Երկար ժամանակ տիրում էր այն կարծիքը, որ բնականոն վիճակում անոթային լարվածությունը ստեղծվում է միայն սիմպաթիկ անոթասեղմիչ նյարդերի ազդեցության շնորհիվ։ Այժմ կասկած չկա, որ անոթային լարվածությունը ստեղծվում է ծայրամասային մեխանիզմներով, իսկ նյարդային ազդակները միայն կանոնավորում են այն՝ ապահովելով արյան վերաբաշխումը տարբեր անոթային շրջանների միջև։ Անոթների հարթ մկանները, նույնիսկ անոթների վրա ազդող բոլոր արտաքին նյարդային և հումորալ կարգավորող ազդեցությունները հանելուց հետո, մշտապես գտնվում են մասնակի կծկված վիճակում։ Դա այսպես կոչված մկանային ծագում ունեցող (միոգեն) հիմային լարվածությունն է։

Նրա ծագումը կապված է անոթային պատի տարբեր հատվածներում հարթ մկանային բջիջների առկայության հետ, որոնք օժտված են ինքնածին ռիթմիկ ազդակներ առաջացնելու ունակությամբ։ Այդ ազդակները տարածվելով մնացած հարթ մկանների վրա, առաջացնում են հիմային լարվածություն։ Տարբեր շրջաններում այն տարբեր չափ ունի և բավակաեին բարձր է կմախքային մկանների անոթներում և, հատկապես, բարձր փոխանակությամբ օժտված օրգաններում։ Միկրոշրջանառության հունում այն բնորոշ է զարկերակիկների, նախամազանոթային սեղմանների և հետմազանոթային երակիկների համար։ Հիմային լարվածությունն իրականացնում է արյունահոսքի տեղային ինքնակարգավորումը։ Գոյություն ունի ինքնակարգավորման մի քանի տեսություն։ Նրանցից մեկն ու ամենաընդունվածը մկանածին կարգավորումն է։ Մեկուսացված անոթային հատվածների վրա կատարած վարձերում ցույց է տրվել, որ անոթի ներսում հեղուկանցման ճնշման բարձրացումը հանգեցնում է նրա լուսանցքի նեղացմանը պատերի հարթ մկանների կծկման հետևանքով։

Այսպիսով, ներանոթային ճնշման բարձրացման ժամանակ անոթի պատի ձգվելը հանգեցնում է անոթի պտտի հիմային լարվածության ուժեղացման։ Եվ ընդհակառակը, ճնշման փոքրացումը բերում է անոթի պատի հարթ մկանների թուլացման։ Մեխանիկական ազդեցությունների նկատմամբ հարթ մկանների ակտիվության ինքնակարգավորման ռեակցիաները կոչվում են Բեյլիսի էֆեկտ։ Որքան մեծ է ներանոթային ճնշումն, այնքան ուժեղ են կծկվում մկանները։ Անոթային լարվածության վրա ազդեցություն է թողնում նաև այնպիսի ֆիզիկական գործոն, ինչպիսին ջերմությունն է։ Այսպես, արյան ջերմության բարձրացումը ուղեկցվում է ներքին օրգանների անոթների լայնացումով, որը կապված է նրանց պատերի հարթ մկանների թուլացման հետ։

Հիմային լարվածության վրա ազդեցություն են թողնում նաև մեխանիկական գործոնները, որոնք կապված են հանգստի և աշխատանքային վիճակում գտնվող կմախքային մկանների զարկերակիկների ձևի փոփոխությունների հետ։ Հանգստացող մկանում զարկերակիկները ձգված են, պահպանելով դիմադրող անոթների հիմային լարվածությունը։ Աշխատող մկանի կծկումը հանգեցնում է զարկերակիկների ձգվածության փոքրացման և անոթային պատի մկանածին հիմային լարվածության թուլացման։ Անոթները լայնանում են և տեղի է ունենում օրգանների աշխատանքային գերարյունություն։ Շնորհիվ հիմային լարվածության առկայության և նրա ինքնակարգավորման ունակության, արյունահոսքի ծավալային արագությունը մնում է անփոփոխ, իսկ օրգանների արյունամատակարարումը կայուն, անկախ համակարգային զարկերակային ճնշման տատանումներից։ Դա հատկապես արտահայտվում է ուղեղի, սրտի և երիկամների անոթներում։ Մկանածին ինքնակարգավորումը կախված չէ արտաքին ազդեցություններից և պահպանվում է նույնիսկ սիմպաթիկ նյարդերի հատումից հետո։

Անոթների մկանունքի կծկման աստիճանի վրա ուղղակի ազդեցություն են թողնում որոշ նյութեր, որոնք անհրաժեշտ են բջջային փոխանակության համար, կամ առաջանում են փոխանակության պրոցեսում։ Համատեղ դրանք կազմակերպում են ծայրամասային արյան շրջանառության փոխանակային ինքնակարգավորումը։ Նյութափոխանակային ինքնակարգավորման կարևորագույն նշանակությունը կայանում է նրանում, որ նա արյան տեղային հոսքը հարմարեցնում է օրգանիզմի ֆունկցիոնալ պահանջներին։ Այդ դեպքում հիմնականում գերակշռում են անոթալայնիչ ազդեցությունները։ Այսպես, սրտամկանի գերֆունկցիայի ժամանակ նյութափոխանակության արգասիքները լայնացնում են պսակային անոթները, ճնշելով սիմպաթիկ նյարդերի ազդեցությունը։ Անոթները լայնացնում են նաև Օշ-ի լարվածության իջեցումը, CO2-ի լարվածության և H+-իոեների խտության բարձրացումը։ Այսպես, արյան մեջ թթվածնի ցածր լարվածությունը (հիպոքսեմիա կամ վատ արյունամատակարարումը հանգեցնում է նախամազանոթային սեղմանների լայնացման, լավացնելով օրգանների արյունամատակարարումն և ապահովելու թթվածնի բավարար մուտքը դեպի հյուսվածքներ (բացասական հետադարձ կապի սկզբունք)։ Անոթների լայնացում է առաջացնում կաթնաթթուն, փոխելով միջավայրի pH-ը: Ուժեղ անոթալայնիչ ազդեցությամբ են օժտված ԱԵՖ-ը, ԱԿՖ-ը, ԱՄՖ-ը, ադենոզինը, ածխա– և ֆոսֆորաթթուները։ Անոթների պատերի լարվածության անկում կարելի է նկատել նաև կինինների, պրոստագլանդինների, հիստամինի և այլ նյութերի ազդեցության տակ։ Նրանք անմիջականորեն ազդում են անոթների պատերի հարթ մկանային բջիջների վրա։

Նյութափոխանակության արգասիքները, որոեք առավել մեծ չափերով առաջանում են օրգանի ինտենսիվ գործունեության ժամանակ, տեղում թողնում են անոթալայնիչ ազդեցություն, սակայն, ընկնելով արյան հոսքի մեջ, անմիջականորեն կամ ռեֆլեքսածին գոտիների քիմիական ընկալիչների միջոցով ցուցաբերում են անոթասեղմիչ ազդեցություն՝ բարձրացնելով ճնշող կենտրոնի լարվածությունը։ Այդ նյութերի կենտրոնական ազդեցությունը հանգեցնում է համակարգային զարկերակային ճնշման բարձրացման, սակայն տեղային կարգավորման շնորհիվ մեծանում է և այդ օրգաններով ընթացող արյան հոսքը։ Այսպես, աշխատող մկաններում նախամազանոթային սեղմանների վրա նյութափոխանակության արգասիքների անոթալայնիչ ազդեցության տակ գործող մազանոթների քանակն ավելանում է շուրջ 100 անգամ։ Այդ մազանոթների արյունալեցումը չի կարող բավարարվել միայն արյան հոսքի րոպեական ծավալի ավելացման հաշվին, որն աճում է ընդամենը 5-6 անգամ, շնորհիվ սրտի աշխատանքի ուժեղացման և հաճախացման, ինչպես նաև արյան հոսքի արագացման։

Աշխատող մկաններում արյան հոսքի ուժեղացումը տեղի է ունենում շնորհիվ արյան վերաբաշխման։ Այսպես, մկանային աշխատանքի ժամանակ նեղանում են մարսողական ուղու անոթները։ Մտավոր աշխատանքի ժամանակ լայնանում են ուղեղի անոթները, և նրանց արյունալեցումը ընթանում է այլ օրգանների անոթների սեղմման հաշվին։ Արյան վերաբաշխում է տեղի ունենում նաև հորիզոնական դիրքից ուղղաձիգի անցնելու ժամանակ։ Այդ դեպքում դժվարանում է արյան արտահոսքը ստորին վերջույթներից, որի պատճառով էլ փոքրանում է արյան վերադարձը դեպի սիրտ ն սրտային արտամղումը։ Տեղային մեխանիզմները արյան շրջանառության կարգավորման գործում անհրաժեշտ օղակ են հանդիսանում, չնայած, որ դրանք անբավարար են արյան շրջանառությունը օրգանիզմի կարիքներին հարմարեցնելու համար։ Վերջինս իրագործվում է շնորհիվ տեղային ինքնակարգավորող մեխանիզմների և կենտրոնական նյարդահումորալ կարգավորման փոխհամաձայնեցման։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին