո արյան pH-ի հիմնայնացման վտանգը կանխվում է Н+Нb-ի միջոցով, որը O2-ի հետ միանալով առաջացնում է ածխաթթվի համեմատությամբ ավելի ուժեղ թթու` օքսիհեմոգլոբին (Н+НbO2):

Կարբոնատային բուֆերային համակարգն արյան բուֆերային համակարգում իր գործունեությամբ երկրորդ տեղն է գրավում։ Այն կազմված է H2C03 և NaHC03 (կամ КНСОз) համակարգից։ Արյան մեջ ածխաթթվից ավելի ուժեղ թթուների առկայության դեպքում ռեակցիան ընթանում է այդ թթվի և ИаНСОз-ի միջև։ Ռեակցիայից ստացված Н2СОз-ը վերածվում է H2O-ի և С02 -ի, որն արագությամբ հեռացվում է թոքերից։ Այս պրոցեսը շատ արագ է ընթանում և pH-ի կարգավորման մեջ շատ արդյունավետ է։ Արյան մեջ հիմնային նյութերի ի հայտ գալու դեպքում ռեակցիան ընթանում է բուֆերի Н2СОз-ի հետ, իսկ դրանց փոխազդեցությունից առաջացած նոր աղերը հեռանում են երիկամների միջոցով։ Մեզի pH-ը սովորաբար տատանվում է չափազանց լայն սահմաններում, իսկ արյան pH-ը պահպանվում է կայուն մակարդակի վրա։

Ֆոսֆատային բուֆերային համակարգը հանդես է գալիս NaH2P04 և Na2HPO4 ձևով։ NaH2P04-ը թույլ թթվային հատկություն ունի և արյան մեջ ավելի ուժեղ հիմքերի ներկայությամբ սկիզբ է տալիս ավելի թույլ հիմնային հատկություն ունեցող միացությունների։ Իսկ Na2HP04-ն օժտված է հիմնային հատկությամբ և փոխանակման մեջ է մտնում արյան մեջ մուտք գործած համեմատաբար ուժեղ թթուների հետ և չեզոքացնում դրանց։ Ստացված նոր աղերր հեռանում են երիկամներով։

Սպիտակուցային բուֆերային, համակարգի ֆունկցիան պայմանավորված է դրանց ամֆոտեր հատկությամբ։ Թթուների ներկայությամբ դրանք դրսևորում են հիմնային հատկություններ, իսկ հիմքերի ներկայությամբ՝ թթվային: Հյուսվածքների pH-ը 7,0-7,25 է, քանի որ նյութափոխանակության ժամանակ առաջանում են բազմապիսի թթուներ։ Բջիջների pH-ը կարգավորվում է սեփական սպիտակուցների և ֆոսֆատային բուֆերների օգնությամբ։ Այսպիսով բուֆերային համակարգերի և արտազատիչ օրգանների օգնությամբ ներքին միջավայրի pH-ը պահպանվում է անփոփոխ մակարդակի վրա։ Այս առումով որոշակի նշանակություն ունեն նաև մարսողական օրգաններից արտադրվող հյութերի pH-ի տատանումները: Արյան ավելցուկ Н+ իոնների մի մասը կարող է հեռանալ ստամոքսահյութի HCl-ի ձևով։ Չի բացառվում, որ որոշակի պայմաններում արյան pH-ը կարող է շեղվել թթվայինի (ացիդոզ), կամ հիմնայինի (ալկալոզ) կողմը։ Կապված նյութափոխանակության ավելի շատ թթու, քան հիմային նյութերի առաջացման հետ, ացիդոզի զարգացումն ավելի հավանական է։ Այս դեպքում pH-ի կարգավորման մեջ որոշիչ նշանակություն են ձեռք բերում նաև արյան հիմնային պահեստները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին