Անոթների նյարդավորումԱնոթային լարվածության (տոնուս) ձևավորմաևը մասնակցող գործոններից մեկը անոթի պատի արտատար (Էֆերենտ) նյարդավորումն է, որն ապահովում է անոթասեղմիչ (վազոկոնստրիկցիա) ազդեցություն։ Անոթների հարթ մկանները մշտապես գտնվում են սիմպաթիկ նյարդերով հաղորդվող լարումային ազդակների ազդեցության տակ։ Սիմպաթիկ ազդեցությունները ձևավորվում են անոթաշարժ կենտրոնում և ապահովում են անոթների պատի որոշակի լարվածությունը։ Սիմպաթիկ նյարդերի անոթասեղմիչ ազդեցությունը առաջին անգամ ցույց է տրվել Վալտերի կողմից (1842թ.) գորտի լողաթաղանթի վրա։ Սիմպաթիկ թելեր պարունակող նստանյարդի հատման ժամանակ լողաթաղանթի անոթները լայնացել են։ Ավելի ուշ Կ.Բեռնարը (1851թ.) սիմպաթիկ նյարդի անոթասեղմիչ ազդեցությունը ցույց է տվել ճագարի ականջի վրա։ Նա կատարել է պարանոցային սիմպաթիկ նյարդի միակողմանի հատում (կամ պարանոցային վերին հանգույցի հեռացում), որի հետևանքով առաջացել է հատման կողմի ականջի անոթների կտրուկ լայնացում։ Այն արտահայտվել է ականջի մաշկի կարմրումով, նրա ծավալի մեծացումով և ջերմաստիճա¬նի բարձրացումով։

Կտրված սիմպաթիկ նյարդի ծայրամասային հատվածի գրգռու¬մը առաջացրել է ականջի գունատում և նրա ջերմաստիճանի իջեցում։ Դա տեղի է ունենում ականջի անոթների նեղանալու հետևանքով։ Որովայնի խոռոչի օրգանների անոթների համար հիմնական անոթասեղմիչ է հանդիսանում ընդերային նյարդը։ Սիմպաթիկ անոթասեղմիչ նյարդեր ծայրանդամները ստանում են ողնուղեղային խառը նյարդերի կազմում, ինչպես նաև անոթների պատերի արտաքին շերտով (ադվենտիցիա):Այդ նյարդերի հատումն ուղեկցվում է անոթների լայնացումով և արյան հոսքի ուժեղացումով։ Նկարագրված փորձերից հետևում է, որ սիմպաթիկ նյարդաթելերը հանդիսանում են անոթների լարումը պահպանող գլխավոր անոթասեղմիչներ։ Սիմպաթիկ նյարդերի կարգավորող դերը ավելի հստակ է դրսևորվում սիմպաթազերծված կատուների մոտ։ Նման կենդանիների մոտ դիտվող աեոթալայնացման հետևանքով նույնիսկ չեչին արյունահոսությունն առաջացնում է արյան ճնշման կտրուկ իջեցում։

Սիմպաթիկահատումից հետո նյարդազերծված օրգանում հայտնաբերված անոթների լայնացումն անսահման չէ, այն սահմանափակվում է հիմային լարվածությամբ։ Անոթի տրամագիծն այդ դեպքում ամբողջությամբ որոշվում է այդ լարվածությամբ։ Հիմային լարվածությունը կապված է անոթային պատի հարթ մկանների որոշ հատվածներում գտնվող ինքնավարության օջախների հետ, որտեղ առաջանում են ռիթմիկ ազդակներ և հաղորդվում անոթի պատի երկայնքով։ Անոթասեղմիչ նյարդաթելերից բացի գոյություն ունեն նյարդաթելեր, որոնց գրգռումը առաջ է բերում անոթների լայնացում (վազոդիլյատացիա)։ Անոթալայնիչները առաջին անգամ հայտնաբերել են Մ. Շիֆը և ապա Կ.Բեռնարը։ Թմբկալարի (պարասիմպաթիկ դիմային նյարդի ճյուղ) գրգռման ժամանակ նկատվել է ենթածնոտային գեղձի և լեզվի անոթների լայնացում։ Անոթալայնիչ ազդեցություն դիտվել է նաև այլ պարասիմպաթիկ նյարդերի գրգռման ժամանակ՝ լեզվաըմպանայինի. որի գրգռումը առաջացնում է նշագեղձերի, հարականջային գեղձի, լեզվի հետին երրորդի անոթների լայնացում, վերին կոկորդային նյարդի (թափառող նյարդի ճյուղ), որի գրգռումը առաջ է բերում կոկորդի լորձաթաղանթի և վահանաձև գեղձի անոթների լայնացում։ Կոնքային նյարդի գրգոման ժամանակ լայնանում են տղամարդու սեռական օրգանների անոթները։ Այդ նյարդաթելերը պարասիմպաթիկ են, նրանց վերջույթներում արտադրվում է ացետիլխոլին։

Սակայն ոչ բոլոր անոթալայնիչներն են պատկանում պարասիմպաթիկ նյարդային համակարգին, և ոչ բոլոր պարասիմպաթիկ թելերն են հանդիսանում անոթալայնիչներ։ Անոթալայնիչ ազդեցություն են թողնում նաև խառը սիմպաթիկ նյարդերը, որոնց կազմում կան ինչպես անոթասեղմիչ, այնպես և անոթալայնիչ նյարդաթելեր։ Անոթասեղմիչների վերջույթներում արտադրվում է նորադրենալին, որի հետ կապված այդ թելերը կոչվում են ադրենէրգիական, իսկ անոթալայնիչների վերջույթներում՝ ացետիլխոլին և դրանք կոչվում են խոլինէրգիական թելեր։ Որովայնի խոռոչի օրգանների անոթների համար այդպիսի խառը սիմպաթիկ նյարդ է հանդիսանում ընդերային նյարդը, իսկ վերջույթների մկանների համար՝ողնուղեղային նյարդերը։
Մաշկի անոթալայնիչ նյարդերը, ունեն մարմնական ծագում։ Նրանք ընթանում են հետին արմատիկների կազմում։ Եթե գրգռենք ողնուղեղի հետին արմատիկների ծայրամասային հատվածները, ապա անոթների լայնացում նկատվում է մաշկի այն շրջաններում, որոնց զգացող նյարդաթելերն ընթանում են գրգռվող արմատիկի կազմում։ Անոթների նման լայնացում և մաշկի կարմրում դիտվում է նան մաշկի գրգռման ժամանակ։

Համաձայն Բեյլիսի տեսության, մաշկի ընկալիչներից սկսվող զգացող նյարդաթելերը, որոնք ընթանում են հետին արմատիկների կազմում, մինչև ողնուղեղ մուտք գործելը տալիս են կողմնաճյուղեր մաշկի անոթներին։ Մաշկը գրգռելիս այդ կողմնաճյուղերով գրգիռները հասնում են անոթներին և նրանց լայնացնում։ Այդ ռեֆլեքսը ստացել է աքսոն-ռեֆլեքս անվանումը։ Լ.Ա.Օրբելին լրացրել է Բեյլիսի տեսությունը։ Ըստ նրա տեսության մաշկի ընկալիչներից ընթացող ազդակները զգացող (աֆերենտ) նյարդաթելերով մուտք են գործում ողնուղեղ, և ավարտվում ողնուղեղի կողմնային եղջյուրներում գտնվող պարասիմպաթիկ բջիջների վրա։ Այդ բջիջներից սկսվող նյարդաթելերը դուրս գալով ողնուղեղից, միջողնային հանգույցների ընկալիչ բջիջների վրա ձևավորում են սինապսներ և զգացող նյարդի կողմեաճյուղով գրգիռներ հաղորդում անոթներին։ Մաշկային անոթալայնիչների ազդեցության մեխանիզմների վերաբերյալ գոյություն ունի նաև այլ կարծիք, մաշկի ցավային ընկալիչներից ընթացող զգայական նյարդաթելերի գրգռումը ընկալիչների թաղանթում առաջացնում է ացետիլխոլին, հիստամին, ԱԵֆ-ի կամ Р նյութի բնույթի անոթալայնիչ նյութեր, որոնք առաջ են բերում մաշկի գրգռած շրջանի անոթների լայնացում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին