Արյան մակարդումը (կոագուլյացիա) օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է, այսինքն` տեղի է ունենում արյունականգ (հեմոստազ)։ Մակարդման պրոցեսն ուսումնասիրող բնագավառը վերջին տասնամյակներում զարգանում է շատ արագ թափով։ Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ (կոագուլյանտներ)։ Ինչքան մեծ է մակարդման նշանակությունն արյունահոսությունների դեպքում, նույնքան այն վտանգավոր է ներանոթային պայմաններում, քանի որ արյունն իր ֆունկցիաներն իրականացնում է միայն հեղուկ վիճակում։ Առանձին օրգանը (սիրտ, ուղեղ) սնող անոթի խցանումը կարող է մահացու ելք ունենալ։

Ներանոթային մակարդումը սպառնամ է քաղաքակիրթ հասարակության մոտ 50%-ին։ Առողջ օրգանիզմում գոյություն ունեն բազմապիսի հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) գործոններ, որոնց շնորհիվ ներանոթային մակարդումը բացառվում է։ Դրանց գործունեությունը մակարդիչների հետ գտնվում է որոշակի հավասարակշռության մեջ։ Մակարդիչ և հակամակարդիչ գործոնների և դրանց կարգավորիչ մեխանիզմների միասնությունը ներկայումս ընդգրկում են մեկ ընդհանուր համակարգի` մակարդիչ համակարգի մեջ։ Վերջինս իր հերթին մտնում է արյան միացքավորման վիճակի կարգավորման (ԱՄՎԿ) համակարգի մեջ։ ԱՄՎԿ-ի բոլոր մեխանիզմներն ուղղված են արյան ծավալի և կոլոիդ վիճակի պահպանմանը։ Մակարդումը ֆերմենտային պրոցես է։ Ֆերմենտային տեսությունը հիմնադրվել է  XIX դարի վերջին Ա.Շմիդտի կողմից։ Այս տեսությունը, դիմանալով ժամանակի քննությանը, հարստանում և ամրապնդվում է նորանոր փաստերով։ Ներկայումս հայտնաբերված են բազմաթիվ մակարդիչ գործոններ և բացահայտված նրանց ազդեցության մեխանիզմները։ Մակարդիչ գործոնների մի մասը գտնվում է արյան պլազմայում , իսկ մյուս մասը արյան բջիջներում, մասնավորապես թրոմբոցիտներում և հյուսվածքային բջիջներում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին