Դիաստոլայի ժամանակ սրտի խոռոչների լցումը որոշվում է երակների արյան հոսքով։ Երակային համակարգը սկսվում է միկրոշրջանառության հունի հետմազանոթային երակիկներով և ավարտվում սիներակներով (վերին և ստորին) և չորս թոքային երակներով, որոնք բացվում են նախասրտերում։ Երակներն արյան արտատար անոթներն են, որոնք հյուսվածքներից հեռացնում են ածխաթթուն ու նյութափոխանակության արգասիքները։ Երակների պատերը օժտված են մեծ ձգողականությամբ և հարաբերական ցածր առաձգակաnությամբ։ Նրանք պարունակում են կոլագենային թելեր և թույլ արտահայտված մկանային շերտ։ Երակները տարողունակ անոթներ են, որոնք կարող են տեղավորել օրգանիզմի արյան շուրջ 70-80 %-ը։ Ուստի նրանք առավել չափով բնորոշում են արյան շրջանառության ողջ համակարգի ընդհանուր տարողությունն ու արյան հոսքի րոպեական ծավալը։

Երակների տարողությունը կարող է փոփոխվել՝ ինչպես պատերի մկանների կծկումից կամ թուլացումից, այնպես էլ՝ նրանցում առկա ճնշման տատանումներից։ Այսպես, եթե երակային համակարգում ճնշումը բարձրանում է մի քանի միլիմետրով, ապա արյան ծավալը ավելանում է 2-3 անգամ։ Հետևաբար, արյան մեծ և փոքր շրջանառության երակները հանդիսանում են տատանվող տարողությամբ օժտված արյան պահեստներ։ Երակները հիմնականում օժտված են փականներով։ Դրանք շարակցահյուսվածքային հիմք ունեցող էնդոթելի ծալքեր են, որոնք օժանդակում են դեպի սիրտ ընթացող արյան հոսքին ու կանխում նրա հետադարձ շարժումը։ Երակային ճնշումը կախված է երակների պատերի լարվածությունից և անոթային հունի տարողությունից։ Երակներով արյան տեղաշարժման հետ համրեթաց արյան ճնշումը նվազում է։ Այսպես, արյան մեծ շրջանառության երակիկներում այն հավասար է 15 մմ ս.ս, կրծքի խոռոչից դուրս գտնվող երակներում՝ 5-6 մմ ս.ս, կրծքի խոռոչի երակներում և նրանց աջ նախասրտի մեջ բացման տեղում այն համարյա հասնում է 0 մմ ս.ս. ու տատանվում է՝ կախված շնչառության փուլերից։

Ներշնչման րնթացքում, երբ կրծքավանդակը լայնանում է, դրանց արյան ճնշումը մթնոլորտայինից իջնում է, իսկ արտաշնչման պահին մեծանում է 2-3 մմ ս.ս. չափով։ Կրծքավանդակում գտնվող երակներում ճնշման բացասական դառնալը խիստ վտանգավոր է այդ երակների վնասման դեպքում։ Օդը ներշնչման պահին կարող է մուտք գործել երակ՝ առաջացնելով օդային խցան իր բոլոր բարդություններով։ Երակային ճնշման մեծությունը համարյա կախված չէ տարիքից ու սեռից, սակայն խիստ փոխվում է՝ կապված մարմնի դիրքից։ Մարմնի ուղղա¬իգ դիրքի դեպքում ամենաբարձր ճնշում նկատվում է ստորին ծայրանդամների երակներում։ Երակային ճնշման որոշման համար անհրաժեշտ է որպեսզի հետազոտվող երակը գտնվի սրտի մակարդակի վրա։ Դա կարևոր է, քանի որ կանգնած դիրքում ոտքերի երակների արյան ճնշման մեծությանը միանում է երակի մեջ լցված արյան սյան կշիռը։ Երակային հունի տրամագիծը զարկերակայինից լայն է։ Բացի դրանից, սրտի էներգիան հիմնականում ծախսվում է զարկերակներով արյունն առաջ մղելու վրա, և երակային համակարգի պահեստային էներգիան աննշան է, որի պատճառով երակային արյան հոսքը դանդաղում է։ Արյան հոսքի արագությունը միջին տրամագծի ծայրամասային երակներում կազմում է 6-14 սմ/վրկ, սիներակներում՝ 20 սմ/վրկ։ Երակիկներում և երակներում արյան հոսքը, որպես կանոն, ունի մշտական բնույթ։ Սրտին մոտ տեղադրված խոշոր երակներում առաջանում է ճնշման և արյան հոսքի արագության տատանումներ, որի հետևանքով առաջանում է նոր կարգի անոթազարկ՝ երակային անոթազարկ։

Երակային անոթազարկը այլ ծագում ունի, քան զարկերակայինը։ Այն պայմանավորված է նախասրտերի ու փորոքների սիստոլայով առաջացած դեպի սիրտ ընթացող արյան հոսքի դժվարացումով։ Սրտի այդ բաժինների սիստոլայի ժամանակ բարձրանում է երակային ճնշումն ու նրանց պատերը սկսում են տատանվել։ Այդ տատանումները հնարավոր և հարմար է գրանցել լծային երակի վրա։ Անոթազարկային ալիքի տարածման արագությունը հավասար է 1-2 մ/վրկ։ Ծայրամասային երակազարկը գործնականում հնարավոր չէ գրանցել։ Երակազարկի կորի վրա տարբերում են երեք ատամիկներ՝ а, с, v: a ատամիկը առաջանում է նախասրտերի սիստոլայի ժամանակ։ Այդ պահին արյան հոսքը երակներից դեպի սիրտ դադարում է, իսկ ճնշումը նրանց մեջ՝ աճում։ Դիաստոլայի պահին, երբ նախասրտերը թուլանում են, արյունը կրկին սկսում է մուտք գործել նրանց մեջ։ Առաջանում է երակային ճնշման անկում և երակազարկի կորագծի իջեցում։ Ապա կորի վրա առաջանում է с ատամիկը, որը պայմանավորված է լծային երակի մոտ տեղադրված քնային զարկերակի հրոցով։ Երակում առաջանում է ճնշման կարճատև բարձրացում։ с ատամիկից հետո սկսում է կորի անկումը, որին հաջորդում է նրա նոր բարձրացում՝ v ատամիկը։ Վերջինիս ծագումը պայմանավորված է նրանով, որ փորոքների սիստոլայի վերջում նախասրտերը լցված են արյունով և դա դժվարացնում է երակային արյան հոսքը դեպի նախասիրտ։ Արյունը կուտակվում է երակներում՝ լայնացնելով երանց պատերը։ V ատամիկից հետո նկատվում է կորագծի իջեցում, որը պայմանավորված է ներերակային ճնշման նվազումով, կապված փորոքների դիաստոլայի և նրանց մեջ՝ նախասրտերից արյան ներհոսքի հետ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին