Արգանդի վզիկի անատոմիական առանձնահատկություններԱրգանդի վզիկի ախտաբանությունը խիստ կապված է վզիկի անատոմիահիստոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ արգանդի վզիկի անատոմիային և հիստոլոգիային, մինչև դիսպլազիայի ներկայացումը։ Արգանդի վզիկի պատը կազմված է պինդ շարակցական հյուսվածքից, որի կոլագեն և էլաստիկ թելերի մեջ կան հարթ մկանային բջիջների խրձեր։ Մկանային հյուսվածքը, որը ներկայացված է շրջանաձև տեղակայված մկանային թելերով, հիմնականում գտնվում է արգանդի վզիկի վերին 1/3-րդ մասում։ Վերջիններիս ֆունկցիոնալ ակտիվությունն ապահովում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդավորումը։ Արգանդի վզիկի խողովակը իլիկաձև է։ Այս ձևը լավագույնս նպաստում է պարանոցային (ցերվիկալ) խողովակի սեկրետի (գեղձազատուկի) կասեցմանը դրա լուսանցքում։ Խողովակի երկարությունն արտաքին բացվածքից մինչև ներքին օղը ոչ ավելի, քան 4 սմ է, լայնությունը՝ մոտ 4 մմ։ Արգանդի վզիկի անատոմիահիստոլոգիական առանձնահատկություններից կախված տարբերակում են էկտոցերվիքս և էնդոցերվիկս։

Էկտոցերվիքսը արգանդի վզիկի հեշտոցային մասն է, որը ծածկված է 150-200 մկմ հաստության բազմաշերտ տափակ էպիթելով։ Արգանդի վզիկի այս մասի բազմաշերտ տափակ էպիթելը, ինչպես և հեշտոցի լորձաթաղանթը, դաշտանային պարբերաշրջանի ընթացքում հորմոնների ազդեցության տակ ենթարկվում է պարբերաշրջանային փոփոխությունների։
Էկտոցերվիքսի բազմաշերտ տափակ էպիթելը բաժանվում է 4 շերտի՝բազալ, պարաբազալ, միջանկյալ և մակերեսային։
Հիմնային (բազալ) շերտը տեղակայված է հիմային թաղանթի վրա և կազմված է խոշոր բազոֆիլային կորիզ ունեցող մի շարք մանր բջիջներից։ Կորիզը գրավում է բջջի մեծ մասը։ Այն բազոֆիլ է, հարուստ քրոմատինով։ Ցիտոպլազման զրկված է գլիկոգենից։ Բազալ թաղանթը բազմաշերտ տափակ էպիթելն անջատում է ցածում տեղակայված շարակցական հյուսվածքից։ Բազալ բջիջները, որոնք ապահովում են նորմալ բազմաշերտ էպիթելի աճն ու վերականգնումը (ռեգեներացիան), ախտաբանության ժամանակ ախտաբանական պրոլիֆերացիայի աղբյուր են։
Պարաբազալ շերտը ներկայացված է ավելի մեծ և խոշոր բազոֆիլ կորիզներ և ցիտոպլազմա ունեցող բջիջների 2-3 շերտով, որը գործնականում չի պարունակում գլիկոգեն։ Պարաբազալ բջիջներն ունեն բավական բարձր միտոտիկ ակտիվություն և ապահովում են բազմաշերտ տափակ էպիթելի վերականգնումը, մասնակցում դրա տարբերակմանն ու հասունացմանը։

Միջանկյալ շերտը բաղկացած է ոչ մեծ 6-12 շարքանի խոշոր պոլիգոնալ բջիջներից, որոնք պարունակում են քրոմատինի մանր հատիկավոր կառուցվածքներ։ Ցիտոպլազմայի մեջ է մտնում մեծ քանակությամբ գլիկոգեն, վերին շարքերի բջջային մասնիկներում սկսում է հայտնվել կերատին։
Վերին մակերեսային շերտը լավ տարբերակվում է դաշտանային պարբերաշրջանի պրոլիֆերատիվ փուլում՝ այն բաղկացած է 12-18 շարքանի խոշոր բջիջներից, որոնք առանձին կամ ոչ մեծ խմբերով են տեղակայված։ Այս բջիջների կորիզները փոքր են, պիկնոտիկ, աճի միտոտիկ առումով իներտ են (չեն պարունակում քրոմատին), ցիտոպլազման հարուստ է գլիկոգենով և կերատինով։ Բազմաշերտ տափակ էպիթելի արյան մատակարարումն իրականացվում է մազանոթների բարդ ցանցով, որը գտնվում է բազալ թաղանթի տակը։ Տափակ էպիթելի բջիջներում կերատինի առկայությունն ապահովում է լորձաթաղանթի ամրությունը, դրանով իսկ՝ դրա պաշտպանողական ֆունկցիան։ Պաշտպանողական ֆունկցիայի իրականացմանն է նպաստում նաև հեշտոցի մեջ արտազատվող թթուն, որը գոյանում է գլիկոգենի մետաբոլիզմի հետևանքով՝ հեշտոցային լակտոբակտերիաների մասնակցությամբ։

էնդոցերվիքսի (պարանոցի խողովակի) լորձաթաղանթը ծածկված է գլանաձև էպիթելային, բարձր մեկ շարքանի բջիջների շերտով։ էնդոցերվիքսի բջիջների ուլտրակառուցվածքը բնորոշվում է մեծ քանակությամբ լուսավոր վակուոլներով, որոնք կապված են ինչպես լորձի արտազատման, այնպես էլ ֆիլամենտոզ կառուցվածքի հետ։ Դրանց ֆունկցիան ոչ բավարար է բացահայտված։ Գլանաձև էպիթելի հիմնական ֆունկցիան սեկրեցիան (արտազատումն) է։ Ար¬տադրվող արտազատուկի (սեկրեցիա) քանակը և ֆիզիկաքիմիական հատկությունները կախված են դաշտանային պարբերաշրջանի փուլից։ Արտազատուկն ունի մեծ մասնակցություն բեղմնավորման գործում, ինչպես նաև պատնեշ է վարակի թափանցման համար։ Ծայրակցման հատված էկտոցերվիքսի բազմաշերտ տափակ և էնդոցերվիքսի գլանաձև էպիթելների միացման հատվածը կոչվում է անցումային գոտի։ Անցումային գոտու միջին լայնությունը 6 մմ է, դրա հիմնական տարրը «ծայրա¬յին գեղձերն են», որոնց ծորանների հուները լավ երևում են կոլպոսկոպիայի դեպքում, այստեղ ավելի հաճախ են տեղակայվում չարորակ պրոցեսներ։ Այսպիսով, գլանաձև էպիթելի անցումային հատվածը, որտեղ այն դառնում է տա¬փակ, կոչվում է անցումային գոտի։ Անցումային գոտու անատոմիական տեղակայումը կախված է տարիքից։ Անցումային գոտին հազվադեպ է տեղակայվում արգանդի արտաքին բացվածքի շրջանում, դրա տեղակայումը փոփոխվում է մարդու կյանքի ընթացքում։

Նորածնի մոտ այն տեղակայված է արգանդի վզիկի հեշտոցային մասում։ Հետագայում տեղի է ունենում էպիթելի տափակ բջիջների մետապլազիա (գլանաձև էպիթելը վերածվում է բազմաշերտ տափակ էպիթելի) և անցումային գոտու տեղաշարժ դեպի ար¬գանդի արտաքին բացվածքը (ճեղքը)։ Պարանոցային խողովակի լորձաթաղանթի գլանաձև էպիթելը բազմաշերտ տափակ էպիթելի անցման հատվածում լրացվում է պահուստային (ռեզերվային) պլյուրիպոտենտային շերտով, որոնք դասավորված են մի քանի շերտերով և ձևավորում են անհաս մետապլաստիկ էպիթելային շերտը։ Պահուստային բջիջները գտնվում են բազալ մեմբրանի գլանաձև, ինչպես նաև անցումային գոտու բազմաշերտ էպիթելի տակ։ Ռեզերվային բջիջների կորիզները կլոր են, համեմատաբար ավելի խոշոր, հավասար ընդգծված եզրագծերով, քրոմատինը հավասարապես բաշխված է։ Կանոնավոր դաշտանային պարբերաշրջանի դեպքում ռեզերվային բջիջներն ապահովում են գլանաձև էպիթելի վերականգնման պրոցեսը, սակայն հորմոնային շեղումների կամ բորբոքման դեպքում դրանք կարող են վերափոխվել տափակ էպիթելային բջիջների։ Հաստատված է, որ մետապլազիայի առաջացման մեջ զգալի դեր ունի հեշտոցի պարունակության рН, որն իր հերթին կախված է Lactobacillus spp.-ից: Այն հատվածը, որում տեղի է ունենում մետապլազիան, կոչվում է փոխակերպման գոտի։ Վերջինս սահմանափակվում է ելման (նորածինների մոտ) և ակտիվ (հետազոտման պահին համապատասխանում է բազմաշերտ տափակ և գլանաձև էպիթելի սահմանին) անցումային գոտիներով։

Ակտիվ անցումային գոտին ոչ մասնագիտական գրականության մեջ ուղղակի անվանում են անցումային գոտի։ Բջիջների հասունացմանը զուգընթաց անցումային գոտում տեղակայվող բջիջները գլիկոգեն են կուտակում, որի շնորհիվ կոլպոսկոպիական և բջջաբանական հատկանիշներով դադարում են տարբերվել նորմալ բազմաշերտ տափակ էպիթելից։ Դեպքերի մեծամասնությունում դիսպլազիան առաջանում է անցումային և հատկապես ակտիվ անցումային գոտում։ Արգանդի վզիկի վերին շուրթը երկու անգամ ավելի հաճախ է ախտահարվում, քան ստորինը։ Ժամացույցի պայմանական թվատախտակի ժամը երեքին և իննին համապատասխանող հատվածներում դիսպլազիան ծայրահեղ հազվադեպ է հանդիպում։ Դիսպլազիայի հատվածը կարող է մեծանալ, սակայն շատ դեպքերում այն դուրս չի գալիս անցումային գոտու սահմաններից, այդ պատճառով այն հստակ արտաքին սահմաններ ունի։ Գործընթացի մեջ միշտ ներգրավվում են անցումային գոտում գտնվող գեղձերի ծորանները։ Դրանցում դիսպլազիան ավելի վառ է արտահայտվում։ Գործնականում դա ունի մեծ նշանակություն, քանի որ դիսպլազիայի կրկնվելուց խուսափելու նպատակով գեղձերի ծորանները ամբողջությամբ պետք է հեռացվեն։

Նախնական անցումային գոտին մոտավորապես համապատասխանում է արտաքին հատվածի սահմանին, որում տեղակայված են Նաբոտի կիստաները և գեղձերի ծորանները։
Վերջիններս հայտնվում են արգանդի վզիկի միայն այն հատվածներում, որտեղ երբևէ գլանաձև էպիթել է եղել։ Մետապլաստիկ էպիթելի հասունացմանը զուգընթաց (ամբողջությամբ հասունացած մետապլաստիկ էպիթելը գոյացնում է ապաքինված անցումային գոտի) նվազում է վերջինիս զգայունությունը կանցերոգենների նկատմամբ, ինչի հետ կապված էլ դիսպլազիան սովորաբար առաջանում է ակտիվ անցումային գոտում։ Այսպիսով, դիսպլազիան ավելի հաճախ հայտնվում է սեռական հասունացման և հղիության ժամանակ, երբ ավելի ակտիվ է տեղի ունենում տափակ բջջային մետապլազիան։ Եթե արգանդի վզիկի դիսպլազիան չի զարգացել և կինը արդեն հետդաշտանադադարային հասակի է, ապա արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականու¬թյունը դրա մոտ նվազագույն է։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ կանցերոգեններն արգանդի վզիկի վրա հայտնվում են սեռական հարաբերության ժամանակ։

Trichomonas vaginalis, Chlamidia trachomatis, գենիտալ հասարակ հերպեսի և մարդու պապիլոմավիրուսային վարակների դեպքում սպերմայի հետազոտությունը ցույց տվեց, որ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացմանը նպաստում է միայն մարդու պապիլոմավիրուսը, որոշ հավանականությամբ նաև գենիտալ հասարակ հերպեսը։
Տափակ բջջային մետապլազիան ռեզերվային բջիջների բազմաշերտ տափակ էպիթելի դիֆերենցման պրոցեսն է։

Արգանդի վզիկի հեշտոցային մասի բազմաշերտ տափակ էպիթելում առանձնացնում են հետևյալ շերտերը. Արգանդի անատոմիոֆիզիոլոգիական առանձնահատկություններ
1.    բազալ շերտը բաղկացած է մեծ կորիզ ունեցող և ցիտոպլազմայով աղքատ միշարքանի ոչ հասուն բջիջներից,
2.    պարաբազալ շերտը բաղկացած է 2-4 շարքանի անհաս բջիջներից, որտեղ հաճախ նկատվում են միտոզներ,
3.    միջանկյալ շերտն ունի պոլիգոնալ ձևի և առատ ցիտոպլազմայով 4-6 շարքանի գլիկոգեն պարունակող բջիջներ։ Լույսի տակ մանրադիտակային զննումով բջիջների արանքում երևում են կապակցումներ.
4.    մակերեսային շերտը բաղկացած է փոքր մոնոմորֆալ կորիզներով և գլիկոգենով հարուստ ցիտոպլազմայով 5-8 շարքանի տափակ բջիջներից։ Ավելի մակերեսային բջիջներում նկատվում է կարիոպիկնոզ, դրանք հետզհետե պլոկվում են։
Գլանաձև էպիթելը ներկայացված է մեկ շարքանի գլանաձև բջիջներով։ Բազալ մասում գտնվում է կլոր կորիզը, ապիկալում՝ լորձը։ Արգանդի վզիկի խողովակի գլանաձև էպիթելը կազմում է բազմաթիվ ծալքեր և թավիկներ (խավամազիկներ)։ Մետապլազիայի դեպքում դրանց տեղում գոյանում են անցքեր, որոնք հիշեցնում են գեղձերի ծորանները։ Չնայած, որ դրանք իրական գեղձերը չեն. սակայն կոլպոսկոպիային նվիրված գրականության մեջ լայն կիրառում ունի "գեղձերի ծորաններ" տերմինը։

Մետապլաստիկ էպիթել
Մետապլաստիկ էպիթելը, որը տեղակայվում է ակտիվ անցումային գոտում, զարգանում է գլանաձև էպիթելի ռեզերվային բջիջներից։ Դրանց պրոլիֆերացիան հավանաբար խթանում է հեշտոցի թթվային պարունակությունը։ Առաջին հերթին մետապլազիայի են ենթարկվում գլանաձև էպիթելի թավիկների գագաթները։ Անհաս մետապլաստիկ բջիջների կորիզը խոշոր է, ցիտոպլազման՝ սակավ, չի պարունակում գլիկոգեն։ Հասունացման և բաժանմանը զուգընթաց մետապլաստիկ բջիջները լցվում են գլիկոգենով և ձևավորում բազմաշերտ տափակ էպիթելի 4 շերտերը։ Թավիկի կենտրոնական արյունատար անոթը անհետանում է, էպիթելը հարթվում, իսկ անոթային ցանցն ընդունում է սովորական տեսք։ Մետապլազիայի է ենթարկվում նաև ծալքերի էպիթելը, ինչի հետևանքով դրանք անհետանում են։ Երբեմն այս գործընթացը խախտվում է, ծալքի խորքում մնում է գլանաձև էպիթել, որն արտադրում է լորձը։ Եթե ծալքը ամբողջությամբ չի ծածկվում մետապլաստիկ էպիթելով, գոյանում է բաց ծորանով գեղձ, եթե ամբողջությամբ է փակվում՝ նաբոտյան կիստա է գոյանում։ Ինչպես նշվել էր, փոխակերպման գոտու արտաքին սահմանը, այսինքն սկզբնական գոտին, համապատասխանում է այն հատվածի արտաքին սահմանին, որի վրա են տեղակայվում նաբոտյան կիստաները և գեղձածորանները։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին