Արտաքին ականջը կազմված է ականջի խեցուց, արտաքին լսողական անցուղուց և թմբկաթաղանթից: Ականջի խեցին կազմված է առաձգական աճառի բարակ թիթեղից, որը ծածկված է հազիվ նկատելի մազիկներով և ճարպագեղձերով: Այստեղ քրտնագեղձեր համարյա չկան: Արտաքին լսողական անցուղին խեցու առաձգական աճառի շարունակությունն է: Անցուղու մակերեսը ծածկված է մազեր և ճարպագեղձեր ունեցող բարակ մաշկով: Ճարպագեղձերից ավելի խոր դասավորված են խողովակակազմ գեջային գեղձեր (glandula ceruminosa), որոնք արտազատում են ականջային գեջ: Նրանց ծորանները բացվում են լսողական անցուղու մակերեսին կամ ճարպագեղձերի արտազատող ծորանների մեջ:

Գեջային գեղձերը լսողական խողովակում դասավորված են ոչ հավասարաչափ՝ ներքին երկու երրորդում նրանք կան միայն խողովակի վերին մասի մաշկում: Թմբկաթաղանթը ձվաձև է, փոքր–ինչ գոգավոր: Միջին ականջի լսողական ոսկրիկներից մեկը՝ մուրճիկը, իր կոթով ամրացված է թմբկաթաղանթի ներքին մակերեսին: Մուրճիկից թմբկաթաղանթին են անցնում արյունատար անոթներ և նյարդեր: Թմբկաթաղանթը միջամասում կազմված է երկու շերտից, որոնք առաջանում են սոսնձատու թելերի խրձերից և նրանց մեջ դրված ֆիբրոբլաստներից: Արտաքին շերտի թելերը դասավորված են ճառագայթաձև, իսկ ներքինը՝ շրջանաձև: Թմբկաթաղանթի վերին մասում սոսնձատու թելերի քանակը պակասում է: Առաձգական բարակ թելեր կան թմբկաթաղանթի ծայրամասում և կենտրոնում: Նրա արտաքին մակերեսը ծածկված է վերնամաշկի բարակ շերտով (50–60 մկմ): Ներքին մակերեսը, որը ուղղված է դեպի միջին ականջը, ունի շուրջ 20–40 մկմ հաստությամբ լորձաթաղանթ՝ ծածկված միաշերտ տափակ էպիթելով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին