Թոքերի օդափոխության կարողության, օդատար ուղիների ու շնչառության պատկերի (պատերն) գնահատման համար կիրառվում են տարբեր մեթոդներ, որոնցից հիմնականներն են՝

1. Շնչաչափություն (սպիրոմետրիա)՝ չափվում են շնչառական, ներշնչման պահեստային, արտաշնչման պահեստային ծավալներն ու ԹԿՏ-ը։ Գոյություն ունեն ջրային շնչաչափ և օդային ծավալաչափ (ոլյումոսպիրոմետր)։

2. Շնչագրություն (սպիրոգրաֆիա)՝ թոքերով անցնող օդի ծավալի գրանցումն է։ Գրանցվում են շնչառական, ներշնչման պահեստային, արտաշնչման պահեստային ծավալները (ՇԾ, ՆՊԾ, ԱՊԾ)։ Շնչագրության օգնությամբ կարելի է դատել թոքերով ներշնչման կամ արտաշնչման ժամանակ օդային հոսքերի արագության մասին, այսինքն՝ գնահատել շնչառության ծավալային արագությունը։
Շնչագրության օգնությամբ որոշում են ուժեղացած արտաշնչման ծավալը (Տիֆնոյի տետս), այսինքն՝ օդի այն ծավալը, որը խորը ներշնչումից հետո հեռացվում է թոքերից միավոր ժամանակի ընթացքում (սովորաբար 1 վրկ) ուժգնացած արտաշնչման միջոցով։ Ցուցանիշն արտահայտում են լ/վրկ-ով կամ %-ով՝ ելնելով թոքերի կենսական տարողությունից (ԹԿՏ)։ Այդ տեստը արտացոլում է շնչառական մկանունքի աշխատանքը (ներդրած ուժը), ինչպես նաև թոքերի պարենխիմայի մեխանիկական հատկությունները։ Այն հանդիսանում է օդափոխությունը սահմանափակող խանգարումների գնահատման ցուցանիշ։

3. Թոքագրություն (պնևմոգրաֆիա)՝ կրծքի վանդակի շարժումների գրանցում։ Այս մեթոդի օգնությամբ կարելի է որոշել շնչառական շարժումների հաճախությունը, ռիթմը, խորությունը։ Սակայն թոքագրությունը թույլ չի տալիս գաղափար կազմել թոքերի ծավալի ու տարողության մասին։

4. Թոքաարագագրություն (պնևմոտախոգրաֆիա) շնչառության երկարաժամկետ հետազոտության համար օգտագործվում են բաց բնույթի սպիրոմետրեր։ Այդ դեպքում գրանցվում եե ոչ թե շնչառական ծավալներ, ինչպես շնչաչափության ժամանակ, այլ օդային շթի ծավալային արագությունը։ Այդ նպատակով կիրառվում է թոքաարագագրիչ, որի հիմնական մասը փոքր   օդաշարժումային   դիմադրությամբ լայն խողովակն է։ Խողովակով օղի անցման ժամանակ նրա սկզբում և վերջում ստեղծվում է ճնշումների տարբերություն, որը հնարավոր է գրանցել։

Այդ տարբերությունն ուղիղ համեմատական է օդի շթի ծավալային արագությանը, այսինքն՝ օդի այն քանակին, որն անցնում է միավոր ժամանակի ընթացքում խողովակի լայնական կտրվածքով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին