Արյան փոխարինիչներ են համարվում արհեստական այն լուծույթները, որոնց ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունները նման են արյանը։ Բժշկության մեջ դրանց կիրառությունը սկսվել է դեռևս անցյալ դարում, երբ արյան խմբերը տակավին հայտնաբերված չէին։ Ներկայումս, ինչպես և նախկինում, արյան փոխարինիչները օգտագործվում են երկու նպատակով՝ փորձարարական և բուժական։ Փորձի պայմաններում արյան փոխարինիչները հարազատ միջավայր են ստեղծում փորձի ենթակա բջջի, հյուսվածքի կամ օրգանի համար։ Լ. Ռինգերի փորձերից հայտնի դարձավ, որ գորտի սրտի ինքնավար աշխատանքը ֆիզիոլոգիական` NaCl-ի 0,6%-ոց լուծույթի մեջ կարճ ժամանակամիջոցում դադարում է։ Այդ լուծույթին K+ի և Са2+ -ի քլորիդի համապատասխան քանակ ավելացնելուց հետո սիրտը երկար ժամանակ շարունակում է իր ռիթմիկ աշխատանքը։

Այս տվյալների հիման վրա առաջարկվեցին փոփոխաջերմ և կայունաջերմ կենդանիների արյան փոխարինիչ լուծույթներ, որոնք արյան պլազմային նմանվում են ոչ միայն օսմոսային, այլ նաև իոնային, pH-ի և այլ հատկություններով։ Գործնական բժշկության մեջ արյան փոխարինիչներ օգտագործում են տարբեր նպատակներով` կորցրած արյան ծավալի վերականգման, հակաշոկային, թունազրկող, բուժիչ դեղանյութերի ներմուծման, թթվածնի փոխադրման, հարաղիքային (պարէնտերալ) սնուցման նպատակով և ունեն տարբեր բաղադրություններ։ Աղային լուծույթների ամենաէական թերությունն այն է, որ նրանք զուրկ են սպիտակուցներից։ Այդ թերությունը վերացնելու և կոլոիդ վիճակ ապահովելու համար աղային լուծույթին ավելացնում են բնական կամ սինթետիկ պոլիմերներ։ Նախընտրելի են արյան սպիտակուցները, մասնավորապես ալբումինները։ Հաճախ օգտագործում են արյան չոր պլազմա, որն օգտագործելուց առաջ նոսրացնում են համապատասխան լուծույթներով։ Սինթետիկ պոլիմերների առավելությունն այն է, որ դրանք զուրկ են տոքսիկ և ալերգիկ ազդեցություններից։

Այդպիսին է օրինակ` դեքստրանը, որը համարվում է պոլիգլյուկինի և ռեոպոլիգլյուկինի հիմնական բաղադրիչը և ուղղակիորեն ցուցված է ծանր արյունահոսությունների, շոկի, վնասվածքային արյունահոսությունների ժամանակ։ Թունազրկող արհեստական լուծույթները պարունակում են ցածրամոլեկուլային նյութեր (պոլիվինիլ-պիրոլիդոն և այլն), որոնք մտնում են հեմոդեզի, հեմովինիլի բաղադրության մեջ։ Օսմոմիզամուղ ներգործություն ունեն մանիտոլ, սորբիտոլ պարունակող լուծույթները։ Հարաղիքային սնուցման անհրաժեշտության դեպքում օգտագործում են ճարպային էմուլսիաներ, սպիտակուցային հիդրոլիզատներ  ամինաթթուներ պարունակող արյան փոխարինիչներ։ Մեծ կիրառություն ունի նաև պահածոյացված I խմբի արյան էրիթրոցիտային զանգվածը։ Փոխներարկումից առաջ այն նոսրացնում են աղային լուծույթներով և օգտագործում որպես համընդհանուր արյան փոխարինիչ, որը փոխադրում է նաև թթվածին։ Կարճ ժամանակահատվածում Օշ-ի փոխադրումն ապահովելու համար առաջարկվում են նաև արյան պլազմայի այնպիսի փոխարինիչներ, որոնք պարունակում են հեմոգլոբինի մոլեկուլներ։ Գոյություն ունեն բազմաթիվ արյան փոխարինիչներ։ Կապված բազմազան ֆունկցիաների հետ, դրանց բաղադրությունն անընդհատ կատարելագործվում է և առավել համապատասխանում առաջադրված պահանջներին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին